14.09.2018 | 
Կրթություն
ՍԵՄԻՆԱՐ ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ, ՈՎՔԵՐ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՍՏԵՂԾԵԼ ԳՐԱԳԵՏ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՆԱԼԻ ԿԵՐՊԱՐ
ՍԵՄԻՆԱՐ ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ, ՈՎՔԵՐ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՍՏԵՂԾԵԼ ԳՐԱԳԵՏ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՆԱԼԻ ԿԵՐՊԱՐ
Այսօր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում տեղի ունեցավ «Գրագետ իմիջի բանաձև» թեմայով սեմինար, որը վարում էր ֆակուլտետի շրջանավարտ, լրագրող և PR մասնագետ Լուսինե Զարայելյանը:

Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ի կողմից կազմակերպված սեմինարի ընթացքում քննարկվեցին գրագետ և ցանկալի կերպար ստեղծելու համար անհրաժեշտ հմտությունների, հաջողված հաղորդակցության հիմքերի և կանոնների, գործարար վարվելակերպի, իմիջի դերի և կարևորության, հարցազրույցի ժամանակ տարածված սխալների և մի շարք այլ դրույթներ:

 

Մեզ հետ զրույցում Լուսինե Զարայելյանն ասաց, որ որքան էլ լավ մասնագետ լինես, եթե ճիշտ լույսի ներքո չկարողանաս ներկայացնել մասնագիտական հմտություններդ, ոչ ոք պարզապես չի իմանա դրանց մասին. «Ճիշտ հաղորդակցվելն օգնում է հասնել ցանկալի արդյունքի՝ ընդունվել աշխատանքի, դուրս գալ կոնֆլիկտային իրավիճակներից և այլն: Իմիջը սեփական անձի մասին տպավորությունների կառավարումն է, մենք քայլող տեղեկատվական թերթիկ ենք մեր մասին, և այսօրվա դասընթացի նպատակն է այն դարձնել հետաքրքիր հանրության և շահութաբեր՝  սեփական անձի համար»:

 

«Իմիջի սահմանման շուրջ 500 տարբերակներ կան: Իմիջը հասարակական գիտակցության մեջ կարծրացած պատկերացումների ամբողջությունն է այս կամ այն երևույթի, անձի, կազմակերպության, ընդհուպ պետության մասին: Իմիջը նաև սեփական անձի մասին տպավորությունների կառավարումն է վարքային բազմաթիվ ռազմավարությունների միջոցով, որոնց նպատակն է անձի արտաքին կերպարի ներկայացումը ուրիշներին»,- սեմինարի ընթացքում նշեց Լուսինե Զարայելյանը:

 

Խոսելով «Ես-հայեցակարգի» մասին՝ սեմինարավարը պարզաբանեց, որ այն ներառում է երեք բաղադրիչ՝ ներքին ես, որը ցույց է տալիս, թե ինչպիսինն է անձը սեփական աչքերում, հայելային ես, որը ցույց է տալիս, թե ինչպիսինն է անձը այլ մարդկանց աչքերում, և կատարյալ ես, որը ցույց է տալիս, թե ինչպիսինն է ցանկանում անձը լինել:

 

«Վարքագծային ակտերի մոտ 80%-ն իրականացվում է ենթագիտակցաբար: Այդ իսկ պատճառով իմիջի ձևավորման ընթացքում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել վարքագծի ավտոմատ ազդանշաններին, և որքան հնարավոր է, ազդել նրանց վրա՝ ցանկալի իմիջ ստեղծելու նպատակով»:

 

Լուսինե Զարայելյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց նաև իմիջի տեսակները, խոսեց դրա գործառույթների մասին և գրագետ իմիջ ստեղծելու համար օգտակար խորհուրդներ տվեց:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԵՆՍԱԲԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ
Հոկտեմբերի 5-7-ը տեղ է ունեցել «Կենսաբազմազանություն ու վայրի բնության պահպանության էկոլոգիական հիմնախնդիրներ» թեմայով ԳԱԱ 75-ամյակին նվիրված երիտասարդ գիտնականների երկրորդ միջազգային գիտաժողովը, որն անցկացվել է Ծաղկաձորում:
«L’ANCILLAIRE» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Ֆրանսիայի «L՛Ancillaire» մշակութային, տնտեսական և սոցիալական զարգացման կազմակերպության գլխավոր քարտուղար Բեռնար Հոլասյանը և ՀՀ-ում կազմակերպության ներկայացուցիչ Վարուժան Աբելյանը հոկտեմբերի 9-ին հյուրընկալվեցին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում: