15.03.2018 | 
Քաղաքականություն
40 ՆԵՐԳԱՂԹՅԱԼ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆ. ՆՈՐ ԾՐԱԳԻՐ ԵՊՀ-ՈՒՄ
40 ՆԵՐԳԱՂԹՅԱԼ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆ. ՆՈՐ ԾՐԱԳԻՐ ԵՊՀ-ՈՒՄ
Այսօր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության գործառնությունների ղեկավար Շաղիկ Մարուխյանի հետ ստորագրեց համագործակցության հուշագիր։

Ըստ այդ փաստաթղթի՝ Հայաստանում վերահաստատված 40 երիտասարդներ հնարավորություն կստանան ԵՊՀ-ում մասնակցելու հատուկ դասընթացների, որոնց նպատակն է սովորեցնել հայկական աշխատաշուկայի առանձնահատկությունները։

 

Ծրագիրը նախատեսված է հակամարտության գոտիներից, հատկապես՝ Սիրիայից և Ուկրաինայից, ինչպես նաև Ջավախքից Հայաստան տեղափոխված այն երիտասարդների համար, որոնք ունեն բարձրագույն կրթություն, սակայն կարիք ունեն անհրաժեշտ մասնագիտացումների՝ հայկական աշխատաշուկայում ավելի մրցունակ դառնալու համար։

 

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը կարևորեց հուշագրի ստորագրումը՝ նշելով, որ նման ծրագրերը պետք է ավելի շատ լինեն ու նպատակային, քանի որ Հայաստանը պետք է պատրաստ լինի ոչ միայն խոսքով, այլև գործով աջակցելու իր հայրենադարձ զավակներին։

 

Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության գործառնությունների տնօրեն Շաղիկ Մարուխյանն իր շնորհակալությունը հայտնեց ԵՊՀ ռեկտորին՝ կարևոր գործում աջակցություն ցույց տալու համար. «Մեզ համար մեծ պատիվ է որպես գործընկեր աշխատել ԵՊՀ-ի հետ: Վորլդ Վիժն Հայաստանն ակտիվորեն աշխատում է ինչպես երեխաների, այնպես էլ երիտասարդների հետ, որոնց շրջանում գործազրկության մակարդակը ավելի քան 40% է` մոտ 2.5 անգամ ավելի բարձր, քան միջին գործազրկության ցուցանիշն է Հայաստանում: Այդ իսկ պատճառով այս խնդրին անդրադառնալ է պետք և առաջին հերթին հայ երիտասարդների մոտ զարգացնել այնպիսի հմտություններ, որոնք կօգնեն հասնել հաջողության ու արժանապատիվ կյանք ունենալ»:

 

ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանը ևս մեծ հույսեր է կապում ծրագրի հետ, քանի որ այն կարող է նաև սոցիալական խնդիր լուծել. օրինակ՝ սիրիահայերն այժմ Հայաստանում հայտնի են գլխավորապես որպես հմուտ արհեստավորներ, ինչը թեև լավ է, բայց որոշակի հասարակական շերտավորում է ստեղծում։

 

Նախատեսվում է, որ ծրագրի ավարտից հետո նրա մասնակիցները կկարողանան աշխատանք գտնել Հայաստանի բանկային համակարգում, հեռահաղորդակցության ոլորտի ընկերություններում, ինչպես նաև մի շարք այլ  բնագավառներում։

 

Նշենք, որ ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորում է ԱՄՆ պետդեպարտամենտի բնակչության, փախստականների և միգրացիայի բյուրոյի կողմից:

Այլ նորություններ
ԱՐԱԲԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉԸ ԽՈՍՈՒՄ Է ԻՍԼԱՄԱԿԱՆ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման է արժանացել «Իսլամական ծայրահեղականությունը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարտահրավերները» գիտական թեման։
ԵՊՀ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ 10 ՏԱՐԵԿԱՆ Է
Այսօր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն իր աշխատասենյակում ընդունեց բուհի ուսումնական գործընթացի կառավարման «Supervision» էլեկտրոնային ծրագրի աշխատակիցներին: