09.09.2020 | 
ԲՈՒՀԱԿԱՆ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԱՎԱՆԴՈՒՅԹ, ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ԳՈՐԾՈՆ
ԲՈՒՀԱԿԱՆ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԱՎԱՆԴՈՒՅԹ, ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ԳՈՐԾՈՆ
Բուհական ինքնավարությունը եվրոպական համալսարանների ինքնակազմակերպման կարևորագույն բաղադրիչներից է, որն ապահովում է որակյալ կառավարման և ակադեմիական ազատության սկզբունքների լիարժեք իրացումը:

Եվրոպայում միջնադարյան համալսարանների ստեղծմանը զուգահեռ առաջացավ նաև համալսարանական ինքնավարության անհրաժեշտությունը:

10-12-րդ դարերում եվրոպական համալսարանների ինքնավարությանը մի կողմից խոչընդոտում էր կաթոլիկ եկեղեցին (հատկապես Պապն ու եպիսկոպոսները), մյուս կողմից՝ քաղաքական ուժերն ու հեղինակությունները (իշխան, թագավոր, կայսր):

Եվրոպական համալսարանների ինքնավարության պատմության մեկնարկը տրվեց 1155 թվականին, երբ Ֆրիդրիխ Բարբարոսան օրինական ինքնավարություն շնորհեց Բոլոնիայի համալսարանին, այսպես կոչված, գիտական արտոնության միջոցով (authentica habita):  

Հենց այս ժամանակաշրջանն էլ համարվում է Բոլոնիայի համալսարանի ծաղկման շրջանը, քանի որ ձեռք բերված ինքնավարությունը վերջինիս հնարավորություն տվեց ընդլայնելու դասավանդվող առարկայացանկը, մասնագիտությունների ցանկում ավելացնելու նորերը և զարգացնելու ուսուցման մեթոդները:

Համարվում է, որ Բոլոնիայի համալսարանը հենց ինքնավարության շնորհիվ է դարձել  Իտալիայի լավագույն բուհը և աշխարհի ամենաազդեցիկ համալսարաններից մեկը:

Իր գոյության ընթացքում այն մեծ ազդեցություն է ունեցել ինչպես Իտալիայում, այնպես էլ  ողջ Եվրոպայում։

Միջնադարում ֆրանսիական համալսարաններն անկախ էին աշխարհիկ իշխանությունից, բայց գտնվում էին կաթոլիկ եկեղեցու հսկողության ներքո:

Միապետները սովորաբար չէին խառնվում համալսարանական կյանքին, բայց ամեն ինչ փոխվեց 16-րդ դարում, երբ Լուի XIV-ը որոշեց խախտել նախորդների ավանդույթը՝ իրեն վերապահելով դասախոսների նշանակման պարտականությունը, ինչի արդյունքում կաթոլիկ եկեղեցու ազդեցությունը ֆրանսիական համալսարաններում սկսեց քիչ-քիչ թուլանալ:

Լուի XV-ի օրոք եկեղեցին վերջնականապես դադարեց միջամտել ներհամալսարանական կյանքին՝ դրանով ավելացնելով կրթական կենտրոնների ինքնավարությունը:

Եվրոպական միջնադարյան բուհերում համալսարանական ինքնավարության պահանջն առաջացել էր, քանի որ արտաքին ուժերը (կաթոլիկ եկեղեցի, թագավոր) փորձում էին սահմանափակել համալսարանների գործունեությունը:

Ի տարբերություն եվրոպական համալսարանների՝ Ռուսաստանում բուհերի ինքնավարության գործընթացը սկսվեց բավականին ուշ. 1804 թվականին Մոսկվայի կայսերական համալսարանը դարձավ ինքնավար:

 

Համալսարանական նոր կանոնադրությունը, որը կայսերական համալսարանի համար բուհական ինքնավարություն էր սահմանում, կայսր Ալեքսանդր I-ի հայտնի բարեփոխումներից էր:

