30.01.2019 | 
Կրթություն
ԵՊՀ ԴՈՑԵՆՏԻ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
ԵՊՀ ԴՈՑԵՆՏԻ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
2019 թ. հունվարի 20-26-ը ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիսի ամբիոնի դոցենտ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Տիգրան Սարգսյանը, որպես հրավիրված մասնագետ, դասախոսություններով հանդես եկավ Գերմանիայի առավել վարկանիշային բուհերի թվին դասվող Դույսբուրգ-Էսսենի համալսարանում։

Անգլերենով ներկայացված դասախոսությունների շարքը նվիրված էր ՀՀ համալիր աշխարհագրական բնութագրին՝ տարածաշրջանային զարգացումների համատեքստում, ՀՀ-ում քաղաքային բնակավայրերի և տնտեսական համակարգի կայուն զարգացման ու տեղաբաշխման արդի վիճակին և մարտահրավերներին։ Ունկնդիրներն էին Դույսբուրգ-Էսսենի համալսարանի աշխարհագրության ամբիոնի ուսանողները, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ։

 

Դոցենտի  դասախոսություններն անցան մասնակիցների ակտիվ հետաքրքրվածության և անմիջական ներգրավվածության մթնոլորտում։ 


 

«Շատ  ուսանողներ, նախկինում քիչ տեղեկացված լինելով մեր երկրի վերաբերյալ, քննարկումների և հարցուպատասխանի արդյունքում սպառիչ մասնագիտական տեղեկատվություն ստացան ՀՀ բնաաշխարհագրական, սոցիալ-տնտեսական ու քաղաքաաշխարհագրական առանձնահատկությունների վերաբերյալ»,- հավաստիացրեց  Տ. Սարգսյանը։

 

«Գերմանացի ուսանողների խնդրանքով ներկայացրի առկա փոխանակման ծրագրերը՝ մասնավորապես ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում 1 կիսամյակ տևողությամբ ուսանելու՝ արդեն առկա փորձը, հնարավորությունները և հեռանկարները»,- նշեց ԵՊՀ դոցենտը:



Այցելության ավարտին Տ. Սարգսյանը և Դույսբուրգ-Էսսենի համալսարանի    աշխարհագրության ամբիոնի ղեկավար, պրոֆեսոր Ռուդոլֆ Յուխելկան Էսսենի աշխարհագրության և երկրաբանության միությունում «ՀՀ համալիր աշխարհագրական բնութագիրը» թեմայով համատեղ դասախոսություն կարդացին։ Գերմանացի   գործընկերների հետ քննարկվեցին նաև ԵՊՀ-ի և Դույսբուրգ-Էսսենի համալսարանի միջև ակադեմիական համագործակցության զարգացման հնարավորությունները,      մասնավորապես աշխարհագրության և զբոսաշրջության թեմատիկ ոլորտներում։ 



Անգին Խաչատրյան

 

Այլ նորություններ
ԲԱՑ ԴԱՍ՝ ՆՎԻՐՎԱԾ Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 150-ԱՄՅԱԿԻՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչությունը Հայ բանասիրության ֆակուլտետի հետ համատեղ այսօր ֆակուլտետի դահլիճում կազմակերպել էր Հ. Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված բաց դաս:
ՓԱՍՏԵՐԻ ՍՏՈՒԳՈՒՄՆ ԱՌԱՎԵԼ ԴՅՈՒՐԻՆ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ. ՍՏԵՂԾՎԵԼ Է ՆՈՐ ՈՒՂԵՑՈՒՅՑ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի հեռուստալսարանում այսօր Հանրային լրագրության ակումբի (ՀԼԱ) նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում, որի ժամանակ ներկայացվեց «Փաստերի ստուգման ուղեցույցը»։