Հանդիպումը կազմակերպել էր ԵՊՀ միջազգային համագործակցության վարչությունը:
Գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը պատվիրակությանը ծանոթացրեց ԵՊՀ ֆակուլտետներին, խոսեց նաև համալսարանի գիտական ներուժի մասին. «Հանրապետության գիտական արտադրանքի մեկ երրորդը բաժին է ընկնում ԵՊՀ-ին՝ գերազանցելով մյուս բոլոր համալսարաններին: Առաջին տեղում ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան է»:
Ուրալի դաշնային համալսարանի պատվիրակության ղեկավարը խոսեց բուհի զարգացման դինամիկայից և ընդգծեց ԵՊՀ-ի հետ համագործակցության կարևորությունը. «Մեր գլխավոր նպատակներից մեկը ոչ միայն ուսանողների որակական հատկանիշները բարձրացելն է, այլև նոր հետազոտությունների իրականացումը: Մենք ձեզ հետ ԱՊՀ ցանցային համալսարանների կոնսորցիումի մաս ենք կազմում և ինֆորմատիկայի ոլորտում իրականացնում ենք համատեղ ծրագիր: Չնայած դրան՝ կուզենայինք ընդլայնել մեր գործակցությունը տարբեր ոլորտներում»:
Պատվիրակության անդամները կարևորեցին հատկապես գիտական հետազոտությունների համատեղ իրականացման անհրաժեշտությունը և նշեցին, որ իրենց կարևոր նպատակներից մեկը փոխշահավետ գործակցությունն է:
Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովն ասաց, որ տարբեր ոլորտներում համատեղ ծրագրեր անելու համար անհրաժեշտություն կառաջանա ստորագրել գործակցության նոր պայմանագիր:
Կողմերը կարծիքներ հայտնեցին կոնկրետ ոլորտներում արդյունավետ շփումների խորացման ուղղությամբ: