01.04.2021 | 
Հասարակություն
«ՏԱՐՕՐԻՆԱԿ Է, ՈՐ «ՍԱԲՈՏԱԺԸ» ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ Է ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ: ՍՈՎՈՐԱԲԱՐ ԼԻՆՈՒՄ Է ՀԱԿԱՌԱԿԸ». ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ
«ՏԱՐՕՐԻՆԱԿ Է, ՈՐ «ՍԱԲՈՏԱԺԸ» ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ Է ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ: ՍՈՎՈՐԱԲԱՐ ԼԻՆՈՒՄ Է ՀԱԿԱՌԱԿԸ». ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ
ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, ԵՊՀ ռեկտորի թեկնածու Վահե Հովհաննիսյանը Հոգաբարձուների խորհրդի այսօր չկայացած նիստից հետո պատասխանել է լրագրողների հարցերին:

Լրագրողի այն հարցին, թե ինչպես է մեկնաբանում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հնչեցրած տեսակետը, թե «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքը թույլ կտա լուծելու ԵՊՀ-ի խնդիրները, այդ թվում՝ ռեկտորի ընտրության հարցը, Վահե Հովհաննիսյանը պատասխանեց, որ նախևառաջ օրենքի ընդունումը չպետք է պայմանավորված լինի միայն ԵՊՀ-ում ստեղծված իրավիճակը հաղթահարմամբ:

 

Ըստ նրա՝ այս օրենքով պետք է ընդհանուր կրթական և գիտության զարգացման հայեցակարգային հարցեր լուծվեն. «Այնպիսի տպավորություն է, թե օրենքն ընդունվում է զուտ ԵՊՀ-ում որոշակի օրակարգ ձևավորելու և առաջ տանելու համար»:

 

Վահե Հովհաննիսյանը հիշեցրեց օրենքի վերաբերյալ հնչեցրած իր կարծիքը, ըստ որի՝ այն երկու մասով հակասում է Սահմանադրությանը: Նրա հավաստմամբ, օրենքը նախևառաջ հակասում է Սահմանադրության 38-րդ հոդվածին, որով սահմանվում է, որ բուհերն ունեն ինքնակառավարման իրավունք, իսկ օրենքով սահմանված տարբերակով բուհն ամբողջապես կախման մեջ է լինում լիազոր մարմնից:

 

Բացի դրանից՝ ըստ ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչի՝ օրենքը հակասահմանադրական է նաև ԳԱԱ-ի մասով, քանի որ Սահմանադրության 86-րդ հոդվածով հստակ սահմանվում է պետության կողմից ֆունդամենտալ և կիրառական գիտությունը զարգացնելուն ուղղված քաղաքականությունը, իսկ օրենքը, բացի ԳԱԱ-ն վերացնելու վերաբերյալ նորմից, չի պարունակում որևէ այլ ձևակերպում գիտության զարգացման վերաբերյալ:

 

Վահե Հովհաննիսյանը նշեց, որ կան լուրջ և հիմնավոր կասկածներ, որ օրենքը կմտնի իրավական գործողության մեջ:

 

Անդրադառնալով ռեկտորի ընտրությանը՝ նա ասաց, որ հետևելով քաղաքական հայտարարություններին՝ ռեկտորի ընտրությունը պետք է տեղի ունենար դեռևս երկու տարի առաջ, բայց մինչ այժմ բուհը ռեկտոր չունի. «Եթե առաջնորդվենք այն տրամաբանությամբ, որ օրենքն իրավական գործողության մեջ մտնելուց հետո ԵՊՀ կունենա ռեկտոր, իսկ մենք բավարար հիմքեր ունենք կարծելու, որ հակասահմանադրության պատճառով այն չի էլ մտնելու, ուրեմն ԵՊՀ-ն ռեկտոր չի էլ ունենալու»:

 

Վահե Հովհաննիսյանը փաստեց, որ օր առաջ պետք է հաղթահարել այս ճգնաժամը, և առնվազն կառավարման մարմինների ձևավորումը պետք չէ պայմանավորել որևէ օրենքի գործողության հետ, հակառակ պարագայում, ըստ նրա, ստացվում է, որ իշխանության քիմքին հաճո թեկնածուներին անցկացնելու պատրվակով փորձ է կատարվում փոխել օրենք, ինչի պատճառով ճգնաժամ է առաջանում ամբողջ բուհական համակարգում:

 

Մեկնաբանելով Հոգաբարձուների խորհրդի այսօր չկայացած նիստը՝ Վահե Հովհաննիսյանն իր զարմանքն արտահայտեց կառավարության և լիազոր մարմնի կողմից նշանակված անդամների վերաբերմունքի մասին՝ փաստելով, որ նրանց շարքում կան ստեղծված իրավիճակով իսկապես մտահոգ անդամներ:

 

«Տարօրինակ է, որ «սաբոտաժը» պետության կողմից է իրականացվում: Սովորաբար լինում է հակառակը: Որպես կանոն՝ բուհերն են սաբոտաժի ենթարկում պետությանը: Հուսով եմ՝ Հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամները կհասկանան իրենց պատասխանատվությունը բուհի գործունեության համար: Հոգաբարձուների խորհրդի անդամն անձնական պատասխանատվություն է կրում բուհի գործունեության համար»,- ասաց ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչը:

 

Վերջում, պատասխանելով լրագրողի հարցին, թե պայքարում է ռեկտորի պաշտոնի համար՝ Վահե Հովհաննիսյանն ասաց, որ քանի դեռ մրցույթը ՀԽ-ի կողմից չեղյալ չի հայտարարվել, բոլոր թեկնածուները շարունակում են իրենց պայքարը:

 

Քնար Միսակյան

 


Այլ նորություններ
ԵՊՀ ԲՈՒՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՆԿԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ԵՎ «ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՏԱԼԻՍ Է ԻՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ. ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոնի դասախոսների և «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի ավագ դպրոցի սաների համատեղ նախաձեռնությամբ իրականացված գիտական հետազոտական աշխատանքների արդյունքները ներկայացվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպված «Համադպրոցական գիտության փառատոնին», որտեղ սաներն արժանացել են հատուկ մրցանակի։
 «COVID-19: ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՈԴԵԼՆԵՐ, ՍԻՄՈՒԼՅԱՑԻԱՆԵՐ». ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Հետազոտությունների և գործարարության կենտրոն» հիմնադրամը ԿորոնաԹեստ ընկերության հովանավորությամբ հայտարարում է մրցույթ՝ նպատակ ունենալով փնտրել ուղիներ՝ համավարակը ճնշելու հետ մեկտեղ պահպանելու տնտեսական ակտիվությունը: