12.11.2010 | 
Կրթություն
ՏՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ
ՏՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Սոցիոլոգիայի ֆակուլտետը վաղը կնշի իր վեցամյակը: Այսօր ֆակուլտետում մեկնարկեց «նախատոնական» ուսանողական գիտաժողով:

Սոցիոլոգիայի ֆակուլտետը ԵՊՀ ամենաերիտասարդ ֆակուլտետն է, բայց նույնիսկ այս հանգամանքը զերծ չի պահում նրան ձեւավորված ավանդույթներ ունենալուց: Ամեն տարի ֆակուլտետի ծննդյան տոնին ընդառաջ ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ տեղի է ունենում ուսանողական գիտաժողով, որի ընթացքում բարձրացվում ու քննարկման են դրվում մասնագիտական տարաբնույթ թեմաներ: ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանն այս գիտաժողովը յուրահատուկ նախապատրաստական փուլ է համարում սոցիոլոգի մասնագիտությամբ գիտնականների շարքը համալրելու ճանապարհին:

 

«Սա շատ լավ հնարավորություն է ձեր ընկերների ու դասախոսների հետ կիսվելու ձեր կատարած աշխատանքների արդյունքներով ու առաջարկելու նոր գաղափարներ»,-գիտաժողովի բացման խոսքում նշեց Արթուր Մկրտիչյանը: Այս տարի գիտաժողովին մասնակցում է շուրջ 20 ուսանող: Ի դեպ, նրանք իրենց զեկույցներով նաեւ մրցելու են միմյանց հետ, քանի որ գիտաժողովի արդյունքում ֆակուլտետի դասախոսներից կազմված խորհուրդն առանձնացնելու է երեք լավագույն աշխատանքները եւ խրախուսելու նրանց դրամական պարգեւներով:

 

Մասնակիցների շարքից կընտրվեն նաեւ IPSC (Քաղաքական եւ սոցիոլոգիական խորհրդատվության ինստիտուտ) ընկերության կրթաթոշակակիրները, ովքեր 6 ամիսների ընթացքում հետազոտական աշխատանք կատարելու հնարավորություն կունենան` ամսական ստանալով 50.000 դրամ կրթաթոշակ: ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողուհի Մարինե Սիմոնյանը 2009-2010 ուստարվա IPSC կրթաթոշակի մրցանակակիր է: Նախորդող 6 ամիսների ընթացքում Մարինեն իրականացրել է հետազոտություն` «Սոցիալական ցանցը որպես քաղաքական որոշումների կայացմանը նպաստող գործոն գյուղական համայնքում» վերնագրով: Այսօր կայացած գիտաժողովի արդյունքներն ու մրցանակակիրների անունները կհրապարակվեն վաղը` ԵՊՀ-ում կայանալիք տոնական միջոցառման ընթացքում: Նոյեմբերի 13-ին ֆակուլտետը կնշի հիմնադրման 6-ամյակը:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՖԻԶՄԱԹ ՀՈՍՔԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ Երևանի մասնագիտական և ավագ դպրոցների աշակերտները հանդիպեցին Ֆիզիկայի ֆակուլտետի ղեկավարության հետ:
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժինն այսօր մասնագիտական կողմնորոշման նպատակով այց է կազմակերպել Երևանի թիվ 198 ավագ դպրոց։