Ըստ այդ կանոնադրության՝ ստեղծվեցին կոլեգիալ կառավարման մարմիններ՝ համալսարանի խորհուրդ, ֆակուլտետների խորհուրդ և կառավարող մարմին:

Համալսարանական խորհուրդը, որը բաղկացած էր ականավոր պրոֆեսորներից, ընտրում էր ռեկտորին:

 

Միևնույն ժամանակ միշտ էլ ի հայտ են եկել քաղաքական ուժեր և գործիչներ, որոնք ձգտել են ճնշել կամ խոչընդոտել համալսարանական ինքնավարությանը:

1882-1897 թվականներին Կայսերական Ռուսաստանի ժողովրդական լուսավորության նախարար է նշանակվում Իվան Դելյանովը:

Վերջինս աչքի էր ընկնում կրթական ոլորտում ծավալած և ոչ միանշանակ ընկալվող  գործունեությամբ:

Իվան Դելյանովի գործունեության օրոք՝ 1884 թվականին, մտցվեց համալսարանական նոր կանոնադրություն, որը համալսարաններին զրկեց նախկին ինքնավարությունից, փակվեցին կանանց համար նախատեսված բարձրագույն դասընթացները։

1887 թ. հունիսի 18-ին Դելյանովի անմիջական մասնակցությամբ հրատարակվեց «Շրջաբերական խոհարարուհիների երեխաների մասին», որի համաձայն արգելվեց վարժարաններ ընդունել կառապանների, լվացարարուհիների, մանր խանութպանների երեխաներին։

Այսպիսով սահմանափակվեց ազնվական ծագում չունեցող երեխաների մուտքը գիմնազիաներ:  Սահմանվեց տոկոսային չափ ուսումնական հաստատություններ ընդունվող հրեաների համար:

Այս «բարեփոխումներից» հետո Ցարական Ռուսաստանի կրթական համակարգը հետընթաց ապրեց:

20-րդ դարասկզբի հեղափոխական շարժումները վերադարձրին ռուսական համալսարաններին ինքնավարության իրավունքը և բարձրացրին նրանց հեղինակությունը: Օրինակ՝ հայտնի է, որ հեղափոխական գործունեության համար ձերբակալված առաջինկուրսեցի Վահան Տերյանը «Բուտիրկա» բանտից ազատվել է Մոսկվայի համալսարանի ռեկտորի երաշխավորությամբ: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ռուսական համալսարանները նորից կորցրին իրենց ինքնավարությունը:

Հայտնի է, որ բռնապետական իշխանությունների հաստատման ժամանակ վտանգի է ենթարկվում նաև  համալսարանական ինքնավարությունը, ինչի արդյունքում համալսարանները, կորցնելով ինքնուրույնությունը, սկսում են սպասարկել  իշխող ուժի քաղաքական շահերին:

Գերմանիայում հաստատված նացիստական վարչակարգը ձեռնամուխ եղավ նաև համալսարաններին ինքնավարությունից զրկելու գործընթացին: Համալսարանների նկատմամբ նացիստների վարած քաղաքականության հիմնական նպատակը մարդկանց բռնի կերպով գերիշխող գաղափարախոսությունը պարտադրելն էր:

Պետական համալսարանների ղեկավար կազմում նշանակվում էին նացիոնալ-սոցիալիզմի գաղափարախոսությանը հավատարիմ և վստահելի մարդիկ, որոնց գերխնդիրը կրթական համակարգում նացիոնալ-սոցիալիստական գաղափարախոսությունը ներառելն ու ապագա սերնդին այդ գաղափարախոսությամբ կրթելն էր:

Ինչպես այդ ժամանակ բոլոր բուհերը, Բեռլինի Հումբոլդտի համալսարանը ևս չի կարողացել խուսափել նացիստական ռեժիմի բռնություններից:

Համալսարանի նորանշանակ ռեկտոր Օյգեն Ֆիշերը (Eugen Fischer) նացիստական գաղափարախոսության կրողներից էր:

 

1933 թ. մայիսի 10-ին նրա նախաձեռնությամբ այրվեց համալսարանի գրադարանում պահվող՝ «այլասերվածների» և ռեժիմի հակառակորդների մասին գրված շուրջ 20.000 գիրք:

Այսօր գրքերն այրելու վայրում տեղադրված է հուշարձան, որի վրա գրված են  գերմանացի գրող Հայնրիխ Հայնեի տողերը. «Սա միայն նախերգանքն է. այնտեղ, որտեղ գրքեր են այրում, կայրեն նաև մարդկանց»:

Ըստ գերմանացի գիտնականների՝ 1933-1945 թթ. ընկած ժամանակահատվածում գերմանախոս երկրները կորցրել են շուրջ 3000 գիտնականների, որն ամբողջ գիտական անձնակազմի մոտ մեկ երրորդն էր:

Մեր օրերի եվրոպական համալսարաններում ինքնավարությունը համալսարանական կառավարման կարևորագույն գործոններից է:

 

21-րդ դա­րում բարձ­րա­գույն կր­թության ար­դիակա­նաց­ման գոր­ծում համալսարանական ինս­տի­տու­ցիոնալ ինքնավարությունը կարևորագույն գործոն է, որը հնա­րա­վո­րու­թյուն է     տա­լիս հա­մալ­սա­րան­նե­րին լա­վա­գույնս իրա­կա­նաց­նե­լու իրենց առա­քե­լու­թյուն­նե­րը: ­

1988 թվականի սեպտեմբերի 18-ին 430 ռեկտորներ ստորագրեցին Եվրոպական համալսարանների մեծ խարտիան՝ նվիրված Բոլոնիայի համալսարանի հիմնադրման 900-ամյակին:

Ի դեպ, ԵՊՀ-ն այդ խարտիան ստորագրած բուհերից մեկն է: Հենց Բոլոնիայի համալսարանի ինքնավարությունն է սկիզբ դրել եվրոպական համալսարանների ակադեմիական ինքնավարության պատմությանը: 

Ըստ Եվրոպական համալսարանների մեծ խարտիայի՝ համալսարանն ինքնավար հաստատություն է, որը ստեղծում է ակադեմիական և գիտական մշակույթ: Ժամանակակից աշխարհի պահանջներին համապատասխանելու համար համալսարանը պետք է  ունենա բարոյական ու մտավոր անկախություն ցանկացած քաղաքական և տնտեսական ուժից՝ իրականացնելով հետազոտական ու կրթական գործունեություն:

Բազմիցս քն­նարկ­վել է հա­մալ­սա­րան­նե­րի ինք­նա­վա­րու­թյան և վեր­ջին­նե­րիս  աշ­խա­տանք­նե­րի ար­դյունա­վե­տու­թյան միջև եղած կա­պը՝ արձանագրելով այն փաստը, որ զար­գա­ցած երկր­նե­րի հա­մալ­սա­րան­նե­րն ունեն ինք­նա­վա­րու­թյու­ն (աշ­խատա­կից­նե­րի ընտ­րու­թյու­նից մինչև աշ­խա­տա­վար­ձե­րի չափ և  կառուցվածքի ու ղեկավարության ընտրություն), քանի որ «ֆինանսական ինք­նա­վա­րու­թյան և հետա­զո­տա­կան աշ­խա­տանք­նե­րի որակի մա­կար­դա­կները փոխ­կա­պակց­ված են» (Aghion et al. 2008: 5):­

Եվրոպական համալսարանական ասոցիացիան (ԵՀԱ) տար­բեր հռչա­կագ­րերով վե­րա­հաս­տա­տել է ինս­տի­տու­ցիո­նալ ինք­նա­վա­րութ­յան ո­րո­շիչ դե­րը բարձրա­գույն ուսումնական հաս­տա­տութ­յուն­նե­րի հա­մար:

2001 թ. Սա­լա­ման­կա­յի հռ­չա­կա­գիրը, որով նշա­նա­վո­րվեց ԵՀԱ հիմ­նադ­րումը, ինք­նա­վա­րութ­յու­նը և հաշ­վետ­վո­ղա­կա­նութ­յու­նը ճանաչել է որպես համալսարանական  կառավարման կարևորագույն սկզբունք:

Ըստ այդ հռչակագրի՝ ինք­նա­վա­րու­թյունն        օգ­նում է նաև որա­կի ստան­դարտ­նե­րը բա­րե­լա­վե­լուն:

ԵՀԱ Լիսաբոնի հռչակագիրը (2007 թ.) սահ­մա­նում է ինք­նա­վա­րութ­յան չորս հիմ­նա­կան տեսակ­՝ ակա­դե­միա­կան, ֆի­նան­սա­կան, կազ­մա­կերպ­չա­կան և մարդ­կա­յին  ռե­սուրս­նե­րի կա­ռա­վար­ման:

Ըստ ԵՀԱ Պրահայի հռչակագրի (2009 թ.)՝ ­հա­մալ­սա­րան­նե­րն ա­վե­լի մեծ   ինք­նա­վա­րութ­յուն և հատ­կա­պես բա­րեն­պաստ նոր­մա­տիվ-ի­րա­վա­կան դաշ­տ ունենալու դեպքում լավ կծառայեն հա­սա­րա­կութ­յա­նը՝ հնա­րա­վո­րութ­յուն ունենալով ստեղծե­լու կառուցվածքային ստորաբաժանումներ, ընտ­րե­լու և ու­սու­ցա­նե­լու աշ­խա­տա­կազ­մին, մշա­կե­լու ա­կա­դե­միա­կան ծրագ­րեր ու­ օգ­տագոր­ծե­լու ֆի­նան­սա­կան ռե­սուրս­ներն ի­րենց ինս­տի­տու­ցիո­նալ ա­ռա­քե­լութ­յուն­նե­րին և­ ուղղվածությանը հա­մա­հունչ:

Համալսարանների ինքնավարության կար­ևոր ցուցիչներից է արտաքին անդամների ներգրավվածությունը բուհի կառավարման գործընթացում:

Գոյություն ունի արտաքին անդամների նշանակման 4 մոդել:

Ըստ առաջին մոդելի՝ հա­մալ­սա­րան­ներն ազատ են ի­րենց ղե­կա­վար մար­մին­նե­րում ար­տա­քին ան­դամ­ների նշանակման հարցում:

Էս­տո­նիա­յում, Դանիայում, Ֆինլանդիայում, Պորտուգալիայում, Ի­տա­լիա­յում, Միաց­յալ  Թա­գա­վո­րութ­յու­նում բուհերն են որոշում՝ արդ­յոք ցան­կա­նում են նե­րա­ռել ար­տա­քին ան­դամ­նե­րի, թե ոչ:

Երկրորդ մոդելի համաձայն՝ ար­տա­քին անդամներն ա­ռա­ջադր­վում են հա­մալ­սա­րա­նի, բայց նշա­նակ­վում ար­տա­քին մարմ­նի կող­մից (Նոր­վե­գիա­, Ս­լո­վա­կիա­ և Շ­վե­դիա­):

Ըստ երրորդ մոդելի՝ ար­տա­քին ան­դամ­նե­րի մի մա­սը նշա­նակ­վում է հա­մալ­սա­րա­նի, իսկ մյուս մա­սը՝ ար­տա­քին մարմ­նի կող­մից (Ավստ­րիա­, Կիպ­րո­ս, Ֆ­րան­սիա­, Իս­լան­դիա­ և Լիտ­վա­):

Չորրորդ մոդելը սահմանում է, որ ար­տա­քին ան­դամ­նե­րին նշա­նա­կու­մ է ար­տա­քին մարմ­ինը (Հուն­գա­րիա­, Ի­տալիա­, Լ­յուք­սեմ­բուր­գ, Նիդեր­լանդ­նե­ր, Իս­պա­նիա­ և  Շ­վեյ­ցա­րիա­):

Ըստ Եվրոպայում համալսարանական ինքնավարության գնահատման հաշվեքարտի՝ բուհերի կազ­մա­կերպ­չա­կան ինք­նա­վա­րութ­յան առումով Մեծ Բրիտանիան ա­ռա­ջա­տարն է. նրա բարձ­րա­գույն կրթութ­յան համա­կար­գը բո­լոր ցու­ցա­նիշ­նե­րով գնա­հատ­վում է 100%: Սա նշա­նա­կում է, որ Մեծ Բրիտանիայի բարձ­րա­գույն ուսումնական հաս­տա­տութ­յուն­նե­րը բացարձակ ինքնավար են և կա­րող են ո­րո­շում­ներ կայաց­նել առանց պե­տա­կան մի­ջամ­տութ­յան:

Եվրոպայում համալսարանական ինքնավարության գնահատման հաշվեքարտն ըստ համալսարանների ինքնավարության աստիճանի առանձնացնում է 4 խումբ:

 

Առաջին՝ մեծապես ինքնավար խմբում ներառված են Դա­նիայի, Էս­տո­նիայի, Ֆին­լան­դիայի, Իռլան­դիայի և Հ­յու­սի­սա­յին Հ­ռե­նոս-­Վեստ­ֆա­լիայի համալսարանները, որոնք­ ու­նեն ինքնավարության գնահատման 80%-ից բարձր միա­վոր­ներ և այդպիսով համարվում են առավելապես ինքնավար:

Նշված հա­մալ­սա­րան­նե­րն իրավունք ունեն ինքնուրույն ո­րո­շելու ի­րենց  ստորաբաժանումների կա­ռուց­ված­քը, ս­տեղ­ծելու շա­հույթ հե­տապն­դող և չհե­տապն­դող տար­բեր ի­րա­վա­բա­նա­կան միա­վոր­ներ, ի­րենց կառավարման մար­մին­նե­րում նշա­նա­կելու ար­տա­քին ան­դամ­նե­րի:

Առաջին խմբի համալսարաններից ոչ մե­կում գոր­ծա­դիր ղեկավար մարմնի կազմավորման գոր­ծըն­թացին պետությունը չի խառնվում: Իսկ հե­ռաց­ման գոր­ծըն­թա­ցը պետության կողմից կար­գա­վոր­վում է միայն Հ­յու­սի­սա­յին Հ­ռե­նոս­-Վեստ­ֆա­լիա­յում:

Երկ­րորդ խմ­բում ներառված են Ավստ­րիայի, Հես­սե­նի, Լատ­վիայի, Լիտ­վայի,  Նիդեր­լանդ­նե­րի, Նոր­վե­գիայի, Լե­հաս­տա­նի և Պոր­տու­գա­լիայի համալսարանները, որոնք ունեն ինքնավարության գնահատման 61-80% միա­վոր­ներ:

Վերոնշյալ երկրների բուհերն ա­կա­դե­միա­կան մար­մին­նե­րի և ստորաբաժանումների  կա­ռուց­ված­քը ո­րո­շե­լու և շա­հույթ հե­տապն­դող ու  չհե­տապն­դող ի­րա­վա­բա­նա­կան մար­մին­ներ ստեղծելու տե­սանկ­յու­նից բավականին ճկուն են:

Այդ համալսարանների մեծ մա­սը բուհի ղե­կա­վար մար­մին­նե­րում նե­րառում է ար­տա­քին ան­դամ­ների: Բացառություն են Լեհաստանն ու Լատ­վիան, որոնց համալսարաններն ինքնուրույն չեն այդ հարցում:

Ավստ­րիա­յում, Հես­սե­նում և Լիտ­վա­յում բուհերի ղե­կա­վար մար­մին­նե­րում ար­տա­քին ան­դամ­նե­րի մի մասը նշա­նակ­վում է լիազոր մարմ­նի, մյուս մասը՝ հա­մալ­սա­րա­նի կող­մից: Հեսսենում խորհրդի կազմը  կարող է ընդգրկել մինչև տասը արտաքին անդամ, որի կեսը նշանակվում է համալսարանի, իսկ մյուս կեսը՝ արտաքին մարմնի կողմից:

 

Հարկ է նշել, որ այս խմբի համալսարանները հիմ­նա­կա­նում ինքնուրույն են ո­րո­շում     կա­յաց­նում ա­կա­դե­միական և ­ի­րա­վա­բա­նա­կան ան­ձի կար­գա­վի­ճակ ու­նե­ցող մար­մին­նե­րի ստեղծ­ման հետ կապված:

Եր­րորդ­ խում­բը նե­րա­ռում է հա­մալսարաններ, ո­րոնք ու­նեն ինքնավարության գնահատման 41-60% միա­վոր­ներ, գոր­ծա­դիր ղեկավար մարմնի նշա­նակ­ման գոր­ծըն­թա­ցը տե­ղի է ու­նե­նում բա­ցա­ռա­պես ինս­տի­տու­ցիո­նալ մա­կար­դա­կում:

Երրորդ խմբի հա­մալ­սա­րան­նե­րը, «մի­ջին բարձր» հա­մախմ­բի հետ համեմատած, խիստ սահ­մա­նա­փակ իրավասութ­յուն­ներ ու­նեն ի­րենց ղե­կա­վար մար­մին­նե­րում ար­տա­քին ան­դամ­նե­րի ընտ­րության հարցում, և բո­լորը, բա­ցի Բ­րան­դեն­բուր­գի ու Հու­նաս­տա­նի համալսարաններից, նե­րգրավում են ոչ հա­մալ­սա­րա­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ­ների:

Իսլանդիայում, օրինակ, խորհուրդը բաղկացած է 11 անդամից: Խորհրդի անդամներից 5-ը արտաքին անդամներ են, որոնցից երկուսին նշանակում է նախարարությունը, իսկ երեքին նշանակում են խորհրդի մյուս անդամները:

Նշված խմ­բում հա­մալ­սա­րան­նե­րի ի­րա­վա­սութ­յու­նն ա­կա­դե­միա­կան մար­մին­նե­րի կա­ռուց­ված­քը ո­րո­շե­լու հար­ցերում նույն­պես զգա­լիո­րեն սահ­մա­նա­փակ­ված է. միայն    Բ­րան­դեն­բուր­գում, Հուն­գա­րիա­յում, Իս­պա­նիա­յում և Շ­վեյ­ցա­րիա­յում է, որ նրանք ինքնուրույն կա­րող են ո­րո­շե­լ ի­րենց կից գործող դպրոց­նե­րի, ստորաբաժանումների     կա­ռուց­ված­քը:

Չոր­րորդ՝ «ցածր» հա­մա­խում­բը նե­րա­ռում է 40%-ից ցածր միա­վոր­ներ հա­վա­քած բարձ­րա­գույն կրթա­կան հա­մա­կար­գե­րը (Լ­յուք­սեմ­բուր­գ):

Այս խմբում բուհի գոր­ծա­դիր ղեկավար մարմնի ընտ­րութ­յունն ու հե­ռա­ցու­մը սահ­ման­վում են բարձ­րա­գույն կրթութ­յան մա­սին օ­րեն­քով:

Բայց պետք է նշել, որ թվարկված բոլոր խմբերի երկրներում ապահովված են բուհերի ողջամիտ ինքնավարությունն ու ակադեմիական ազատությունը:

 

Անի Պողոսյան