12.03.2018 | 
«ՄԻԱՅՆ ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՎ՝ ԿԱՐՈՂ ԵՔ ՆՈՐ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՐԱՆՑԵԼ». ՄՈՒՇԵՂ ԱՎԵՏԻՍՅԱՆ
«ՄԻԱՅՆ ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՎ՝ ԿԱՐՈՂ ԵՔ ՆՈՐ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՐԱՆՑԵԼ». ՄՈՒՇԵՂ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Այսօր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում դասընթացավար Մուշեղ Ավետիսյանի հետ:

«Կոմֆորտ զոնայից դուրս» խորագիրը կրող հանդիպման ընթացքում Մուշեղ Ավետիսյանն ուսանողներին ներկայացրեց, թե ինչ պետք է անել, երբ թվում է, թե բոլոր դռները փակ են հաջողության հասնելու համար, և ինչ անել հարմարավետության շրջանակից դուրս գալու ու կյանքում ավելի շոշափելի արդյունքներ գրանցելու նպատակով:

 

«Երբ ասում ենք հարմարավետության շրջանակ, պետք է հասկանանք, որ հարմարավետությունն այստեղ կապ չունի իր բուն նշանակության հետ: Մարդը, ապրելով կոմֆորտ զոնայում, իրականացնում է կրկնվող գործողություններ: Բայց, եթե ցանկանում եք առաջ գնալ, զարգանալ, պետք է մեծացնեք շրջանակը և գործողությունները հարմարեցնեք ձեզ, որոնք նախկինում չեք արել»,- հանդիպման ընթացքում ասաց Մուշեղ Ավետիսյանը:

 

 

Բանախոսը նշեց, որ շատերն անգիտակցաբար գրանցում են նույն արդյունքը, կամ էլ չեն ցանկանում փոփոխությունների գնալ. «Այսպիսով, նրանք ապրում են մարդկային պահանջմունքների առաջնային մակարդակում: Ի դեպ, դրանք 6-ն են՝ կայունությունը կամ վստահությունը, փոփոխությունը կամ բազմազանությունը, կարևոր զգալու պահանջմունքը, սերը և հարաբերությունները, զարգացումը և անձնական ներդրումը»:

 

«Կյանքում չկան երաշխիքներ, թե ամեն ինչ լավ կլինի, բայց նաև հիշե՛ք, որ առանց գործողության չեն կարող լինել արդյունքներ: Եթե իսկապես ուզում եք հասնել որևէ արդյունքի, հաղթահարե՛ք հոգեբանական և ֆիզիկական ձեր բոլոր վախերը և գործե՛ք: Շատերի համար արդյունքը = արդյունքի բացակայություն + պատճառաբանության մասին որևէ պատմություն: Դուք ինքներդ որոշե՛ք՝ այսուհետ շարունակելու եք պատմություններ հորինել, թե՞ իսկապես գործելու եք»,- ասաց Մուշեղ Ավետիսյանը: