01.02.2019 | 
Գիտություն
ՊՐՈՖԵՍՈՐ ՎԱՀԱԳՆ ԳՈՒՐԶԱԴՅԱՆԻ ԳԻՏԱՓՈՐՁԵՐԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ՊՐՈՖԵՍՈՐ ՎԱՀԱԳՆ ԳՈՒՐԶԱԴՅԱՆԻ ԳԻՏԱՓՈՐՁԵՐԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ԵՊՀ կոսմոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիայի գիտական ղեկավար, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Վահագն Գուրզադյանի և նրա գործընկերների հետազոտությունները միջազգային պարբերականների ուշադրության կենտրոնում են:

Հանրահայտ «Springer» հրատարակչության «The European Physical Journal Plus» գիտական ամսագրում լույս տեսած հոդվածները հետաքրքրություն են առաջացրել գիտական շրջանակներում:

Առաջին հոդվածում («The light speed versus the observer: the Kennedy-Thorndike test from GRAAL-ESRF») Վահագն Գուրզադյանը և Ա. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ամուր Մարգարյանը ներկայացնում են, թե ինչպես են կարողացել ամենամեծ ճշտությամբ ստուգել ֆիզիկայի հիմնարար օրենքներից մեկը՝ Ալբերտ Էյնշտեյնի հարաբերականության հատուկ տեսության առանցքային դրույթը, այն է՝ լույսի արագության հաստատունությունը՝ անկախ դիտորդի սեփական արագությունից: Նրանք օգտագործել են «European Synchrotron Radiation Facility» ֆրանսիական արագացուցչի միջոցով իրենց մասնակցությամբ կատարված գիտափորձերի տվյալները՝ առաջին փորձում չափելով ֆոտոնի արագությունը հաշվարկման շարժական համակարգում: Արագ շարժվող էլեկտրոնների փունջը ենթարկվել է հզոր լազերի ազդեցության:

Երկրորդ փորձի ընթացքում չափվել է լույսի արագությունը հաշվարկման իներցիոն համակարգում։ Այժմ էտամեզոն կոչվող մասնիկը տրոհվում է երկու ֆոտոնի, և այդ ֆոտոնների արագությունը տալիս է մեզ լույսի արագությունը՝ ըստ մեզոնի հաշվարկման համակարգի, որն անշարժ է։

Հետազոտությանն անդրադարձած «New Scientist» գիտական ամսագիրը մեջբերում է Վահագն Գուրզադյանի հոդվածից. «Երկու փորձերն էլ կատարվել են բարձր ճշգրտությամբ՝ դիտարկելով շատ համակարգային ազդեցություններ և պոտենցիալ անորոշության աղբյուրներ։ Ստացված արդյունքները մեծապես գերազանցում են նախկինում եղածները»:

Սա նշանակում է, որ լույսն ունի նույն արագությունը՝ անկախ նրանից, թե ինչ արագությամբ է շարժվում դիտորդը՝ լույսի արագությանը մոտ արագությամբ, ինչպես էլեկտրոնները, թե ընդհանրապես անշարժ է, ինչպես էտամեզոնները:

Հայ և իտալացի ֆիզիկոսների համատեղ ջանքերով իրականացված երկրորդ հետազոտությունը վերաբերում է լազերային արբանյակային չափումներին: Ըստ հետազոտության՝ դրանք այժմ ճշգրիտ արտացոլում են Երկրի մակընթացային աղավաղումները (պերտուրբացիա):

Երկրի մակընթացությունները մեծ ազդեցություն ունեն արբանյակների չափումների վրա, քանի որ ազդում են նրանց շարժման վրա։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երկիրը գնդաձև չէ, այս ազդեցությունները կարելի է ուսումնասիրել՝ օգտագործելով Երկրի ձգողական ներուժը:

Հոդվածում ապացուցվում է «LARES» (LAser RElativity Satellite) արբանյակի արդյունավետությունն ընդհանուր հարաբերականության և հիմնարար ֆիզիկայի բարձր ճշգրտությամբ հետազոտություններում։

Ուսումնասիրելով Երկրի մակընթացային պերտուրբացիաները «LARES» արբանյակի միջոցով՝ Վահագն Գուրզադյանը և նրա գործընկերները ցուցադրել են լազերային արբանյակների արժեքը բարձր ճշգրտությամբ չափագրումների հարցում:

Նրանք հավաքել են Երկրի մակընթացային պերտուրբացիաները և համեմատել դրանք նմանատիպ լազերային արբանյակների՝ «LAGEOS»-ի և «LAGEOS 2»-ի տվյալների հետ: Վերլուծելով 3.5 տարվա տվյալները՝ հեղինակները ստեղծել են գրավիտացիոն ու ոչ գրավիտացիոն ուղեծրային պերտուրբացիաների մոդել։

Արդյունքում պարզվել է, որ տարածության փոփոխականությունը, որն Էյնշտեյնի հարաբերականության ընդհանուր տեսության ամենահետաքրքիր երևույթներից է, առաձգական է և վերականգնում է իր սկզբնական ձևը, երբ ենթարկվում է ուժի ազդեցության։

 


Մարի Ռաֆյան

Այլ նորություններ
ՂՐՂԶՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ Է ԵԱՏՄ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՄԵՆԱՄԵԾ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՇԱԲԱԹ-2019» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գործարարները և ակտիվ երիտասարդները հանդիպելու են մեկ հարթակում՝ քննարկելու տնտեսական ինտեգրման և բիզնես համագործակցության հարցերը, որին հեռակա կարգով կարող են մասնակցել նաև ԵՊՀ տարբեր ֆակուլտետների դասախոսներ, երիտասարդ գիտնականներ, ասպիրանտներ և փորձագետներ:
ԼՈՒՅՍ ԵՆ ՏԵՍԵԼ «ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՐՆԵՐԸ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» երիտասարդական գիտական պարբերականի Բնական և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների 1.1 (27), Հումանիտար և հասարակական գիտությունների 1.2 (28) համարների շնորհանդեսը: