11.10.2017 | 
Հասարակություն
ԵՊՀ-ՈՒՄ ԿՐԿԻՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՍՊԱ-ՀՈԳԵԲԱՆՆԵՐԸ
ԵՊՀ-ՈՒՄ  ԿՐԿԻՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՍՊԱ-ՀՈԳԵԲԱՆՆԵՐԸ
Հոկտեմբերի 2-13-ը ՀՀ ՊՆ և ԱՀ ՊԲ շուրջ 30 զինվորականներ Մայր բուհում մասնակցում են սպա-հոգեբանների վերապատրաստման դասընթացներին:

ԵՊՀ հետբուհական լրացուցիչ կրթության վարչության կողմից իրականացվող դասընթացները վարում են ինչպես ԵՊՀ դասախոսները, այնպես էլ հրավիրյալ մասնագետներ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանից, Հայաստանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանից, Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանից:

 

Հետբուհական լրացուցիչ կրթության վարչության պետ Ժասմեն Աղասյանի հավաստմամբ՝ քանի որ ռազմական հոգեբանությունը նոր ուղղություն է մեզանում, դրա զարգացման առաջին նախապայմանը համապատասխան մարդկային ռեսուրսների հավաքագրումն է, դասախոսական կազմի ընդգրկումը: Հաջորդը համապատասխան գրականության  առկայությունն է. ուսումնասիրվում են այն աշխատությունները, ձեռնարկները, որոնք գրվել են այս թեմաներով: Ծրագրվում է ամբողջացնել նաև եղած նյութերը և ստեղծել հիմնական գիրք, որը կլինի յուրաքանչյուր սպա-հոգեբանի ձեռքի տակ:

 

«Առաջին անգամ ԵՊՀ ուսանողներն են եղել նախաձեռնողները: Լինելով Արցախում և տեսնելով, որ կան հոգեբանական պաշտպանության կարիք ունեցող երիտասարդ զինվորականներ, նրանք խնդրեցին առաջարկել մասնագետների, որոնց հետ կհանդիպեն զինվորները»,- ասաց Ժասմեն Աղասյանը և հավելեց, որ պարբերաբար իրականացվում են այցելություններ և նմանօրինակ դասընթացներ, քանի որ սպա-հոգեբանների վերապատրաստումը միանգամայն նոր իրողություն է և լուրջ ներդրում ՀՀ ԶՈՒ անձնակազմի մասնագիտական կայացման մեջ:

 

Դասախոսությունների թեմաներն առնչվում են ոչ  միայն ռազմական հոգեբանության խնդիրներին, այլև զինվորական անձնակազմում աշխատանքի առանձնահատկություններին: Զորամասի հրամանատարի՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Հենրիկ Սահակյանը նշեց, որ համալսարանում անցկացվող դասընթացներից բացի՝ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները սեմինարներ և դասախոսություններ են անցկացնում նաև զորամասերում:

 

«Դասընթացների միջոցով սպաների որակական, մասնագիտական հմտություններն ավելի են կատարելագործվում: Եթե սպա-հոգեբաններն ավարտել են համապատասխան բաժինները, ապա զուտ ռազմական կրթություն ունեցողները  հոգեբանություն քիչ են ուսումնասիրել: Այդ առումով վերապատրաստումը շատ կարևոր խնդիր է լուծում»,- ասում է փոխգնդապետ Սահակյանը:

 

Հավելենք, որ ԵՊՀ հետբուհական լրացուցիչ կրթության վարչությունը 2010 թ.-ից համագործակցում է ՀՀ պաշտպանության նախարարության հետ: Այս ընթացքում վերապատրաստում է անցել ՊՆ ավելի քան 1000  քաղաքացիական և զինվորական ծառայող: 

Այլ նորություններ
ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում անցկացվեց «Ինտեգրացիոն վեկտորներ և անվտանգություն. մարտահրավերներ ու հնարավորություններ» թեմայով քննարկում:
ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹԸ ՆՎԻՐՎԱԾ ԷՐ ԶՈՀՎԱԾ ՈՒՍԱՆՈՂ-ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ
Այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Անմահները հրամայում են» խորագրով միջոցառումը: