02.03.2018 | 
Հասարակություն
ԹԵ ԻՆՉՊԵՍ ՀԱՅԵՐԸ ԳՐԱՎԵՑԻՆ «ՉԻՆԱՍՏԱՆԸ». ՊԱՏՄՈՒՄ Է ՎԱՀՐԱՄ ԿԱԺՈՅԱՆԸ
ԹԵ ԻՆՉՊԵՍ ՀԱՅԵՐԸ ԳՐԱՎԵՑԻՆ «ՉԻՆԱՍՏԱՆԸ». ՊԱՏՄՈՒՄ Է ՎԱՀՐԱՄ ԿԱԺՈՅԱՆԸ
Այսօր ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանի հետ:

«Երիտասարդ միջազգայնագետներ» ակումբի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպումը նվիրված էր Դիվանագետի օրվան և ՄԱԿ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցության 26-րդ տարեդարձին: Հանդիպման վայրը նույնպես պատահական չէր ընտրված. այն անցկացվեց ՄԱԿ-ի 4-րդ գլխավոր քարտուղար Բուտրոս Բուտրոս-Ղալիի անունը կրող լսարանում:

 

Հանդիպման սկզբում ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը շնորհավորեց ներկաներին մասնագիտական տոնի առթիվ և փաստեց, որ ՀՀ ԱԳՆ-ն վարում է շատ հավասարակշռված, կառուցողական քաղաքականություն՝ ի նպաստ հայ ժողովրդի և հայրենիքի:

 

Վահրամ Կաժոյանն ուսանողների հետ հանդիպման ընթացքում պատմեց, թե ինչպես իրականություն դարձավ Հայաստանի անկախությունը և ՄԱԿ-ին անդամագրվելու գործընթացը. «Պատկերացրե՛ք, թե ինչ զգացողություններ են, երբ անդամակցում ես պատմական այդ իրադարձություններին, քայլ առ քայլ հետևում թե՛ քո երազանքի իրականացմանը, թե՛ Հայաստանի ապագայի կերտմանը»:

 

Ուսանողների հյուրը ներկայացրեց նաև իր անցած մասնագիտական ճանապարհը. «Դիվանագիտական իմ առաջին աշխատանքը եղավ 1989 թ.-ին, երբ Հայաստան ժամանեց ԱՄՆ սենատոր Բոբ Դոլի ղեկավարած պատվիրակությունը: Այդ այցի կազմակերպչական բոլոր աշխատանքներում ես ներառված էի: ԱԳՆ-ում աշխատանքի անցնելու իմ հրամանը եղել է 1992 թ.-ի մարտի 2-ին, դրա համար էլ այս օրն ինձ համար կրկնակի տոն է: Արդեն 26 տարի է, ինչ աշխատում եմ այս համակարգում»:

 

 

Վահրամ Կաժոյանը հիշեց, թե ինչ դժվարություններով էր ընթանում ԱԳՆ-ի աշխատանքը անկախության առաջին տարիներին. «Հոսանքի տատանումներից զերծ չէր նաև մեր կառույցը: Աշխատասենյակներում ցուրտ էր, նստում էինք վերարկուներով ու ձեռնոցներով: Ունեինք թե՛ համապատասխան կադրերի, թե՛ տեխնոլոգիաների պակաս: Եղել է ժամանակ, երբ մեր նախարարությունում կար ընդամենը մեկ համակարգիչ, բայց պետք է ասեմ, որ օգտվելու հմտություններ էլ շատերը չունեին: Մեկ այլ մարտահրավեր էլ կար. երկար ժամանակ պետականություն չունենալու պատճառով դիվանագիտական բազմաթիվ տերմինների հայերեն համարժեքները չունեինք: Հենց այդ ժամանակահատվածում ենք շատ բառեր թարգմանել»:

 

Վ. Կաժոյանը հետաքրքրաշարժ դեպքեր էլ հիշեց: Պատմություններից մեկը Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանի մասին էր. «Առաջին անգամ լինելով միջազգային խորհրդաժողովում՝ լսում է ելույթի ֆրանսերեն թարգմանությունը, որում ասվում էր, որ Հայաստանը գրավել է Լաչինը: Ֆրանսերենով թարգմանությունը հնչում էր այնպես, որ կարելի էր հասկանալ, թե Հայաստանը գրավել է Չինաստանը: Քրիստիան Տեր-Ստեփանյանը միանգամից ձայն է խնդրում և սկսում բացատրել, որ Հայաստանը չի կարող գրավել Չինաստանը, մինչև հասկանում է, որ խոսքը Լաչինի մասին է»:

 

Խոսելով դիվանագետներին անհրաժեշտ հմտությունների մասին՝ հանդիպման հյուրն ասաց, որ տքնաջան աշխատանքն է այս մասնագիտությանն իմաստ տալիս. «Դիվանագետները պետք է շարժվեն այն գաղափարով, որ սա լավագույն աշխատանքներից մեկն է, որի մասին կարելի է երազել: Սա ստեղծագործ աշխատանք է, որը կատարում ես հայրենիքիդ համար: Սա նաև համամարդկային և մարդասիրական աշխատանք է: Դիվանագետի աշխատանքի համար կարևոր բաղադրիչները շատ են, քանի որ այն պահանջում է գիտելիք գրեթե ամեն ինչի, ամեն նյութի ու թեմայի վերաբերյալ: Դիվանագետը պիտի կարողանա լող տալ ցանկացած ջրի մեջ»:

 

Հանդիպման ավարտին «Երիտասարդ միջազգայնագետներ» ակումբի անդամները տեսապատկերի միջոցով ներկայացրին ՄԱԿ-ի գործունեությունը:

 

 

 

 

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԿԱՆԱՉ» ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ» ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ-ում այսօր ծավալվեց քննարկում «Ջի Այ Զեթ» ընկերություն կողմից ներկայացված «Հայաստանի «կանաչ» աշխատաշուկայի» հաշվետվության շուրջ։
ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ ԿԵՂԾ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒՄՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԵՆ ՄԱՍԱՉՈՒՍԵԹՍԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) հետազոտողները փորձել են հասկանալ կեղծ լուրերի տարածման ծավալները և դրդապատճառները: Ավարտից հետո մարտին հանրայնացվել է նրանց հետազոտությունը: