18.12.2006 | 
Հասարակություն
ԳՈՒՐԳԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ 70 ՏԱՐԵԿԱՆ Է
ԳՈՒՐԳԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ 70 ՏԱՐԵԿԱՆ Է
«Այսօր մտավորական կոչվելու իրավունք ունեն միայն այն մարդիկ, ովքեր տալիս են շատ, ստանում քիչ եւ բավարարվում են այդ քչով: Երջանիկ է նա, ով գիտե այդպես նվիրվել գործին»,- ասում է իր կյանքի 70 տարիներից 50-ը ԵՊՀ-ին նվիրած մտավորականը:

Դեկտեմբերի 18-ին ԵՊՀ Չարենցի դահլիճում նշվեց արեւելագիտության ֆակուլտետի դեկան, հասարակական-քաղաքական գործիչ, մտավորական Գուրգեն Մելիքյանի 70 ամյակը:

Հոբելյարին շնորհավորեցին ոչ միայն հանրապետության տարբեր կրթօջախների ներկայացուցիչներ, այլեւ պաշտոնական անձինք: Հնչեցին ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ Արտաքին գործերի նախարարի եւ ԼՂՀ նախագահի պաշտոնական ուղերձները: Իրանում ծնված պարսկագետին շնորհավորական ուղերձն էր հղել նաեւ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը:

Հյուրերի թվում էր ՀՀ պաշտպանության նախարար, ԵՊՀ Խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը: Արցախյան գոյամարտում եւ հայոց բանակի ձեւավորման գործում իր զգալի ներդրումն ունեցած մտավորականին Սերժ Սարգսյանը փոխանցեց վարչապետի հուշամեդալը, ապա նաեւ պարգեւատրեց Գարեգին Նժդեհի անվան մեդալով:

Գուրգեն Մելիքյանին շնորհավորեց նաեւ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանը: «Երբ ասում ենք Գուրգեն Մելիքյան, անմիջապես մեր աչքի առաջ հայտնվում է նրա ժպտերես, գեղեցիկ դեմքն իր փառահեղ բեղերով, ու մենք ակամայից ժպտում ենք»:

Գուրգեն Մելիքյանը 15 տարի եղել է Արցախի թեմի ատենապետը: Պարգեւ Սրբազանը տեղեկացրեց, որ Արցախի թեմի խորհուրդն որոշում է ընդունել Գուրգեն Մելիքյանին հռչակել թեմի պատվո ատենապետ:

«Մահը բազում անգամ անցել է իմ կողքով, բայց չի դիպել: Երեւի դեռ անելիքներ ունեմ այս կյանքում»,- ասում է երիտասարդի նման առույգ ու կայտառ, 70-ամյա Գուրգեն Մելիքյանը:

Այլ նորություններ
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ «ARMDOCT» ՆԱԽԱԳԾԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
ԵՊՀ աշխատանքային խումբն այսօր քննարկել է «Erasmus +» ծրագրի շրջանակում մեկնարկած «Armdoct» եռամյա նախագծի աշխատանքները:
ՍԼՈՎԱԿԻԱ. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Սլովակիան Կենտրոնական Եվրոպայում գտնվող, լեռներով պատված փոքր երկիր է: