02.07.2018 | 
Ուսանողական
ՊԱՂԵՍՏԻՆԱԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ
ՊԱՂԵՍՏԻՆԱԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում մեկնարկեց ՄԱԿ-ի մոդել-խորհրդաժողովը, որը կազմակերպել էին ուսանողները:

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը յուրաքանչյուր տարի կազմակերպում է ՄԱԿ-ի մոդել-խորհրդաժողովը, որի թեման այս անգամ պաղեստինաիսրայելական հակամարտությունն էր և լուծումների հնարավոր տարբերակների որոնման ուղիները:

 

«ՄԱԿ-ի մոդել-խորհրդաժողովի կազմակերպման հիմնական նպատակն ուսանողների գիտելիքների, օտար լեզվի իմացության բարելավումն ու բանավիճելու հմտությունների զարգացումն է»,- ասաց միջոցառման կազմակերպիչ, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտ Լիլիթ Խաչատրյանը:

 

ԵՊՀ-ի տարբեր ֆակուլտետների, Վ. Բրույսովի անվան պետական լեզվահասարակագիտական, Հայաստանի պետական  տնտեսագիտական և Հայաստանի ամերիկյան համալսարանների ուսանողներից ու շրջանավարտներից յուրաքանչյուրը խորհրդաժողովի ընթացքում թեմայի շրջանակում անգլերենով ներկայացնում է որևէ պետության դիրքորոշումն ու տեսակետները:

 

«Ուսանողները բավականին հետաքրքրությամբ են մասնակցում այս նախաձեռնությանը: Մասնակիցների շարքում նաև շրջանավարտներ կան, ովքեր ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակիցներն են: Մեկ մասնակից էլ ունենք գերմանական Պասաուի համալսարանից»,- փաստում է ՄԱԿ-ի մոդել-խորհրդաժողով համակազմակերպիչ Տաթև Դերզյանը:

 

ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչ, ապագա քաղաքագետ Շուշան Ավագյանն, ով խորությամբ ուսումնասիրել է հակամարտությունն ու դրանում ներգրավված կողմերի դիրքորոշումները, իր ելույթի հիմնական մեխը համարում  է տարածաշրջանի կայունությունն ու լայնամասշտաբ պատերազմի կանխմանն ուղղված դրույթները:

 

 

«Նմանաբնույթ միջոցառումները շատ կարևոր են ուսանողների համար, քանի որ ստիպված ես լինում խորքային ուսումնասիրություններ կատարել ու տեսակետներ կազմել որևէ կոնկրետ խնդրի վերաբերյալ: Սա մի հարթակ է, որտեղ հնարավորություն ես ստանում նաև զարգացնելու բանավիճելու հմտությունները, ինչը մասնագիտական հետագա աճի համար նույնպես շատ կարևոր է»,- ասում է Լ. Ավագյանը:

 

Մտացածին, բայց միևնույն ժամանակ իրականության շատ մոտ սցենարային խնդրի ու իրադարձությունների վերաբերյալ բուռն քննարկումներին և ելույթներին հետևում է բանաձևի ընդունում:

 

ՄԱԿ-ի մոդել-խորհրդաժողովի ավարտին մասնակիցները կստանան հավաստագրեր:

Այլ նորություններ
«ԴՈՒՔ ԵՔ ԼԻՆԵԼՈՒ ԱՅՆ ՀՊԱՐՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ, ՈՎՔԵՐ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՆ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԱՌԱՋԸՆԹԱՑԸ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ». ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ
Այսօր ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի շրջանավարտները հանդիսավոր արարողակարգով ստացան իրենց ավարտական վկայականները:
««ԴԱՇՆԱԿԻ ՈՐԴԻ» ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԻՆՁ ԶՐԿԵՑԻՆ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԻՑ». ՄԱՐԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՊԱՏՄՈՒՄ Է ԻՐ ԱՐՄԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Բազմաթիվ մրցանակների ու պատվավոր կոչումների արժանացած, Եվրոպայի երկրաֆիզիկայի ասոցիացիայի անդամ, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը ծնվել է Արարատի մարզի Այգեստան գյուղում: