10.05.2018 | 
Հասարակություն
«ԻՄ ՀԱՄՈԶՄԱՄԲ, ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ Է ԱՌԱՋ ՔԱՅԼՈՒՄ». ՀՐԱՉՈՒՀԻ-ՄԱՐԻ ՊՈՂՈՍՅԱՆ
«ԻՄ ՀԱՄՈԶՄԱՄԲ, ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ Է ԱՌԱՋ ՔԱՅԼՈՒՄ». ՀՐԱՉՈՒՀԻ-ՄԱՐԻ ՊՈՂՈՍՅԱՆ
ԵՊՀ դասախոս Հրաչուհի-Մարի Պողոսյանը ծնվել է Իրաքում, սովորել Մեծ Բրիտանիայում, երկար ժամանակ ապրել և աշխատել է ԱՄՆ-ում, իսկ հետո սրտի կանչով տեղափոխվել հայրենիք: Մասնագիտությամբ ֆիզիկոս, նախկինում Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) աշխատակից Հրաչուհի-Մարի Պողոսյանը որոշեց, որ Հայաստանի մարդկային հզոր ներուժին պետք է ավելացնել ստեղծարար մտածողությունը, և որոշումն իրականացնելու համար դասընթացի պլան կազմեց ու սկսեց դասախոսություններ կարդալ հայաստանյան տարբեր բուհերում:

-Տիկին Պողոսյան, կպատմեք՝ ինչպե՞ս որոշեցիք վերջնականապես տեղափոխվել Հայաստան:

 

-2001-2002 թվականներն էին, երբ ես ու ամուսինս եկանք ու միանգամից սիրահարվեցինք Հայաստանին: Դրանից հետո ամեն տարի սկսեցինք պարբերաբար այցելել: Ամեն անգամ էլ ավելի էի համոզվում, որ այստեղ յուրաքանչյուր ասպարեզի զարգացման համար պարարտ հող կա, հատկապես ստեղծարար մտածողության, նորարարության և ձեռներեցության համար: ԱՄՆ-ում ես աշխատում էի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունում (ՆԱՍԱ), որտեղ ներառված էի տեխնոլոգիաների զարգացման ծրագրի աշխատանքներում: Այնտեղ աշխատում էինք փոքր արբանյակների վրա, կազմակերպում էինք նաև դասախոսություններ ուսանողների համար: Հայաստանում ԵՊՀ դասախոս ընկերուհուս խնդրեցի փոխարինել իրեն և համալսարանում դասախոսություն կարդալ, որի ժամանակ ևս մեկ անգամ համոզվեցի, որ հայ ուսանողները միանգամայն տարբերվում են իրենց մտածողությամբ ու գիտելիքներով: 2014 թվականն էր, երբ ես ու ամուսինս հասկացանք, որ այլևս չենք կարողանում Հայաստանից հեռու ապրել. սկսել էինք գործերից «փախչել», ամեն հարմար առիթ օգտագործել, որ մի անգամ էլ Հայաստան գանք: Հաստատապես որոշեցինք ու վերջնականապես տեղափոխվեցինք այստեղ:

 

- Ո՞րն էր մեկնակետը: Ինչպե՞ս սկսեցիք Ձեր գործունեությունը Հայաստանում:

 

- Երբ տեղափոխվեցինք Հայաստան, դիմեցի Հայաստանի ամերիկյան համալսարան (ՀԱՀ) և ասացի, որ ցանկանում եմ դասավանդել ու դասախոսություններ կարդալ ստեղծարարություն, նորարարություն և ձեռներեցություն թեմաներով, բայց ես մասնագիտությամբ ֆիզիկոս եմ: Այդ ոլորտում «PhD» աստիճան ունեմ և բացի այդ՝ բիզնեսի ոլորտում էլ մագիստրոսի աստիճան եմ ստացել ԱՄՆ-ում: Դասավանդվող թեմաների վերաբերյալ ընտրությունս հիմնավորեցի այն փաստարկով, որ այստեղ առկա է մարդկային հզոր ներուժ, որին պետք է ավելացնել ստեղծարար մտածելակերպը: Ինձ հնարավորություն տվեցին մեկ դասընթաց անցկացնելու, որը կոչվում էր «Ստեղծարարություն և տեխնոլոգիական նորարարություններ»: Դասախոսություններից մեկի ավարտին ինձ մոտեցավ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտներից մեկը և առաջարկեց այդ նույն թեմայով թրեյնինգ անցկացնել Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոսների համար: Սիրով համաձայնվեցի: «Ստեղծարար մտածողություն» խորագրով սեմինարից հետո ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանն առաջարկեց մագիստրատուրայի ուսանողներին դասավանդել նույն թեման և բացատրել, թե ինչ է ստեղծարարությունը: Այդ ժամանակվանից մինչև այսօր դասավանդում եմ ԵՊՀ-ում: Բացի այդ՝ դասավանդում եմ Հայաստանի ամերիկյան համալսարանում, ինչպես նաև սեմինարներ եմ անցկացնում ԵՊԼՀ-ում, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում և տեղական տարբեր կազմակերպություններում:

 

- Ի՞նչ է իրենից ենթադրում ստեղծարար մտածողությունը:

 

-Ստեղծարար մտածողությունը թույլ է տալիս տեսնել աննկատը, աներևելին, պատկերացնել ու հնարել նորություններ: Այն հնարավորություն է ընձեռում դուրս գալու կարծրատիպերից ու նոր ուղղությամբ մտածելու: Բացի այդ՝ ստեղծարար մտածողությունն ուժ է տալիս խոսելու, արտահայտվելու, բացահայտելու, ներկայացնելու ու գործելու: Այս մտածողության շնորհիվ բոլոր մտքերն արտահայտվում են ու իրականություն դառնում, իսկ խնդիրները տարբեր կողմերից են դիտարկվում ու ամենաարդյունավետ լուծումը ստանում: Ստեղծարար մտածողությունը շարժուն հասարակության, նորարական մտածողության և ձեռներեցության հիմքն է: Այն կիրառվում է բոլոր ասպարեզներում ու ոլորտներում: Ստեղծարար մտածողության կարելի է հասնել նախևառաջ մոտիվացիայի շնորհիվ: Պետք է համապատասխան գրականություն կարդալ ու շփվել ոլորտի մասնագետների հետ:

 

-Ինչպե՞ս եք կազմակերպում դասընթացը ԵՊՀ-ում:

 

-ԵՊՀ-ում դասավանդում եմ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում: 2015 թվականին պիլոտային դասընթաց կազմակերպեցինք, որի շրջանակում սովորեցինք միայն խնդիրներին ստեղծարար ձևով լուծումներ տալ, որն այս ոլորտի մի փոքր հատվածն է միայն: 2016 թվականից մինչև անցյալ տարի դասընթացը ներառեց նաև գիտելիք այն մասին, թե ինչպես կարելի է կիրառել ստեղծարար մտածողությունն անհատական և խմբային աշխատանքների ժամանակ: Միևնույն ժամանակ ներառվեցին դասեր քննադատական մտածելակերպի վերաբերյալ, որոնք սովորեցնում էին, թե ինչպես այս մտածողությունն օգտագործել մասնագիտական ոլորտում, այսինքն՝ հաղորդակցության և մեդիայի: Այս ամենը կազմակերպում էինք և՛ դասախոսությունների, և՛ գործնական աշխատանքների միջոցով: Դասերի ժամանակ քննարկել ենք նաև խնդիրներ ուսանողների առօրյա և աշխատանքային կյանքից ու փորձել միասին դրանց լուծման տարբեր ճանապարհներ գտնել: Այս տարի արդեն այս ամենին գումարել ենք ևս երկու թեմա՝ «Նորարարական ժուռնալիստիկան» և «Բիզնեսը և ժուռնալիստիկան»: Այս թեմաները ոչ միայն կօգնեն լրագրողներին իրենց բիզնեսն ունենալ, այլև կտան գիտելիք այդ ոլորտի թեմաներն առավել գրագետ և բովանդակային լուսաբանելու համար: Ցավոք, հայերենով դեռ ամբողջ գրականությունը չունենք, նոր ենք կազմում: Այդ աշխատանքներում ինձ մեծապես օգնում են ուսանողներս, ինչի համար ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել նրանց:

 

-Ձեր գնահատմամբ, հայաստանյան մեդիադաշտում նորարարական մոտեցումներ կա՞ն:

 

-Նորարարության գլխավոր սկզբունքն ուղղություն ունենալն է, իսկ իմ դիտարկմամբ, այստեղ մեդիադաշտի որևէ ներկայացուցիչ չունի հստակ ուղղություն, թե ուր է գնում: Հայաստանում գրեթե ոչ մի լրատվամիջոցի դեպքում պարզ չէ, թե ինչ նպատակի է այն ծառայում: Շատ հաճախ տեսնում եմ, թե ինչպես են տեղի մեդաարտադրանքներում ներառում ամերիկյան կյանքին բնորոշ տարրեր, բայց որպես այնտեղ ապրած և այնտեղի մտածողությունն ու հոգեբանությունը ճանաչող մարդ, փաստում եմ, որ այդ տարրերը կեղծ են: Ես աշխատել եմ նաև Հոլիվուդում, շփվել այդ շրջանակի մարդկանց հետ ու հիմա հավատացնում եմ, որ այն, ինչ ներկայացվում է այստեղ, ճիշտ չէ: Այսինքն՝ ստեղծարարություն չկա, իսկ նորարարությունն առողջ չէ:

 

-Իսկ ի՞նչ կասեք ԵՊՀ-ի մասին:

 

-Իմ համոզմամբ, համալսարանը նորարարական լուծումների ճանապարհով է առաջ քայլում: Ես զրուցել եմ ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանի հետ, որը նույնպես համակարծիք է, որ այս դասընթացը պետք է անցկացվի համալսարանի բոլոր ֆակուլտետներում: Մենք կարող ենք ստեղծարար մտածողությունը դիտարկել բոլոր տեսանկյուններից ու առավել լավ կադրեր պատրաստել: Երիտասարդությունը չգիտի, թե ինչ չգիտի, մենք պիտի ցույց տանք: Այստեղ ուսանողները շատ խելացի են, վերլուծական լավ միտք ունեն: Պարզապես ցանկանում եմ, որ համալսարանը համագործակցության ավելի շատ եզրեր գտնի նորարարական կենտրոնների հետ, ինչպիսին, օրինակ, հենց ԵՊՀ տարածքում գործող «ISTC» կամ Ձեռներեցության կենտրոններն են:

 

-Տիկին Պողոսյան, ըստ Ձեզ՝ տեղեկատվական և հեռահաղորդակցային տեխնոլոգիաների զարգացման համար Հայաստանում նպաստավոր պայմաններ կա՞ն:

 

- Այո՛, վստահաբար ասում եմ՝ կան: Մենք ունենք ամենակարևորը՝ մարդկային ներուժ: Ես միանգամայն վստահ ասում եմ՝ Հայաստանը հարուստ է իր մարդկային կապիտալով: Կարծում եմ՝ մեր մեջ կա ստեղծարարության գեն, և դա պատմական միֆ չէ: Դարեր շարունակ մեր ժողովուրդը ստեղծել է, արարել ու գոյատևել, որի հիմնաքարը հենց ստեղծարար մտածողությունն է եղել: Մենք ունենք միտք, որը կարող ենք զարգացնել ու ստեղծել: Պարզապես պետք է բոլորս աշխատենք զարգացնել մեր ստեղծարար մտածելակերպը մեր կյանքը բարելավելու համար: Մեր դասընթացներից մեկի շրջանակում սովորում ենք տեխնիկա, թե ինչպես հակառակորդին դարձնել համախոհ: Կարծում եմ՝ մեր երկրի զարգացման մեծ խթան կլինի, եթե բոլորս համախոհներ դառնանք և մրցենք ոչ թե որպես թշնամիներ, այլ տարբեր և առավել արդյունավետ լուծումներ փնտրելով:

 

Քնար Միսակյան

 

 

Այլ նորություններ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻՑ ԳՈՐԾԵԼՈՒ Է ՍՆՆԴԻ ՆՈՐ ԿԵՏ. «ԱՐՏ ԼԱՆՉԸ» ԳԱԼԻՍ Է ԵՊՀ
ԵՊՀ-ի և «Արտ Լանչ» ընկերության համագործակցության շրջանակում Ֆիզիկայի ֆակուլտետի մասնաշենքում կբացվի նոր ճաշարան, որը կգործի սեպտեմբերի 1-ից:
ՊԱՏԵՐԱԶՄ, ԲՈՒԺՈՒՄ, ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎ ՏԱՌԱՃԱՆԱՉՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲԵՐ՝ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ, ԵՊՀ. Լ. ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ՝ ԻՐ ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՄԱՍԻՆ
ԵՊՀ անվտանգության պետ Լյովա Առուստամյանի անցած ճանապարհի մասին քչերը գիտեն: Նրա ուղին սկսվում է պատերազմի դաշտից և հասնում է մինչև համալսարանում կարգ ու կանոնի պահպանում: Մեզ հետ զրույցում նա պատմեց իր անցած դժվարին ճանապարհի և համալսարանում սիրելի դարձած աշխատանքի մասին: