26.04.2017 | 
Մշակույթ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐՈՎ ՀԱՆԴԵՍ է ԳԱԼԻՍ ԹԵԼ ԱՎԻՎԻ «ՇԱՐԼՈՏՏԱ» ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐՈՎ ՀԱՆԴԵՍ է ԳԱԼԻՍ ԹԵԼ ԱՎԻՎԻ «ՇԱՐԼՈՏՏԱ» ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ
Ապրիլի 25-30-ը ԵՊՀ-ի հրավերով Հայաստան է ժամանել «Շարլոտտա» երգչախումբը, որը ելույթներ կունենա՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի:

Երգչախումբն իր կատարումներն այսօր առավոտյան հանդես եկավ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Այնուհետև երգչախմբի ելույթներ են նախատեսվում նաև Երևանի պետական համալսարանի մեծ դահլիճում, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, ինչպես նաև Իջևանի մշակույթի տան դահլիճում:

 

Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի ունեցած ելույթից հետո երգչախմբի անդամ Սիլվի Գեֆենը մեզ հետ ունեցած զրույցում ասաց, որ առաջին անգամ են Հայաստանում. «Այստեղ ենք եկել, որպեսզի պատվենք ու մեր հարգանքի տուրքը մատուցենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»:

 

Երգչախմբի համերգային ծրագրում ընդգրկված են հայ և համաշխարհային կոմպոզիտորների դասական և հոգևոր երգեր:

 

Իսրայելի «Շարլոտտա» երգչախումբը ստեղծվել է 1990 թ.-ին Էլի Գեֆենի կողմից, ով մինչ օրս ղեկավարում է երգչախումբը: Հանրաճանաչ երգչախումբը հեղինակություն է ձեռք բերել իր լայն երգացանկի շնորհիվ, որն ընդգրկում է դասական և հոգևոր ստեղծագործություններ:

 

 

Երգչախումբը  ելույթներ է ունեցել Իսրայելի, ինչպես նաև արտերկրի ամենահայտնի համերգային սրահներում: Մասնավորապես համերգներով հանդես է եկել այնպիսի հայտնի բեմերում, ինչպիսիք են Լոնդոնի թագավորական Ալբերտ-հոլլը, որտեղ ներկա է գտնվել նաև Մեծ Բրիտանիայի արքայադուստրը (Բրիթթեն՝ զինվորական ռեքվիեմ), Քովենթ-Գարդեն փառատոնը (Ռոսսինիի՝ Մովսեսը Եգիպտոսից):

 

Իսրայելական երգչախումբն իր երգացանկն է ներկայացրել եվրոպական ամենահայտնի փառատոներում՝ Մալթայում, Մադրիդում, Պրահայում, Հռոմում, Լիսաբոնում և այլուր:  Նրանք ելույթ են ունեցել իսպանական Սևիլյայի Ալկասար թագավորական պալատում և Սան Խուան դը Դիոս Գրանադում (2007), ինչպես նաև 2008 թ.-ին Վիեննայում:

 

Բրատիսլավում՝ «Սուրբ երգերի արարողությանը» նվիրված համերգի ընթացքում Բրատիսլավի Կոմենսկու անվան համալսարանի ռեկտորը երգչախմբի ղեկավար Էլի Գեֆենին պարգևատրել է «Միասնական Եվրոպայի հռչակում-Զանգերի տոն» մեդալով:

 

Երգչախումբը հատուկ համերգներ է կազմակերպել Հունգարիայի հայ ավետարանչական, ինչպես նաև հրեական համայնքների համար:

 

Երգչախմբի ղեկավար Էլի Գեֆենը ծնվել է Բրատիսլավում, կրթություն (ջութակ) է ստացել Վիեննայում: Նա մենակատար է եղել (բարիտոն) իսրայելական հայտնի նվագախմբերում, ղեկավարել է երիտասարդական մի շարք նվագախմբեր և միջազգային մրցույթներում արժանացել մրցանակների: Մեզ հետ ունեցած զրույցում նա այսօր նշեց, որ երգչախմբի անդամները չեն վճարվում, բոլորն այստեղ կամավոր են:

 

Հիշեցնենք, որ «Շարլոտտա» երգչախմբի հայաստանյան միջոցառումները համակարգում է ԵՊՀ մշակույթի կենտրոնը:

 

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում «Շարլոտտա» երգչախմբի այսօր ունեցած ելույթից մի հատված կարող եք դիտել այստեղ:

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵԼ Է ԿՈՐԵԱՅԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԸ
ԵՊՀ-ի և Հայաստանի կորեական համայնքի համատեղ նախաձեռնությամբ համալսարանում այսօր անցկացվել է «Կորեայի մշակույթի օր» խորագրով փառատոն՝ նպատակ ունենալով հանրության և հատկապես ուսանողների շրջանում տարածելու կորեական մշակույթն ու բարձրացնելու դրա նկատմամբ հետաքրքրությունը:
ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ «ՀԱՅԿԱԿԱՆ ԷՍՔԻԶՆԵՐ»-Ը՝ «ԲՈՀԵՄ» ԹԱՏՐՈՆԻ ԲԵՄՈՒՄ
Հոկտեմբերի 7-ին «Բոհեմ» թատրոնում ԵՊՀ մշակույթի կենտրոնը «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնի շրջանակում ներկայացրեց Վարդգես Պետրոսյանի «Հայկական էսքիզներ»-ը: