«Գործատու-ուսանող» ծրագրի շրջանակում այսօր հերթական հանդիպումն էր կազմակերպել ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնը: ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպմանը ներկա էին տարբեր ֆակուլտետների բակալավրիատի եւ մագիստրատուրայի ուսանողներ: Ռուբեն Սարուխանյանը, ով այսօր Էկոնոմիկայի նախարարության ծրագրերի կառավարման գործակալության պետն է, նույնպես ԵՊՀ շրջանավարտ է: Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի նախկին ուսանողն այսօր ինքն էր աշխատանք առաջարկում համալսարանականների նոր սերնդին:
Ըստ Ռուբեն Սարուխանյանի` իրենց առջեւ խնդիր է դրված մինչեւ տարեվերջ հավաքել այն աշխատանքային խմբի կորիզը, որը զբաղվելու է Եվրամիության մի շարք ծրագրերի ներդրմամբ եւ դրանց առաջխաղացմամբ Հայաստանի Հանրապետության տարբեր գերատեսչություններում: Ապագա աշխատակիցներն ունենալու են քաղաքացիական ծառայողի կարգավիճակ: «Ճիշտ է, աշխատավարձի չափն աստղաբաշխական թվեր չեն, բայց այս աշխատանքի առանձնահատկությունն այն է, որ դուք միաժամանակ ձեռք եք բերում ե՛ւ պետական համակարգում աշխատելու փորձ, ե՛ւ եվրահամայնքների հետ աշխատանքի հմտություններ»,- ընդգծեց Ռուբեն Սարուխանյանը:
Թափուր աշխատատեղերի թիվը մոտ մեկ տասնյակ է: Դիմել կարող են միայն բակալավրիատի կամ մագիստրատուրայի շրջանավարտները: Մասնագիտությունների սահմանափակումներ չկան` իրավագետներ, լեզվաբաններ, քաղաքագետներ, տնտեսագետներ… Ամենակարեւոր պարտադիր պայմանն անգլերենի իմացությունն է: Ցանկացողները հնարավորինս շուտ պետք է իրենց ինքնակենսագրությունն ու հետաքրքրության նամակը ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի օգնությամբ ներկայացնեն նախարարություն, որից հետո նրանք կհրավիրվեն հարցազրույցի ու հաջողության դեպքում կանցնեն աշխատանքի: