21.04.2017 | 
Կրթություն
«UNIVERSITY TOUR» ՆԱԽԱԳԻԾՆ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՆԱԵՎ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ
«UNIVERSITY TOUR» ՆԱԽԱԳԻԾՆ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՆԱԵՎ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ
Այսօր ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Global Media Lab» կազմակերպության համագործակցության շրջանակում անցկացվեց կրթական ոչ ֆորմալ սեմինար:

«University Tour» նախագծի նպատակն է ուսանողական արդի հիմնախնդիրները լուծող պարբերական սեմինարի միջոցով ուսանողներին փոխանցել 2017 թվականի պահանջներին համապատասխան, անձնական և կարիերայի աճին նպաստող օգտակար ու անհրաժեշտ հմտություններ:

 

Սեմինարի սկզբում «Global Media Lab» կազմակերպության հիմնադիր տնօրեն Սեդա Վարդանյանը նշեց, որ Մայր բուհն այս նախագծի վերջին կանգառն է. «Մենք ընտրել ենք Հայաստանի 10 լավագույն բուհերը և շատ ուրախ ենք, որ այսօր վերջապես ԵՊՀ-ում ենք: Ես էլ ԵՊՀ շրջանավարտ եմ»:

 

Սեդա Վարդանյանն ասաց նաև, որ նախագծի եզակիությունն ապահովում է ոչ միայն դրա ինտերակտիվ ձևաչափը, այլև իր մեջ պարունակող խաղը, որը կառուցված է նոր ձեռքբերված գիտելիքների հիման վրա և կօգնի ավելի լավ ամրապնդել դրանք:

 

Մի քանի մասից կազմված սեմինարը, ըստ մասնագետների, օգնում է լուծել «Չկա աշխատանք առանց աշխատանքային փորձի և չկա աշխատանքային փորձ առանց աշխատանքի» պարադոքսը, կոտրել բոլոր դժվարությունները CV գրելիս, աշխատանք փնտրելիս և գործատուին ներկայանալիս, ինչպես նաև կերտել ճիշտ  գործնական իմիջ և իրականացնել անձի մարքեթինգ:

 

«Global Media Lab» ընկերության կոմունիկացիոն մենեջեր Թերեզա Գրիգորյանը, խոսելով աշխատանք գտնելու և գրագետ CV կազմելու մասին, ուսանողներին խորհուրդ տվեց նախևառաջ չհուսահատվել անհաջողություններից, հետևողական լինել և ինքնակատարելագործվել. «Աշխատանք գտնելու համար կենտրոնացե՛ք ընկերությունների վրա, ուսումնասիրե՛ք դրանց աշխատելաոճը, ռազմավարությունը և ձեր CV-ին էլ կազմե՛ք ըստ այդ ընկերությունների պահանջի»:

 

Թերեզա Գրիգորյանը ուսանողներին ներկայացրեց նաև արդյունավետ CV կազմելու մի քանի եղանակներ, այդ թվում՝ տեսահոլովակի, ինֆոգրաֆիկայի, անիմացիայի ձևով. «Ստեղծարար CV-ների ինքնատիպ օրինակ է նաև փաթեթավորումների վրա գրելը: Նման բազմաթիվ օրինակներ կան»:

 

Շուրջ 2 ժամ տևած սեմինարի ընթացքում բանախոսները ուսանողներին արդյունավետ հարցազրույց անցկացնելու, փորձաշրջան անցնելու ու պահանջված լինելու խորհուրդներ տվեցին:

 

Տեղեկացնենք, որ սեմինարի բոլոր մասնակիցները նախօրոք գրանցվել են «skill.am» կայքում և ձեռք բերել միջոցառման մասնակցության տոմսեր:

Այլ նորություններ
ԵՊՀ ԹԻՄԸ ԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ Է ԳՐԱՆՑԵԼ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ ԵՎ ՃԱՆԱՉՎԵԼ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Դեկտեմբերի 2-3-ը ԵՊՀ թիմերը Թբիլիսիում մասնակցել են «ACM-ICPC» ծրագրավորման միջազգային օլիմպիադայի հյուսիսարևելյան եվրոպական տարածաշրջանի կիսաեզրափակիչ փուլին:
ԻՆՔՆԱՏԻՊ ԼԻՆԵԼՈՒ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ ՆՎԱՐԴ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՑ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում մեկնարկեց «Գործարար իմիջ և բիզնես էթիկետ» խորագրով երկօրյա սեմինար-դասընթացը: