05.12.2007 | 
ՆՐԱ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔՆԸ ԼԵԳԵՆԴ է ԵՂԵԼ
ՆՐԱ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔՆԸ ԼԵԳԵՆԴ է ԵՂԵԼ
Մոնթե Մելքոնյանը նոյեմբերի 25-ին կդառնար 50 տարեկան:
Այսօր ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողները փորձում էին ճանաչել Ազգային հերոսին իր երեք մտերիմ ընկերների` Ալեք Ենիգոմշյանի, Հրայր Կարապետյանի եւ Էդիկ Բաղդասարյանի հետ զրուցելով: Մոնթեն միայն 12-13 տարեկանում է գիտակցել, որ ինքը հայ է, երբ դպրոցում հարցրել են նրա ազգությունը: Այդուհետ նա իր ողջ կյանքը, Հ. Կարապետյանի խոսքերով, գաղափարապես նվիրել է իր ժողովրդի պայքարին: «Մենք կարող ենք ունենալ գաղափարներ, բայց կյանքի հետ չնույնացնել դրանք: Մոնթեի մոտ այդպես չէր. եթե նա ինչ-որ բանում համոզվում էր, նա էությամբ նույնանում էր դրա հետ»: Մոնթեի ողջ կյանքը լեգենդ է եղել: Այս միտքը հնչեց բոլոր երեք ընկերների շուրթերից, երբ ուսանողները խնդրեցին պատմել որեւէ դրվագ, որը կարող է դառնալ լեգենդ ապագա սերունդների համար: Է. Բաղդասարկյանի խոսքերով` Արցախում հարյուրավոր երեխաներ Մոնթե կամ Ավո անունն են կրում, որն արդեն իսկ խոսուն վկայություն է նրա լեգենդ լինելու համար, թեեւ, ընկերների խոսքերով, նա երբեք չի ձգտել այդ նպատակին: Ասում են, որ Մոնթեն բարդ մարդ է եղել: Այս հարցին ընկերների պատասխանը եւս միանշանակ էր` Մոնթեն եղել է շատ պարզ անձնավորություն: «Բարդ է նրան նկարագրելը, որովհետեւ պարզությունը բացատրելն է դժվար »,- ասաց Ա. Ենիգոմշյանը: Նրանց ընկերը մարտի դաշտում հզոր էր իր գիտելիքներով. հմուտ դիվանագետ էր, խորհրդային եւ ամերիկյան բոլոր տեսակի զենքերի գիտակ: Հ. Կարապետյանի խոսքերով` Մոնթեն, ղեկավար լինելով հանդերձ, նաեւ հասարակ զինվոր էր, ով մասնակցում էր մարտական գործողություններին եւ պատերազմի ժամանակ միշտ առաջին գծում էր: Լույս է տեսել Մարգար Մելքոնյանի` իր եղբորը նվիրված գրքի հայերեն տարբերակը, որի միջոցով կարող ենք շատ ավելին իմանալ Ազգային հերոսի մասին: Ա. Ենիկոմյանի խոսքերով`այստեղ զետեղված են մտքեր քաղաքկանության վերաբերյալ, որոնք օգտակար կլինեն հենց միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների համար: Այս շաբաթ լույս կտեսնի եւս մեկ գիրք, որտեղ առաջին անգամ զետեղված կլինեն Մոնթեին ճանաչած ու նրա հետ պայքարած մարդկանց հուշերը: