14.07.2008 | 
ԿՄՐՑԵՆ ՄԻԿՐՈԷԼԵԿՏՐՈՆԻԿԱՅԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ
Սեպտեմբերին «Սինոփսիսի շաբաթը Հայաստանում» միջոցառումների շրջանակում կմեկնարկի Միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան երրորդ ամենամյա օլիմպիադան:

Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի հետագա զարգացումը, ինչպես նաեւ հայտնաբերել երիտասարդ, տաղանդավոր կադրեր, պարզաբանել տվյալ ոլորտում նրանց գիտելիքների մակարդակը եւ, ընդհանրապես, հետաքրքրություն առաջացնել դեպի միկրոէլեկտրոնիկան:

 

Օլիմպիադային կարող են մասնակցել մինչեւ 30 տարեկան քոլեջների, միջին մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների կամ միկրոէլեկտրոնիկայի բնագավառի ընկերությունների բոլոր այն երիտասարդ մասնագետները եւ ուսանողները, ովքեր ունեն համապատասխան գիտելիքներ ոչ միայն միկրոէլեկտրոնիկայից, էլեկտրոնային սխեմաների նախագծումից, այլ նաեւ ծրագրավորումից, մաթեմատիկական մեթոդներից ու ալգորիթմներից:

 

«Ակնկալում ենք տվյալ բնագավառի առաջատար բուհերի ուսանողների եւ ընկերությունների երիտասարդ մասնագետների ակտիվ մասնակցությունը: Ապահովելու ենք մրցույթի անցկացման անաչառությունն ու մասնակցության հավասար պայմանները: Մասնակցությունը նմանաբնույթ մրցույթներին գիտելիքների եւ հմտությունների պատշաճ մակարդակով ներկայացման, վերստուգման, դրանց զարգացման ուղղությունների ճշգրտման մեծ հնարավորություններ է ընձեռում»-, ասում է օլիմպիադայի Ծրագրային կոմիտեի նախագահ, Սինոփսիս Արմենիայի ուսումնական դեպարտամենտի տնօրեն, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Վազգեն Մելիքյանը:

 

Օլիմպիադան կընթանա 2 փուլով: 1-ին փուլը կանցկացվի ստուգարքի ձեւով: Իսկ 2-րդ փուլում մասնակիցներին կտրամադրվեն ինքնատիպ լուծումներ պահանջող խնդիրներ, որից հետո տեղի կունենան հաղթողների պարգեւատրման հանդիսավոր արարողությունը եւ նրանց ընդունելությունը: Առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը, որպես մրցանակ, կստանա Notebook: Իսկ 2-րդ եւ 3-րդ տեղերի համար սահմանված են մրցանակներ` համապատասխանաբար 300.000 եւ 150.000 դրամի չափով:

 

Հատուկ մրցանակներ են սպասվում «ամենաէլեգանտ», «ամենաարդյունավետ», «ամենաստեղծագործ», «ամենայուրօրինակ» լուծումներ առաջարկողներին եւ «լավագույն ճարտագիտական մոտեցման» համար: Կպարգեւատրվեն նաեւ ամենաերիտասարդ մասնակիցը եւ լավագույն արդյունք ցույց տված ուսանող-մասնակիցն ու մասնագետ-մասնակիցը: Բոլոր մասնակիցներն էլ կստանան մասնակցության վկայականներ:

 

Մասնակցության համար դիմողներն իրենց հայտերը կարող են ներկայացնել Արշակունյաց 41 հասցեում գտնվող Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ի Ուսումնական դեպարտամենտ կամ ուղարկել microelectronics_olympiad@synopsys.com էլեկտրոնային հասցեով մինչեւ սեպտեմբերի 13-ը: Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել www.microolymp.am կայքը: