14.05.2018 | 
Քաղաքականություն
ԵՊՀ ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆ Է ՎԵՐԸՆՏՐՎԵԼ ՎԱՀՐԱՄ ԴՈՒՄԱՆՅԱՆԸ
ԵՊՀ ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆ Է ՎԵՐԸՆՏՐՎԵԼ ՎԱՀՐԱՄ ԴՈՒՄԱՆՅԱՆԸ
ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի գիտխորհրդի նիստում 21 կողմ ձայնով ֆակուլտետի դեկան է վերընտրվել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Դումանյանը: Նշենք, որ ընտրությունն անցկացվել է մայիսի 11-ին, որին ներկա է եղել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Ֆակուլտետի գիտական խորհրդի նիստին մասնակցել են գիտխորհրդի 24 անդամներից 21-ը: Ֆակուլտետի 3 ամբիոնների կողմից դեկանի պաշտոնի համար  առաջադրվել էր Վահրամ Դումանյանը:

 

Վահրամ Դումանյանը, ներկայացնելով իր ծրագրային ելույթը, նշեց, որ շարունակելու է իրականացնել ֆակուլտետի առջև դրված նպատակներն ու գերակայությունները, որոնք մշակվել են ԵՊՀ 2016-2020 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի հենքի վրա: Նրա խոսքով, ամեն ինչ արվելու է, որպեսզի ֆակուլտետը պահպանի իր առաջատար դիրքը՝ մատուցելով բարձր որակի մասնագիտական կրթություն: Բանախոսը նաև անդրադարձավ ֆակուլտետում երիտասարդ կադրերի ներգրավման կարևոր խնդրին:

 

Ֆակուլտետի գիտական խորհրդի նիստի ընթացքում ծավալուն քննարկում ընթացավ կրթական  համակարգում առկա խնդիրների շուրջ, ինչպես նաև անդրադարձ եղավ ապրիլի 12-ին ՀՀ կառավարության կողմից ընդունված թիվ 451-Ն որոշմանը, որը վերաբերում է տարկետման իրավունքի տրամադրման կարգին:  

 

Վահրամ Դումանյանի խոսքով, ուսանողներին պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքը չտրամադրելը խախտում է կրթության անընդհատության սկզբունքը, որը լուրջ խնդիրներ է ստեղծելու գերակա, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտներում:

 

«Անընդունելի եմ համարում տարկետման իրավունքի տրամադրման կարգի մասին որոշումը, որտեղ այնպիսի պայմաններ են ներկայացված, որոնք չեն բխում կրթությանը խթանելու շահերից: Վերոնշյալ որոշումն ընդունվել է առանց շահագրգիռ կողմերի կարծիքը հաշվի առնվելու: ՀՀ կառավարության պաշտոնական կայքում տեղադրված որոշման նախագծում տարկետման իրավունքի տրամադրման կարգի փոփոխության մասին նշված չի եղել»,- հավելեց նա: Դեկանը հույս հայտնեց, որ նոր կառավարությունը կվերանայի այդ որոշումը:

 

Վերոնշյալ հարցի մասին իրենց դիրքորոշումը հայտնեցին նաև ֆակուլտետի գիտական խորհրդի անդամները:

 

Համաձայն ԵՊՀ ֆակուլտետի դեկանի ընտրության ընթացակարգի 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերի՝ ֆակուլտետի դեկան կարող է ընտրվել այն պրոֆեuորը կամ դոցենտը, որն ունի գիտությունների դոկտորի կամ թեկնածուի գիտական աuտիճան և առնվազն 5 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ։ Դեկանն ընտրվում է ֆակուլտետի խորհրդում փակ, գաղտնի քվեարկությամբ` 5 տարի ժամկետով։

 

Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Դումանյան բարձրագույն կրթություն է ստացել ԵՊՀ-ում և Մոսկվայի  ԽՍՀՄ ԳԱ Վ. Ա. Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտում: Աշխատել է ԵՊՀ-ում, Մոսկվայի ԽՍՀՄ ԳԱ Վ. Ա. Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտում, Լեհաստանի Ս. Բանախի անվան միջազգային մաթեմատիկական կենտրոնում,  Գերմանիայի Թրիերի, ինչպես նաև Պադերբորնի համալսարաններում: Արժանացել է ԵՊՀ, ՀՀ ԿԳՆ ոսկե մեդալների:

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան

Այլ նորություններ
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ՝ ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ 6 ԵՎ ԸՆԹԱՑԻԿ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՐՑԵՐՈՎ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում ռեկտոր Արամ Սիմոնյանի նախագահությամբ կայացավ գիտական խորհրդի հերթական նիստը:
ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՌԵԿՏՈՐ ԺԱՆ-ՊՈԼ ԴԸ ԳՈԴՄԱՐՆ ԱՅՑԵԼԵՑ ԵՊՀ
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հյուրընկալեց Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության ռեկտոր Ժան-Պոլ դը Գոդմարին: