08.01.2019 | 
ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ԳՏԵԼ ԵՆ 4400 ՏԱՐԵԿԱՆ ԴԱՄԲԱՐԱՆ
ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ԳՏԵԼ ԵՆ 4400 ՏԱՐԵԿԱՆ ԴԱՄԲԱՐԱՆ
Հնագետ Մուսթաֆա Աբդոյի ղեկավարած խումբը պեղումները էր իրականացնում եգիպտական Սաքքարա բնակավայրի տարածքում: Դեկտեմբեր ամսին հնագետների խումբը հայտնաբերեց 4400 տարվա դամբարան՝ նվիրված գլխավոր քուրմ Վատայեին:

Դամբարանը վերաբերում է Հին թագավորության ժամանակներին՝ մ.թ.ա. 2500-2350 թվականներին իշխող դինաստիային: Նշենք, որ Հին թագավորությունը եղել է երկրում կենտրոնաձիգ ուժեղ կառավարության, տնտեսական, ռազմաքաղաքական և մշակութային ծաղկման շրջան:

Եգիպտոսի հնությունների հարցերով Վերին խորհրդի գլխավոր քարտուղար Մուսթաֆա Վազիրին այս հայտնագործությունը համարել է եզակի վերջին տասնամյակների ընթացքում: Դամբարանը հայտնաբերվել է ապարների փլատակների տակ, ինչով և բացատրվում է լավ պահպանվածությունը:

Հատկանշական է, որ այս անգամ հնագետներին հաջողվել է առաջինը գտնել դամբարանը՝ փրկելով այն գանձագողերի հարձակումներից:

Քուրմին նվիրված դամբարանն, ըստ հնագետների, շատ լավ է պահպանված: Այն Կահիրեից 30 կմ հեռավորության վրա գտնվող Սաքքարա բնակավայրի բուրգերի համալիրի մասն է կազմում:

Դամբարանը հարուստ է փարավոնների արձաններով և գունազարդ հիերոգլիֆներով, որոնք դեռ պետք է վերծանեն եգիպտագետները:

Որմնանկարներում պատկերված է գլխավոր քուրմը մոր, կնոջ և այլ բարեկամների հետ:

Ինչպես նշում է պեղումների ղեկավար Մուսթաֆա Աբդոն, դամբարանն ունի 10 մետր երկարություն և 3 մետր լայնություն, իսկ բարձրությունը մի քիչ պակաս է 3 մետրից: Ըստ մասնագետների՝ զարմանալի է դամբարանի ներկերի գունեղությունը, որ պահպանվել է 4400 տարի:

Հնագետները հույս ունեն գտնել նաև քուրմի սարկաֆագը և նրա մնացորդները: Պեղումների հաջորդ փուլը սկսվել է դեկտեմբերի 16-ին:


Մարի Ռաֆյան