Ապրիլի 16-19-ը Մայր բուհում կայացած ուսանողական եռօրյա սեմինարի առաջին փուլի ամփոփումը տեղի ունեցավ երեկ: Վերջին հանդիպման ժամանակ սեմինարի մասնակից մոտ 100 ուսանողներ, ովքեր նախօրոք բաժանվել էին աշխատանքային փոքր խմբերի, կազմակերպիչներին ներկայացրին իրենց խմբային աշխատանքները, որոնք հիմնականում վերաբերում էին Բոլոնիայի գործընթացի առավել կարեւոր դրույթներին:
«ԵՊՀ ուսանողական խորհուրդը Բոլոնիայի գործընթացի վերաբերյալ ուսանողների համար երբեք սեմինար չէր կազմակերպել, սակայն հույս ունենք, որ հետագայում այսօրինակ միջոցառումներն ավելի կշատանան: Կփորձենք օգնել մեր ուսանողներին ավելի լավ ըմբռնել կրթական այդ գործընթացի հետ կապված ցանկացած հարց»,- ասում է ՈՒԽ նախագահ Ցոլակ Ակոպյանը:
Ըստ ՈՒԽ նախագահի` ուսանողները, լինելով Բոլոնիայի գործընթացի հիմնական շահառուները, մինչեւ այսօր հստակորեն չեն տիրապետում իրենց անհրաժեշտ հիմնական գիտելիքներին: «Նմանօրինակ սեմինարների միջոցով ուսանողը պասիվ դիրքորոշումից անցնում է ավելի ակտիվ դիրքորոշման: Նա հետագայում առավել ակտիվորեն կսկսի մասնակցել Բոլոնիայի գործընթացին: Անգամ որոշ հարցերում ուսանողները կարող են ունենալ իրենց գրագետ ու ինքնատիպ առաջարկները, որոնք հնարավոր է նաեւ գործի դնել»,- նշում է ԵՊՀ գիտական քաղաքականության եւ միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գեւորգյանը:
Ըստ պրոռեկտորի` շատ կարեւոր է, երբ ուսանողները ցանկանում են հասկանալ, թե ինչ միջավայրում են իրենք սովորում, եւ ինչ է իրենց սպասվում հետագա ուսումնական տարիներին: Նշենք, որ սեմինարը բաղկացած էր երկու փուլից. երկրորդ փուլը տեղի է ունենալու Ծաղկաձորում, որին մասնակցելու են առաջին սեմինարի ընթացքում իրենց լավագույնս դրսեւորած մոտ 30 ուսանողներ: Միջոցառման վերջում պրոռեկտոր Գեղամ Գեւորգյանը սեմինարի մասնակիցներին պարգեւատրեց հավաստագրերով: