17.09.2018 | 
Գիտություն
«ԱՅՍ ԳՐՔԻ ԸՆԹԵՐՑՈՂԸ ԼԻԱՐԺԵՔ ԿԸՆԿԱԼԻ ԿՐԻՄԻՆԱԼԻՍՏԻԿԱԿԱՆ ՏԱԿՏԻԿԱՅԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ». ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՎԱՀԵ ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻ ՆՈՐ ԳԻՐՔԸ
«ԱՅՍ ԳՐՔԻ ԸՆԹԵՐՑՈՂԸ ԼԻԱՐԺԵՔ ԿԸՆԿԱԼԻ ԿՐԻՄԻՆԱԼԻՍՏԻԿԱԿԱՆ ՏԱԿՏԻԿԱՅԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ». ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՎԱՀԵ ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻ ՆՈՐ ԳԻՐՔԸ
«Առանձին քննչական գործողությունների կատարման տակտիկա: Կրիմինալիստիկական տակտիկա» գիտագործնական ձեռնարկում վերլուծված են կրիմինալիստիկայի գիտության տեսական դրույթները, ինչպես նաև «Կրիմինալիստիկա», «Քննչական տակտիկա» դասընթացների ծրագրերում ընդգրկված հայեցակարգային թեմաները: Նոր գրքի մասին զրուցել ենք գրքի հեղինակ, ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի պրոֆեսոր Վահե Ենգիբարյանի հետ:

- Պարո՛ն Ենգիբարյան, ո՞րն է այս աշխատանքի նպատակը:

- Նախևառաջ ասեմ, որ աշխատանքը նվիրված է կրիմինալիստիկայի կարևորագույն բաժիններից մեկին՝ կրիմինալիստիկական տակտիկային: Կրիմինալիստիկան՝ որպես դասընթաց, բաղկացած է 4 բաժիններից՝ ներածություն կամ մեթոդոլոգիա, կրիմինալիստիկական տեխնիկա, առանձին քննչական գործողությունների տակտիկա կամ կրիմինալիստիկական տակտիկա և առանձին տեսակի հանցագործությունների քննության մեթոդիկա կամ կրիմինալիստիկական մեթոդիկա: Նախորդ տարիների ընթացքում այս 4 բաժիններից 3-ի վերաբերյալ գիտական և ուսումնական աշխատանքներ հրատարակվել են: Ինչ վերաբերում է կրիմինալիստիկական տակտիկային, ապա այն ամենադինամիկ փոփոխվող տիրույթն է, որի պատճառով էլ մինչ այժմ ես և իմ գործընկերները զերծ ենք մնացել ամբողջական նյութ հրատարակելուց: Կրիմինալիստիկական տակտիկայի վերաբերյալ ամբողջական աշխատանք հրատարակելու վերաբերյալ մտահղացումը եղել է դասախոսական փորձառությանս առաջին իսկ տարիներից: Երևի դասավանդվող առարկայի նկատմամբ «պարտքի» զգացումն էր նաև պատճառը: Միշտ փորձում էինք կոլեկտիվ ջանքերով ամբողջական նյութ հրատարակել, բայց տարբեր պատճառներով ձգձգվում էր: Եվ ահա, ես, համադրելով ոլորտի տեսական և գործնական իմ փորձը, որոշեցի անել առաջին քայլը և ստեղծել այս գիտապրակտիկ ձեռնարկը, որը տեսականի և գործնականի յուրօրինակ միաձուլում է՝ հետագա կատարելագործումը թողնելով գործընկերներիս:

- Ի՞նչ մեթոդաբանությամբ եք կազմել գիրքը:

- Աշխատանքը պայմանականորեն կարելի է երկու մասի բաժանել: Այն ունի և՛ տեսական, և՛ գործնական կողմ, այդ պատճառով էլ կոչվում է գիտագործնական ձեռնարկ: Գիրքը պատրաստելիս առաջնորդվել եմ հետևյալ սկզբունքով. նախևառաջ ներառել եմ տեսական նյութը, որպեսզի ընթերցողը յուրացնի, հասկանա քննչական գործողության գենեզիսը, կատարման պայմանները, բովանդակությունը, էությունը և դրա իրավական կողմը: Այնուհետև, մեթոդաբանական տեսանկյունից շեշտը դրել եմ դատական ակտերում արտահայտված իրավական դիրքորոշումների վրա՝ ներկայացնելով ՄԻԵԴ-ի, ՀՀ Սահմանադրական դատարանի, ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումները: Այսինքն՝ փորձել եմ կոնկրետ քննչական գործողության վերաբերյալ ներկայացնել ոչ միայն ներպետական դատարանների, այլ նաև ՄԻԵԴ-ի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները: Ի դեպ, ՄԻԵԴ-ի ամենավերջին որոշումները անձամբ եմ թարգմանել: Նյութի ամբողջականությունը և գործնական կողմն ապահովելու տեսանկյունից՝ այդ դատական ակտերի լույսի ներքո առավելագույնս ներկայացրել եմ այն քննչական սխալները, որոնք տիպային են մեր քննչական պրակտիկայում, և որոնց վերաբերյալ ընդունվել են համապատասխան ակտեր: Այսինքն՝ այս գրքի ընթերցողը վստահաբար լիարժեքորեն կյուրացնի քննչական գործողությունների կատարման տակտիկական հնարքների համակարգը և դրանց կիրառման հնարավորությունները:

- Իսկ ի՞նչ կառուցվածք ունի գիտագործնական ձեռնարկը:

- Կառուցվածքային տեսանկյունից կրկին երկու մասից է բաղկացած գիրքը՝ ընդհանուր և հատուկ մաս: Ընդհանուր մասում տեղ են գտել կրիմինալիստիկական տատկտիկայի ընդհանուր դրույթները: Օրինակ՝ ինչ է տակտիկական հնարքը, կամ ինչ է նշանակում դրա կիրառման թույլատրելիության սահմանը, ինչպես նաև բացահայտված են այնպիսի ինստիտուտներ, ինչպիսիք են կրիմինալիստիկական վարկածները, քննության կազմակերպումը և այլ ընդհանուր հասկացություններ ու դրույթներ, առանց որոնց իմացության քննչական գործողության կատարման տակտիկան թերի կլինի: Հատուկ մասում էլ անդրադարձել եմ կոնկրետ քննչական գործողությունների տակտիկական հնարքներին: Աշխատանքի մեթոդական, գործնական կողմն էլ ապահովելու նպատակով հավելվածներ եմ ներառել, որոնք ընդգրկում են քննության պլանի տիպային ձևերը, ինչպես նաև քննչական գործողությունների արձանագրությունների տիպային ձևանմուշները: Մի խոսքով, կարելի է ասել, որ աշխատանքի յուրաքանչյուր բաժին փոխլրացնում է մեկը մյուսին՝ կազմելով մեկ միասնական համակարգ: Անշուշտ, ընթերցողը կտա իր գնահատականը:

- Որքա՞ն ժամանակ եք աշխատել գիրքը կազմելու համար:

- Գրքի վրա՝ որպես դասախոս, աշխատել եմ լսարան մտնելուց առաջին իսկ օրվանից: Թեման այնպիսին է, որ անընդհատ նոր իրողություններ են ի հայտ գալիս, և դրանք են եղել պատճառները, որ ամբողջական նյութի հրատարակումն այսքան հապաղեց: Եթե միայն գործնական կողմին անդրադառնայի, կստացվեր մեթոդական ձեռնարկ: Իսկ եթե միայն տեսական կողմին անդրադառնայի, ապա կստացվեր մենագիր հետազոտություն, ուստի ես փորձեցի տարիների կուտակած տեսական, մանկավարժական, ինչպես նաև քննչական մարմիններում իմ ունեցած գործնական փորձը միացնել և լրացնել առկա բացը: Ի դեպ, պետք է նշել, որ աշխատանքը դեռևս 2016 թվականին արդեն պատրաստ էր հրատարակման, բայց անընդհատ որևէ մի նոր միտք, մի նոր լուծում էր ի հայտ գալիս, ես էլ ցանկանում էի և՛ տեսական հիմնավորումը գտնել, և՛ գործնականը, քանի որ գիրքը նախատեսված է թե՛ ուսանողների, թե՛ հետազոտողների և թե՛ պրակտիկ աշխատողների համար:

- Ո՞ւմ է այսօր գիրքը հասանելի:

- Բոլոր ցանկացողների համար գրքի տպագիր տարբերակն այս պահին հասանելի է գրախանութներում: Հետագայում գուցե էլեկտրոնային տարբերակն էլ հասանելի դառնա: Ես ուրախ կլինեմ, որ հիմնվելով այս աշխատանքի վրա՝ այլ հետազոտողներ ավելի կատարելագործված աշխատանք ստեղծեն: Թեման միշտ պահանջված է լինելու և անընդհատ զարգանալու է:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ՉԻՆԱՍՏԱՆԸ 2020 ԹՎԱԿԱՆԻՆ ՈՒՂԵԾԻՐ Է ՈՒՂԱՐԿԵԼՈՒ «ԱՐՀԵՍԱՏԱԿԱՆ ԼՈՒՍԻՆ»
Չինաստանի Չենդու քաղաքի հետազոտական ինստիտուտի մասնագետները մշակել են լուսավորության համար նախատեսված արբանյակ՝ «արհեստական լուսին»:
ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ «ԲԱԶՄԱՎԷՊ» ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍԻ 175-ԱՄՅԱԿԻՆ
Այս տարի լրանում է «Բազմավէպ» հայագիտական հանդեսի 175-ամյակը։ Այս առիթով ՀՀ սփյուռքի նախարարությունը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան և Մխիթարյան միաբանությունը 2018 թ.-ի հոկտեմբերի 19-ին Երևանում կազմակերպել են գիտաժողով: