Հանդիպումը կազմակերպվել էր մարտի 27-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի նախաձեռնությամբ: Մասնակցում էին ՀՀ Սահմանադրական դատարանի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Բնապահպանության և Արդարադատության նախարարությունների ներկայացուցիչներ:
ՄԱԿ-ի «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացում հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիայի 9-րդ հոդվածի իրացման վիճակի վերաբերյալ հետազոտության կատարումը Հայաստանում հանձնարարվել է Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի գիտաշխատող Գոռ Մովսիսյանին:
«Հետազոտության հիմքում ընկած են մի քանի առանցքներ, որոնք վերաբերում են վարչական, քաղաքացիական և քրեական դատավարության կարգով գործերի քննությանը: Ի տարբերություն եվրոպական երկրների՝ հետխորհրդային պետություններում ամեն ինչ տեղի է ունենում դատավարական օրենսդրության պահանջներին համապատասխան: Եվրոպայում իրավական ակտերում կարելի է գտնել ընթացակարգային նորմերի մի հսկայական զանգված, և սա առաջին խնդիրներից է»,- ասում է Գոռ Մովսիսյանը:
Վարչական և դատական պաշտպանության միջոցների միաժամանակյա կիրառման համատեքստում, ըստ զեկուցողի, պատկերը միանգամայն հակառակն է: Եվրոպայում մինչև խնդիրը վարչական կարգով չբողոքարկվի, դատարան դիմելու հնարավորություն չկա, իսկ Հայաստանում զուգահեռաբար կարելի է դիմել և´ վարչական, և´ դատական պաշտպանության: Մյուս խնդիրը, Գոռ Մովսիսյանի ներկայացմամբ, բավարար շահագրգռվածության չափանիշի որոշակիացումն է. «Այսինքն՝ պետք է հասկանանք, թե որ պահից սկսած է սուբյեկտի մոտ ձևավորվում շահ՝ այս կամ այն խնդրով դատարան դիմելու համար»:
Գոռ Մովսիսյանի խոսքերով` կան իրավիճակներ, երբ դատարանը հայցը մերժում է այն հիմնավորմամբ, որ տվյալ սուբյեկտը իրավունք չուներ բարձրաձայնված խնդրով դիմել դատարան: «Այսինքն` դատարան կարող են դիմել միայն այն անձինք, որոնց իրավունքները և շահերը խախտվել են: Հայաստանում ֆիզիկական անձանց կողմից դատարանում վարչական կարգով տեղեկատվություն ստանալու անհիմն վիճարկման խնդիր չկա, իսկ եթե խոսքը պետական կառավարման մարմինների վարչական ակտերի և վերահսկողական գործողությունների վիճարկման մասին է, այստեղ ունենում ենք խնդիր, որովհետև պետական կառավարման մարմինների վարչական ակտերը չեն վերաբերում իմ իրավունքին: Ես չեմ կարող դիմել դատարան, եթե նույնիսկ իմ շահերը դրանից տուժում են»,- մանրամասնում է հետազոտության հեղինակը:
Այս ամենի հետևանքը, Գոռ Մովսիսյանի գնահատմամբ, լինում է այն, որ եթե որևէ մեկը ստանում է շինությունների կառուցման, վերակառուցման կամ բնօգտագործման թույլտվություն կամ նույնիսկ թույլտվություն է ստանում թափոնների կառավարման ոլորտում, դատական իշխանությունը նրա նկատմամբ չի կարողանում հսկողություն իրականացնել: Արդյունքում` տնտեսության ամենաշահութաբեր ոլորտներից մեկը՝ բնօգտագործումը, մնում է վերահսկողությունից դուրս: