22.10.2010 | 
Կրթություն
ԵՌԱԿԻ ՏՈՆ «ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆՑ»
ԵՌԱԿԻ ՏՈՆ «ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆՑ»
ԵՊՀ-ում ուսանողական թարգմանությունների միանգամից երեք գիրք է «ծնվել»:

ԵՊՀ Չարենցի դահլիճում այսօր իսկական տոն էր: Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանողները հանրությանը ներկայացրին միագամից երեք գրքույկ: Դրանցից երկուսում ներկայացված են իտալերեն եւ իսպաներեն լեզուներով ստեղծագործող գրողների արձակ եւ չափածո աշխատանքների ուսանողական թարգմանությունները: Շուրջ 2 տասնյակ հեղինակների աշխատանքներ ամփոփող երկհատորյակը կոչվում է «Ծաղիկ թարգմանության»:

 

Ուսանողական թարգմանությունների նախաձեռնության հեղինակը ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ Վահան Սարգսյանն է: «Մենք թարգմանչական փայլուն ավանդույթներ ունեցել: 1874 թվականին Կոստանդնուպոլսի թերթերից մեկում տպագրվում է մի հայտարարություն. «Լույս է տեսել իսպանացի հեղինակ Սերվանտեսի «Դոն Կիխոտ» վեպի հայերեն տարբերակը: Թարգմանության հեղինակն է Պոլսի Սահակյան վարժարանի սաներից մեկը»: Ահա այսպիսի ուսանողներ ենք ունեցել, այսպիսի ուսանողություն ենք մենք ուզում դաստիարակել մեր անկախ պետականության սահմաններում»,- ասաց Վահան Սարգսյանը` հավաստիացնելով, որ թարգմանական այս նախաձեռնությունը ամենամյա ավանդույթ կդառնա:

 

Շնորհանդեսին ներկա էին Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին, Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մարսելա Մարիա Նիկոդեմոսը եւ Իսպաներենի տարածման միջազգային գործակալության ներկայացուցիչը: «Ինձ համար սա կրկնակի տոն է, որովհետեւ այս շնորհանդեսը համընկել է «Իտալերենին նվիրված համաշխարհային շաբաթվա» շրջանակում անցկացվող միջոցառումների հետ: Թարգմանչի գործը զուտ բառերի թարգմանություն չէ. դուք լավագույն ձեւով ներկայացնում եք այդ ազգի մշակույթն ու աշխարհայացքը»,- ուսանողների նախաձեռնությունը ողջունեց Բրունո Սկապինին: Վահան Սարգսյանը, ներկայացնելով ժողովածուները, հիշեցրեց, որ նախաձեռնությունը զուտ ուսանողական է` իր առավելություններով եւ թերություններով:

 

Տպագրված ուսանող-թարգմանիչներից լավագույններն արժանացան պատվոգրերի: Հանդիպման երկրորդ հատվածը մշակութային էր: Այս դեպքում էլ գլխավոր հերոսները իրենց առաջին լուրջ թարգմանություններն արդեն տպագրած ապագա թարգմանիչներն էին: Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մարսելա Մարիա Նիկոդեմոսը առանձնակի ողջունեց այն հանգամանքը, որ ընտրված հեղինակների եւ նրանց ստեղծագործությունների զգալի մասը առաջին անգամ են թարգմանվում այդ լեզուներով: «Պորտուգալերեն խոսող ժողովուրդը երբեք Տերյան չի կարդացել, ուրախ եմ, որ դուք ձեր աշխատանքով մոտեցնում եք երկու` աշխարհագրական առումով իրարից շատ հեռու գտնվող երկրները: Դա մերձեցման շատ արդյունավետ եւ գեղեցիկ տարբերակ է, որովհետեւ թարգմանությունը նախ եւ առաջ մտքերի ու մշակույթների փոխանակում է»,- նշեց տիկին դեսպանը:

Այլ նորություններ
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԴԻՄՈՐԴՆԵՐԸ. ԵՊՀ-ՈՒՄ ԱՎԱՐՏՎԵԼ Է ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ 2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐԻ ԱՌՑԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ
ԵՊՀ-ում հունիսի 15-ին ավարտվել է 2020-2021 ուսումնական տարվա դիմորդների դիմում-հայտերի առցանց ընդունման առաջին փուլը, որին հայտագրվել է 4060 դիմորդ:
ԵՊՀ-ՈՒՄ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ԱՌՑԱՆՑ
ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ մագիստրատուրայի ընդունելության հայտերն անհրաժեշտ է լրացնել առցանց: