11.06.2014 | 
Մշակույթ
«ՀԱՄԱԼՍԱՐԱ՛Ն, ՄԵՆՔ ՔՈ ՄԻ ՄԱՍՆԻԿՆ ԵՆՔ»
«ՀԱՄԱԼՍԱՐԱ՛Ն, ՄԵՆՔ ՔՈ ՄԻ ՄԱՍՆԻԿՆ ԵՆՔ»
ԵՊՀ հոբելյանին նվիրված միջոցառումների շարքում առանձնահատուկ տեղ էր գրավում պոեզիայի փառատոնը` նվիրված հայ մեծանուն գրողների՝ Համո Սահյանի և Հովհաննես Շիրազի 100, Պարույր Սևակի 90-ամյակներին:

Արդեն երեկվանից՝ հունիսի 10-ից, մեկնարկել էր ԵՊՀ 95-ամյակին նվիրված միջոցառումների շարքը: Մայր բուհը սովորականից բազմամարդ էր: ԵՊՀ-ի ծննդյան տոնն էին եկել շնորհավորելու հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, արվեստագետներ, նախկին ու ներկայիս համալսարանականներ և բոլոր նրանք, ում համար Մայր բուհը եղել է պրոֆեսիոնալ հարթակ գիտելիք ստանալու և ինքնակատարելագործվելու հարցում:

 

ԵՊՀ մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված պոեզիայի փառատոնը մեկնարկեց ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակից, որտեղ տեղադրված բարձրախոսի միջոցով կենտրոնի սաների կատարմամբ հնչում էին Սահյանի, Շիրազի և Սևակի ստեղծագործություններից, որոնց շունչը փոխանցվում էր բակում հավաքված և համալսարան մտնող հյուրերին:

 

Արդեն կեսօրից հետո փառատոնը շարունակվեց ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մեծ դահլիճում: Ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, պրոռեկտորները, դեկաններ, ԵՊՀ տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ ու աշխատակիցներ, դասախոսներ, ուսանողներ և բարձրաստիճան հյուրեր, ովքեր եկել էին ոչ միայն շնորհավորելու Մայր բուհին, այլև հենց համալսարանականների շուրթերից լսելու մեծանուն գրողների ստեղծագործությունները:

 

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը շնորհավորեց բոլոր համալսարանականներին և հյուրերին բուհի 95-ամյա տարեդարձի կապակցությամբ. «Համալսարա՛ն, մենք քո մի մասնիկն ենք, և բոլորս քեզ շատ ենք սիրում: Առանց համալսարանի իսկական համալսարանականն իր կյանքը չի կարող պատկերացնել, իսկ այստեղ նստած են իսկական համալսարանականներ: Ես ուզում եմ բոլորիդ անունից հավաստիացնել մեր ժողովրդին ու մեր երկրին, որ ինչ էլ ուզում է լինի, ինչպիսի վայրիվերո զարգացումներ եղել են ու գուցե կլինեն, միևնույնն է, համալսարանը մեծ հավատով է նայում ապագային: Համալսարանը եղել է, կա ու կլինի կանգուն իր ժողովրդի, իր հասարակության ու երկրի հետ միասին»:

 

Մեծանուն գրողներին իրենց հարուստ մեկնաբանությամբ ներկայացրին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դասախոսներ Սամվել Մուրադյանը, Կիմ Աղաբեկյանն ու Սեյրան Գրիգորյանը: Նրանց մեկնաբանմամբ ու վերլուծությամբ ներկաները հնարավորություն ստացան ավելի լավ ճանաչելու Համո Սահյանին, Հովհաննես Շիրազին ու Պարույր Սևակին: Արժե հիշատակալ նաև այն փաստը, որ Հովհաննես Շիրազն ու Պարույր Սևակը եղել են հենց Մայր բուհի շրջանավարտներ:

 

Մշակույթի կենտրոնի թատրոն-ստուդիայի սաներն էլ հանդես եկան թատերական բեմականացմամբ: Միջոցառման ընթացքում հնչեցին նաև գրողների ստեղծագործությունների հիման վրա գրված երգեր, եղան նաև պարային համարներ:

 

Այլ նորություններ
ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԱՐԻ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԻ ՄԻՋՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր ամփոփվել է ԵՊՀ ՈԻԽ մշակույթի հանձնաժողովի կողմից կազմակերպված «Արի մրցենք» առաջնության պարի միջֆակուլտետային մրցույթը։
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԱՐԻ՛ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵՐԳԻ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մեծ դահլիճում այսօր անցկացվել է ՈՒԽ մշակույթի հանձնաժողովի կողմից իրականացվող «Արի՛ մրցենք» առաջնության երգի մրցույթը: