28.05.2017 | 
Կրթություն
ՍՊԱ-ՀՈԳԵԲԱՆՆԵՐԸ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՆ ԱՆՑԵԼ ԵՊՀ-ՈՒՄ
ՍՊԱ-ՀՈԳԵԲԱՆՆԵՐԸ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՆ ԱՆՑԵԼ ԵՊՀ-ՈՒՄ
ՀՀ ՊՆ 30-ից ավելի սպա-հոգեբաններ ԵՊՀ-ում անցել են մասնագիատկան վերապատրաստման դասընթաց, որն ամփոփվեց այսօր` գիտական կոնֆերանսով:

Սպա-հոգեբանների վերապատրաստման ծրագիրն իրականացնում էր ԵՊՀ հետբուհական լրացուցիչ կրթության վարչությունը, որը ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցում է դեռևս 2010 թ.-ից: Տարբեր ծրագրերի շրջանակներում ԵՊՀ-ում մինչ օրս վերապատրաստում է անցել շուրջ 1000 ՊՆ քաղաքացիական և զինվորական ծառայող:

Մայիսի 14-26-ն անցկացված դասընթացը վարել են ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության, սոցիոլոգիայի և ժուռնալիստիկայի ֆակուլտետների դասախոսները, ինչպես նաև հրավիրյալ մասնագետներ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանից և կրթական այլ հաստատություններից: Թեմաները բազմազան էին` ռազմական հոգեբանություն, անձը և զինվորական ծառայությունը, զինվորական կոլեկտիվի հոգեբանությունը, հոգեբանական ուղեկցություն, հոգեբանական պատերազմների ընդհանուր բնութագիր և այլն:

Թեմատիկ հագեցվածությամբ ծրագիրը կազմակերպիչները որոշել էին ամփոփել կոնֆերանսով, որը կրում էր «Առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի անձնակազմի ծառայողական գերծանրաբեռնվածությամբ պայմանավորված լարվածության թուլացմանն ուղղված աշխատանքների իրականացումը և բարելավման ուղիները» խորագիրը:



«Ուրախությամբ պետք է արձանագրենք, որ անցած տարի հունիսին Արցախում կայացած հոգեբան-սպաների վերապատրաստման ծրագիրը ունենում է կայուն առաջընթաց: Հուսով եմ` վերապատրաստումը կլինի շարունակական, ծրագրային մշակումները կհասնեն հասցեատիրոջը` հայ զինվորին` ավելի ուժեղ դարձնելով նրան»,- ողջունելով կոնֆերանսի մասնակիցներին` նշեց ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը` կոչ անելով դասընթացի մասնակից սպաներին մշտապես կապը պահել ԵՊՀ-ի և դասախոսների հետ:

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանն էլ փաստում է, որ զեկուցումներում ու ելույթներում բարձրացվել են բանակի համար խիստ կարևոր նշանակություն ունեցող հարցեր. «Հուսով եմ, որ անցած և այս դասընթացները զինծառայողների համար խթան կհանդիսանան մասնագիտական հմտությունների զարգացման և ազգ-բանակ կապն առավել ամուր դարձնելու համար»:

Նշենք, որ զեկուցումներով հանդես եկան այն մասնագետները, ովքեր վարել են սպա-հոգեբանների վերապաստրաստման դասընթացները:



«Մենք ունենք առաջնահերթ խնդիր` զարգացնել «Ռազմական հոգեբանություն» գիտությունը, և կարիք ունենք կատարելու լրջագույն հետազոտական աշխատանքներ: Եթե քաղաքացիական ոլորտներում մենք կարող էինք դրսի փորձը վերցնել և տեղայնացնել, ապա այս դեպքում չենք կարող այլ երկրների բանակների փորձը ուղղակի վերցնել և բերել մեր իրականություն»,- նշում է ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանը:

Կոնֆերանսի ավարտին դասընթացի մասնակից սպաները ստացան հավաստագրեր: Իսկ ծրագիրն իրականացնող կողմերը սկսեցին պայմանավորվածություններ ձեռք բերել հաջորդ դասընթացի մասին:

Այլ նորություններ
2017-2018 ՈՒՍՏԱՐՈՒՄ ԵՊՀ Է ԸՆԴՈՒՆՎԵԼ 2.602 ԴԻՄՈՐԴ
Այս տարի ընդհանուր կրթական համակարգում առկա էր 20.575 տեղ, որից 18.405-ը նախատեսված էր միասնական քննությունների, իսկ մնացած՝ 2.165 տեղը՝ ներքին քննությունների համար:
ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Սեպտեմբերի 8-ին ԵՊՀ ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ Պալեանների անվան դահլիճում անցկացվեց «Արտերկրում անվճար սովորելու 10 ամբողջական կրթաթոշակներ» խորագրով սեմինարը: