09.04.2018 | 
Գիտություն
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՖԻԶԻԿԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԹԱԿՈՒՄ
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՖԻԶԻԿԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԹԱԿՈՒՄ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի մագիստրանտ Տիգրան Մկրտչյանն ակտիվ ուսանող է, խոստումնալից երիտասարդ գիտնական, ով համագործակցում է «ՑԵՌՆ» միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպության հետ:

Ժնևում տեղակայված խոշոր գիտական կենտրոնում Հայաստանը ներկայացնող համալսարանականը ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ է ընդունվել 2012 թ.-ին՝ մասնագիտական ողջ ներուժը կենտրոնացնելով միջուկային ֆիզիկայի ուսումնասիրության վրա: Ուսումնառության 2-րդ կուսրում՝ կուրսային աշխատանքների թեմաների հստակեցման ժամանակ, Տիգրանի դասախոս  Ռոմեն Գրիգորյանը նրան ծանոթացնել է Արտեմ Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտի պրոֆեսոր Հրաչյա Հակոբյանի հետ, ով էլ երիտասարդ ֆիզիկոսին ընդգրկել է միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերում:

 

Պատմում է ինքը՝ Տիգրան Մկրտչյանը. «Այդպիսի խոշոր միջազգային կազմակերպությունում աշխատելը բավականին պատասխանատու գործ է: Մասնավորապես ընդգրկված էի «ՑԵՌՆ»-ի հիմնարար գիտությունն ուսումնասիրող «ԱՏԼԱՍ» ծրագրում, որը միկրոսկոպիկ մակարդակում ուսումնասիրում է ֆիզիկայի բոլոր ճյուղերը՝ ընդհուպ տիեզերքը, մութ նյութն ու էներգիան: Եվ այդ բոլոր ուսումնասիրություններն իրականացվում են գործնական դաշտում, ինչը թույլ է տալիս հաշվարկել, ճշգրտել ու հաստատել տեսական ֆիզիկայի կողմից առաջ քաշված խնդիրները: Տարրական մասնիկների ուսումնասիրության ուղղությամբ գոյություն ունի ստանդարտ մոդել, որը ներառում է մինչ օրս հայտնի տեսություններն ու ֆիզիկական գործընթացները: Մեր հիմնական նպատակն է ստուգել, փորձարկել և գրանցել այդ տեսությունները: Պետք է նշեմ, որ «ԱՏԼԱՍ»-ը միջազգային գիտական կոլաբորացիա է, որը համախմբում է աշխարհի տարբերի երկրների մասնագետներին՝ մոտավորապես 7.000 տոննա քաշ ունեցող սարքի միջոցով  փորձարկելով տեսական ֆիզիկայի տարբեր գործընթացներ: Եվ Հայաստանը համագործակցում է գրեթե բոլոր ուղղություններով: Երբ  2015 թ.-ին ղեկավարս մահացավ, հայկական խումբը, այդ թվում և ես, բավականին դժվար կացության մեջ հայտնվեցինք, կապը կարծես թե խզվեց: Այնուամենայնիվ, քանի որ անձամբ տարբեր աշխատանքների արդյունքներ էի ներկայացրել միջազգային կառույցի ղեկավարներին ու դրական արձագանքների արժանացել, կարողացա վերականգնել կապը: Ներկայումս գործուղումների և հեռավար համագործակցության միջոցով  անմիջական կապ եմ պաշտպանում նրանց հետ: Վերջին հանդիպումս «ՑԵՌՆ»-ի ներկայացուցիչների հետ եղել է 2017 թ.-ին: Ժնևում ներկայացրի մագիստրոսական թեզիս շրջանակում կատարված աշխատանքներս, որի գործնական հատվածը «ԱՏԼԱՍ» սարքի  օգնությամբ հենց «ՑԵՌՆ»-ում է իրականացվել: Ներկայումս միջազգային ընկերությունում արդիականացման փուլ է ընթանում, որի շրջանակում մինչև 2023 թ.-ը պետք է լուրջ տեխնիկական փոփոխություններ կատարվեն: Նշանակում է, որ մեր համագործակցությունը կազմակերպության հետ դեռ երկար կշարունակվի, քանի որ նրանք երիտասարդ մասնագետների կարիք շատ ունեն: Դա չի ենթադրում, որ մի օր կտեղափոխվեմ Ժնև և հիմնական աշխատանքի կանցնեմ: Ծրագրում եմ ուսումս շարունակել Հայաստանում՝ Մայր բուհում, զարգացնել ոլորտը և հայ երիտասարդների մեջ հետաքրքրություն արթնացել դեպի ֆիզիկան»:

 

Երիտասարդ ֆիզիկոսը վստահ է, որ ֆունդամենտալ գիտության զարգացումը տնտեսության բոլոր ճյուղերում աճ գրանցելու հիմնական գրավականն է. «Հայաստանում ոլորտը զարգացնելու խիստ պահանջ կա: Միջին տարիքի մասնագետ գրեթե չունենք, ուստի նախատեսում եմ դառնալ այն միջանկյալ կետը, որը կկապի երիտասարդներին և արդեն կայացած մասնագետներին: Երիտասարդները հիմնականում եկամտաբեր մասնագիտություններ են ընտրում, սակայն ֆիզիկայով հետաքրքրվողների թիվն էլ քիչ չէ: Ֆիզիկան՝ մանավանդ գիտության ֆունդամենտալ հատվածը, միշտ իր ուրույն տեղն է գրավում զարգացման գործընթացում: Հենց հիմնարար գիտելիքների վրա են կառուցվում մյուս բոլոր ճյուղերում նորարարությունների մշակումն ու ներդրումը»:

 

Հավելենք, որ Տիգրան Մկրտչյանն ամերիկյան և եվրոպական հեղինակավոր գիտական ամսագրերում հայտնի մասնագետների հետ համահեղինակությամբ տպագրել է մի շարք հոդվածներ, որոնք բարձր գնահատականի են արժանացել ակադեմիական տարբեր հարթակներում:

 

Վարդուհի Զաքարյան

Այլ նորություններ
«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԿԱՅՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԳՐԱՎԱԿԱՆ». ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ Ա. ՄԱՆԱՍՅԱՆԻ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր, իրավ. գիտ. թեկնածու Անահիտ Մանասյանի «Սահմանադրական կայունությունը՝ որպես կայուն ժողովրդավարության կարևորագույն գրավական» մենագրության շնորհանդեսը:
ԱՆՀՆԱՐԻՆ Է ՉՍԻՐԱՀԱՐՎԵԼ ՀԱՄՇԵՆԻՆ. «ՀԱՄՇԵՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՌԱԳՐԵՐՈՒՄ» ՄԵՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ ԵՊՀ ՀՀԻ հայ-օսմանական առնչությունների բաժնի ղեկավար, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի դոցենտ, բան. գիտ. թեկնածու Լուսինե Սահակյանի «Համշենը հայկական ձեռագրերում» մենագրության շնորհանդեսը: