14.05.2018 | 
Հասարակություն
«ԱՐԵՎԵԼՔԻ ՈՒ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՄԻՋԵՎ ԵՊՀ-Ն ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ԴԵՍՊԱՆԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ». ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆ
«ԱՐԵՎԵԼՔԻ ՈՒ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՄԻՋԵՎ ԵՊՀ-Ն ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ԴԵՍՊԱՆԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ». ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանն աշխատանքային այցով եղել է Իրանում ու Ավստրիայում:

ԵՊՀ միջազգային գիտակրթական կապերն ամրապնդելու և արտասահմանյան բուհերի հետ համագործակցությունն ընդլայնելու նպատակով Վարդան Ոսկանյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 25-29-ն այցելել է Թեհրան: Իրանական Փայամ-ե Նուր համալսարանում ԵՊՀ պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել բուհի ղեկավարության հետ, քննարկել մի շարք հարցեր և պայմանավորվածություններ ձեռք բերել հետագա ծրագրերի մշակման և իրագործման վերաբերյալ:

 

«Իրանցի մեր գործընկերների հետ կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում պարսից լեզվի ուսուցման կենտրոնի հիմնադրման, ուսանողների փոխանակման ծրագրերի, ինչպես նաև միջբուհական համագործակցության շրջանակում երկակի դիպլոմներով կրթական ծրագրերի մշակման և իրագործման վերաբերյալ: Ընդհանուր առմամբ պետք է նշեմ, որ իրանական բուհերի հետ համագործակցությունն ակտիվորեն ընդլայնվում է»,- նշում է Վարդան Ոսկանյանը:

 

Թեհրան կատարած այցելությունից անմիջապես հետո՝ մայիսի 2-10-ը, «Էրասմուս+» ծրագրի շրջանակում Իրանագիտության ամբիոնի վարիչը մեկնել է Ավստրիա, որտեղ գործնական հանդիպումներ է ունեցել Զալցբուրգի համալսարանի և բուհի միջազգային բաժնի ղեկավարության, ինչպես նաև Քրիստոնյա Արևելքի ուսումնասիրությունների ինստիտուտի ներկայացուցիչների հետ:

 

«Նախնական պայմանավորվածություն կա բուհերի միջև համագործակցություն ծավալելու թե՛ «Էրասմուս+»-ի շրջանակում, թե՛ դրանից դուրս: Առաջիկայում համալսարանների միջև նախատեսվում է համագործակցության համաձայնագրի կնքել, որը ենթադրում է կոնկրետ ծրագրեր: Սա, անկասկած, երկուստեք օգտակար է թե՛ ուսանողների, թե՛ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների համար: Ուրախ ենք ու պարտավորված, որ Արևելքի ու Արևմուտքի միջև յուրօրինակ դեսպանի առաքելություն ենք իրականացնում»,- ասում է Վարդան Ոսկանյանը և հավելում, որ արևելագիտության ուսումնասիրության բնագավառում ԵՊՀ-ն կարող է կամուրջ դառնալ եվրոպական բուհերի և Մերձավոր Արևելքի համալսարանների, գիտակրթական ու մշակութային կենտրոնների միջև:

 

Այցի ընթացքում Վ. Ոսկանյանը Զալցբուրգի համալսարանում հանդես է եկել նաև Իրանի քրիստոնյա համայնքներին՝ հայերին ու ասորիներին, նվիրված մի շարք դասախոսություններով:

 

Վարդուհի Զաքարյան

Այլ նորություններ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻՑ ԳՈՐԾԵԼՈՒ Է ՍՆՆԴԻ ՆՈՐ ԿԵՏ. «ԱՐՏ ԼԱՆՉԸ» ԳԱԼԻՍ Է ԵՊՀ
ԵՊՀ-ի և «Արտ Լանչ» ընկերության համագործակցության շրջանակում Ֆիզիկայի ֆակուլտետի մասնաշենքում կբացվի նոր ճաշարան, որը կգործի սեպտեմբերի 1-ից:
ՊԱՏԵՐԱԶՄ, ԲՈՒԺՈՒՄ, ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎ ՏԱՌԱՃԱՆԱՉՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲԵՐ՝ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ, ԵՊՀ. Լ. ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ՝ ԻՐ ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՄԱՍԻՆ
ԵՊՀ անվտանգության պետ Լյովա Առուստամյանի անցած ճանապարհի մասին քչերը գիտեն: Նրա ուղին սկսվում է պատերազմի դաշտից և հասնում է մինչև համալսարանում կարգ ու կանոնի պահպանում: Մեզ հետ զրույցում նա պատմեց իր անցած դժվարին ճանապարհի և համալսարանում սիրելի դարձած աշխատանքի մասին: