26.09.2018 | 
Կրթություն
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՕՆԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ. ՊԱՐԶԱԲԱՆԵՑ ՀԱՅՏՆԻ ՊՐՈՖԵՍՈՐ ՎԱԼԵՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՕՆԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ. ՊԱՐԶԱԲԱՆԵՑ ՀԱՅՏՆԻ ՊՐՈՖԵՍՈՐ ՎԱԼԵՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
Այսօր ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում «Հիմնական քաղցկեղածինները և օնկոլոգիական հիվանդությունները Հայաստանում» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Մոսկվայի պետական համալսարանի օրգանական քիմիայի ամբիոնի պրոֆեսոր, ֆիզիկական օրգանական քիմիայի լաբորատորիայի վարիչ Վալերի Պետրոսյանը:

Դասախոսությունը կազմակերպվել էր ֆակուլտետի ղեկավարության և ՈւԳԸ-ի համագործակցության արդյունքում: Հանդիպման սկզբում ֆակուլտետի դեկան Տարիել Ղոչիկյանը, ներկայացնելով Վալերի Պետրոսյանին, նշեց, որ վերջինս նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի էկոլոգիական հարցերով խորհրդականն է. «Վալերի Պետրոսյանն այն պրոֆեսորներից է, ով մշտապես համագործակցում է մեզ հետ, և հույս ունեմ, որ ապագայում նույնպես կշարունակվի մեր փոխգործակցությունը»:

 

Սկսելով դասախոսությունը՝ պրոֆեսորը փաստեց, որ Հայաստանն այն երկրներից է, որտեղ քաղցկեղով պայմանավորված մահացությունների թիվը շատ բարձր է. «2017 թվականին Հայաստանում քաղցկեղի տարբեր տեսակների պատճառով մահացածների թիվը կազմել է 196, ինչը շատ բարձր թիվ է կազմում: Նման ցուցանիշի հիմնական պատճառն այն է, որ հիվանդությունը հիմնականում հայտնաբերվում է արդեն 3-րդ կամ 4-րդ փուլում, երբ բուժումն արդեն արդյունավետ չէ»:

 

Վալերի Պետրոսյանի հավաստմամբ՝ երեք հիմնական գործոնները, որ առաջացնում են հիվանդությունը, վատ սովորությունները, անառողջ կենսաձևը և անորակ սնունդն են. «Հայ մասնագետները առավել կարևոր են համարում թվարկած վերջին գործոնը, քանի որ Հայաստանում սննդային մթերքների մեծ մասն արտադրվում է լեռնային տարածքներում, որտեղ հողն աղտոտված է քաղցկեղածին ծանր մետաղներով՝ պղնձով, մոլիբդենով և քրոմով»:

 

«Բացի այդ՝  ուսումնասիրությունները բացահայտում են, որ ներկրված մթերքների օգտագործումը շատ վտանգավոր է, քանի որ դրանց որակի և մշակման տեխնոլոգիայի նկատմամբ վերահսկողություն չկա: Կարևոր է նշել, որ Հայաստանում մարդիկ շատ հաճախ մթերքները պատրաստում են այրվող փայտերի կամ ածուխի վրա, որի ժամանակ, համաձայն վերջին ուսումնասիրությունների, այդ մթերքներում  առաջանում է պոլիարոմատիկ ածխաջրածինների խտացում, այդ թվում նաև այլ միացությունների առաջացում, որոնք ոչ միայն քաղցկեղ են առաջացնում, այլև հանգեցնում են էնդոկրին համակարգի խանգարումների»,- ասաց պրոֆեսորը:

 

Վալերի Պետրոսյանը ներկաներին զգուշացրեց նաև էլեկտրոնային ծխախոտների վնասակարության մասին և պատմեց ԵՄ-ում վերջին տարիներին արված հայտնաբերությունների մասին: Մասնավորապես պարզվել է, որ կարտոֆիլի, ցորենի, վարսակի, տարեկանի, գարու և սուրճի մեջ պարունակվող ասպարթաթթուն 1200 C-ի դեպքում փոխազդում է այդ սննդամթերքներում առկա շաքարի հետ՝ առաջացնելով քաղցկեղածին ակրիլամիդ. «Նշեմ, որ ասպարթաթթու պարունակում է նաև գետնանուշի, կոկոսի, ծովային ձկների, թռչնամսի, էկզոտիկ մրգերի, ձվի մեջ: Մարդու օրգանիզմի կողմից թթուն առավել ընդունելի է, երբ այդ մթերքները չեն եռացվում»:

 

Պրոֆեսորը խոսեց նաև վատ սովորությունների՝ այդ թվում ծխախոտի օգտագործման և ալկոհոլի չարաշահման մասին, որոնք նույնպես հանգեցնում են քաղցկեղի առաջացմանը, ինչպես նաև արևից պաշտպանվելու կարևորության մասին՝ մաշկի քաղցկեղից խուսափելու համար: Վալերի Պետրոսյանը խորհուրդ տվեց հետևել սննդակարգին, հրաժարվել վատ սովորություններից և կանոնավոր հետազոտվել:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
Մինչհամալսարանական կրթության վարչությունն այսօր կազմակերպել էր հերթական մարզային այցելությունը: Այս անգամ ԵՊՀ դասախոսական անձնակազմն աշակերտների հետ հանդիպումն անցկացրել է Չարենցավանի ավագ դպրոցում:
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ «ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում ՈւԳԸ նախաձեռնությամբ այսօր չորրորդկուրսեցիները ծանոթացան «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագրի հնարավորություններին ու հեռանկարներին: