04.12.2007 | 
ՆՇԵՑԻՆ ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ԳԻՏՆԱԿԱՆԻ 90-ԱՄՅԱԿԸ
ՆՇԵՑԻՆ ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ԳԻՏՆԱԿԱՆԻ 90-ԱՄՅԱԿԸ
«Ես զբաղվում եմ իմ ժողովրդի անցյալով, բայց իմ առջեւ նրա ապագայի հարցն է». այս սկզբունքով էր աշխատում Թադեւոս Հակոբյանը:
Այսօր ԵՊՀ պատմության ֆակուլտետում տեղի ունեցավ գիտնական, մանկավարժ, աշխարհագրագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թադեւոս Հակոբյանի 90-ամյակին նվիրված միջոցառումը, որը կազմակերպել էր ԵՊՀ ռեկտորատը, Աշխարհագրության եւ Պատմության ֆակուլտետները: «Մեծ համալսարանական էր: Անկարելի է մի քանի բառով ներկայացնել նրա կատարած աշխատանքը եւ նկարագրել նրան որպես մանկավարժ, ընկեր, հայր կամ պարզապես մարդ: Ես պատիվ եմ ունեցել նրա ուսանողը լինելու եւ հետագայում էլ շփվել նրա հետ` որպես դասախոս: Շատ բան եմ նրանից սովորել: Թադեւոս Հակոբյանը գիտեր` ինչպես իսկական հայ կրթել»,- ասում է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Գիտության ականավոր գործչի հիշատակը հարգելու էին եկել նրա գործընկերները, հարազատները, ընկերներն ու ուսանողները: Նրանցից յուրաքանչյուրն իր երախտիքի եւ հարգանքի խոսքն ասաց գիտնականի կատարած հսկայածավալ աշխատանքի եւ այն անսահման նվիրվածության վերաբերյալ, որով նա ուսումնասիրում եւ նոր հատորներ էր տպագրում իր երկրի աշխարհագրական դիրքի եւ պատմության մասին: «Հանրագիտարանային կրթության տեր մարդ էր: Դրա համար էլ դժվար է ասել, թե կոնկրետ ինչ մասնագիտության ուներ: Թադեւոս Հակոբյանն աշխարհագրագետ էր պատմաբանների մեջ եւ պատմաբան` աշխարհագրագետների մեջ: Նրա թողած վաստակն աննկարագրելի մեծ արժեք ունի մեզ համար»,- նշում է լեզվաբան Հովհաննես Բարսեղյանը: Իր շնորհակալական խոսքն ասաց նաեւ Թադեւոս Հակոբյանի որդին` Մերուժան Հակոբյանը. «Երախտապարտ եմ բոլոր նրանց, ովքեր կազմակերպել են նրա հիշատակին նվիրված այս միջոցառումը եւ շնորհակալ եմ բոլոր ներկաներին: Ուրախ եմ, որ չի մոռացնում նրա գործը եւ հպարտ եմ, որ ներկայիս մանկավարժներն աշխատում են նույն ոգով դաստիարակել ապագա սերնդին, ինչպես ժամանակին անում էր հայրս»: Վերջում Մերուժան Հակոբյանը դասախոսներին նվիրեց Թադեւոս Հակոբյանի գիրքերից: