16.10.2017 | 
Հասարակություն
ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՏՈՆԸ ՆՇՎԵՑ ԵՊՀ-ՈՒՄ
ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՏՈՆԸ ՆՇՎԵՑ ԵՊՀ-ՈՒՄ
Հոկտեմբերի 12-14-ը համալսարանականները կազմակերպել են Սուրբ Թարգմանչաց տոնին նվիրված մի շարք միջոցառումներ:

ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի ու Մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ հոկտեմբերի 12-ին ԵՊՀ մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված հայ մեծանուն թարգմանիչներին: Մշակութային ծրագիրն ապահովեցին Մշակույթի կենտրոնի պարային համույթը, երգչախումբը, անհատ կատարողները:

 

Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նաֆսիկա Նանսի Էվա Վրայլան, Երևանի Ալ. Պուշկինի անվան N 8 հիմնական դպրոցի և «Ակադեմիական» ավագ դպրոցի ներկայացուցիչներ, ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի դեկան Սամվել Աբրահամյանը, դասախոսներ, ուսանողներ և ուրիշներ: Ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի դեկան Սամվել Աբրահամյանը:

 

«Հայ ժողովուրդը եզակի ժողովուրդներից է, որոնք տոնում են Թարգմանչաց տոնը: Կարևոր ավանդույթ է դարձել՝ յուրաքանչյուր տարի նշում ենք այս տոնը ԵՊՀ-ում: Կարծում եմ՝ ԵՊՀ ավարտելուց հետո հավատարիմ կմնաք այն ավանդույթներին, որոնք մեզ են փոխանցվել սկսած Մեսրոպ Մաշտոցից և այսպիսով բարձր կպահեք համալսարանականի և թարգմանչի կոչումը»,- դիմելով ապագա թարգմանիչներին՝ ասաց Սամվել Աբրահամյանը:

 

Դեկանը հավելեց, որ պատահական չէ նաև, որ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում տեղադրված են Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի արձանները, որոնք խորհրդանշում են գրերի գյուտի կարևորությունը հայ ժողովրդի կյանքում, գրերի գյուտն էլ ստեղծեց նախադրյալներ թարգմանական գործի զարգացման համար:

 

 

 

Թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի վարիչ Ռուզաննա Ղազարյանն էլ նշեց. «Հայ ժողովուրդը շատ հարուստ թարգմանական դպրոց է ունեցել: Մենք հիշում և մեծարում ենք մեր մեծանուն թարգմանիչներին»:

 

Տեղեկացնենք, որ ամբիոնի նախաձեռնությամբ հայտարարվել և անցկացվել է նաև «Լավագույն թարգմանություն» մրցույթը, որին հնարավորություն են ունեցել մասնակցելու նաև դպրոցականներ: Մրցույթի արդյունքները ամփոփվեցին Թարգմանչաց տոնի նախօրեին՝ հոկտեմբերի 13-ին, Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: Այս առիթով ճեմարան էին այցելել ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, Թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի վարիչ Ռուզաննա Ղազարյանը, ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը, ուսանողներ և մրցույթի մասնակիցները:

 

 

Նույն օրը ամբիոնի հրավերով ԵՊՀ-ում հյուրընկալվել էին Վրաստանի «GogAskurava» միջազգային հոլդինգի հիմնադիր Գոգա Ասկուրավան, տնօրեն Էկա Չոկուա-Ասկուրավան և PR պատասխանատու Անա Կապանաձեն: Գոգա Ասկուրավան ուսանողների համար հանդես եկավ դասախոսությամբ: Հանդիպման ավարտին ուսանողներն իրենց հարցերը ուղղեցին հրավիրյալ մասնագետներին:

 

Հոկտեմբերի 14-ին էլ համալսարանականները մեկնեցին Օշական, որտեղ տեղի ունեցավ առաջին կուրսեցիների՝ ապագա թարգմանիչների երդման արարողությունը:

 

ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի վարիչ Ռուզաննա Ղազարյանը նշում է, որ Թարգմանչաց տոնի նմանօրինակ միջոցառումները կրելու են ամենամյա բնույթ:

Այլ նորություններ
ԱՄՓՈՓՎԵՑ «ՈՒՆԻՎԵՐՍԻԱԴԱ-2017»-Ը
«Ունիվերսիադա» միջբուհական մարզամշակույթային և ինտելեկտուալ մրցույթում ԵՊՀ-ն զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:
50 ՏԱՐԻ ՄԵԶ ՀԵՏ ԵՎ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Մհեր Ջուլհաճյան-50» խորագրով միջոցառումը: