14.04.2017 | 
Մշակույթ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐՈՎ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ԹԵԼ ԱՎԻՎԻ «ՇԱՐԼՈՏՏԱ» ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐՈՎ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ԹԵԼ ԱՎԻՎԻ «ՇԱՐԼՈՏՏԱ» ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ
Ապրիլի 25-30-ը ԵՊՀ-ի հրավերով Հայաստան ժամանած «Շարլոտտա» երգչախումբը ելույթներ կունենա՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի:

Երգչախումբն իր կատարումները կներկայացնի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, Երևանի պետական համալսարանի մեծ դահլիճում, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, ինչպես նաև Իջևանի մշակույթի տան դահլիճում:

 

Երգչախմբի համերգային ծրագրում ընդգրկված են հայ և համաշխարհային կոմպոզիտորների դասական և հոգևոր երգեր:

 

Հավելենք, որ Իսրայելի «Շարլոտտա» երգչախումբը ստեղծվել է 1990 թ.-ին Էլի Գեֆենի կողմից, ով մինչ օրս ղեկավարում է երգչախումբը: Հանրաճանաչ երգչախումբը հեղինակություն է ձեռք բերել իր լայն երգացանկի շնորհիվ, որն ընդգրկում է դասական և հոգևոր ստեղծագործություններ:

 

Երգչախումբը  ելույթներ է ունեցել Իսրայելի, ինչպես նաև արտերկրի ամենահայտնի համերգային սրահներում: Մասնավորապես «Շարլոտտա» երգչախումբը համերգներով հանդես է եկել այնպիսի հայտնի բեմերում, ինչպիսիք են Լոնդոնի թագավորական Ալբերտ-հոլլը, որտեղ ներկա է գտնվել նաև Մեծ Բրիտանիայի արքայադուստրը (Բրիթթեն՝ զինվորական ռեքվիեմ), Քովենթ-Գարդեն փառատոնը (Ռոսսինիի՝ Մովսեսը Եգիպտոսից):

 

Իսրայելական երգչախումբն իր երգացանկն է ներկայացրել եվրոպական ամենահայտնի փառատոներում՝ Մալթայում, Մադրիդում, Պրահայում, Հռոմում, Լիսաբոնում և այլուր:  Նրանք ելույթ են ունեցել իսպանական Սևիլյայի Ալկասար թագավորական պալատում և Սան Խուան դը Դիոս Գրանադում (2007), ինչպես նաև 2008 թ.-ին Վիեննայում:

 

Բրատիսլավում՝ «Սուրբ երգերի արարողությանը» նվիրված համերգի ընթացքում Բրատիսլավի Կոմենսկու անվան համալսարանի ռեկտորը երգչախմբի ղեկավար Էլի Գեֆենին պարգևատրել է «Միասնական Եվրոպայի հռչակում-Զանգերի տոն» մեդալով:

 

Երգչախումբը հատուկ համերգներ է կազմակերպել Հունգարիայի հայ ավետարանչական, ինչպես նաև հրեական համայնքների համար:

 

Էլի Գեֆենը ծնվել է Բրատիսլավում, կրթություն (ջութակ) է ստացել Վիեննայում: Նա մենակատար է եղել (բարիտոն) իսրայելական հայտնի նվագախմբերում, ղեկավարել է երիտասարդական մի շարք նվագախմբեր և միջազգային մրցույթներում արժանացել մրցանակների:

 

«Շարլոտտա» երգչախմբի հայաստանյան միջոցառումները համակարգում է ԵՊՀ մշակույթի կենտրոնը:

Այլ նորություններ
ՀԱՂԹԱՆԱԿ՝ «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՐՏԻՍՏԻԶՄ» ԱՆՎԱՆԱԿԱՐԳՈՒՄ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի մենակատարները մասնակցել են Ֆրանսիական երգի ամենամյա փառատոնին:
ՀԱՄԵՐԳԸ ՆՎԻՐՎԱԾ ԷՐ ՖՐԱՆԿՈՖՈՆ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻՆ
Այսօր ԵՊՀ մշակույթի կենտրոնը Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ֆրանսիական բանասիրության ամբիոնի հետ նախաձեռնել էր արդեն ավանդույթ դարձած համերգային ծրագիրը: