19.09.2018 | 
Գիտություն
ԱՆՁԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՕԳՆԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԸՆՏՐԵԼ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
ԱՆՁԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՕԳՆԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԸՆՏՐԵԼ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի հրապարակած «Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների մրցույթ - 2018» արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի կողմից ներկայացված «Անձի հոգեբանական գնահատումը մասնագիտական պատրաստման գործընթացում» թեման։

Գիտական ծրագրի ղեկավար, ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ, հոգեբանական գիտությունների թեկնածու Վարդուհի Պապոյանը, խոսելով իրենց գիտական խմբի ուշադրության կենտրոնում գտնվող հիմնախնդրի մասին, նշեց, որ դրանով զբաղվում են դեռևս 2007 թվականից։ Ըստ նրա՝ անձի մասնագիտական կողմնորոշումը կարևոր տեղ է զբաղեցնում հոգեբանության մեջ։

«Ուսումնասիրությունը սկսեցինք մագիստրոսների շրջանում, քանի որ համակարգը ճկուն է, և մարդիկ հեշտությամբ փոխում են իրենց մասնագիտությունը։ Այս ամենն ավելի խորքային ուսումնասիրության առիթ դարձավ, և մենք սկսեցինք ուսումնասիրել ոչ միայն անձի կողմնորոշումը, այլև անձի ինքնորոշումը։ Մեզ հետաքրքրում է, թե արդյո՞ք անձն ինքնորոշված է մասնագիտական կողմնորոշման մեջ»,- նշեց Վարդուհի Պապոյանը։

Անդրադառնալով կրթական համակարգի հոսքային լինելուն՝ Վարդուհի Պապոյանն առանձնացրեց այն աշակերտներին, ովքեր ունեն ընդունակություններ և՛ հումանիտար ոլորտի առարկաներում, և՛ բնագիտական։

«Մենք կարևոր ենք համարում երեխայի ինքնորոշման խնդիրը, այդ է պատճառը, որ հիմնախնդիրը սկսեցինք ուսումնասիրել ավելի վաղ տարիքից։ Որպես կանոն՝ երեխան 5-6-րդ դասարանում ավելի ինքնորոշված է, թե ինչ է ուզում դառնալ, ինչ մասնագիտություն է ընտրելու ապագայում»,- ասաց նա։

Պապոյանը խոսեց նաև մասնագիտական ինքնորոշման խնդրի ուսումնասիրության ճանապարհի մասին. «Պետք է ընտրել երեխաների համար արդի մասնագիտությունները, ուսումնասիրել, թե որքանով են նրանց գիտելիքները համապատասխանում տվյալ մասնագիտությանը, արդյոք երեխան կողմնորոշված ապագա մասնագիտության հարցում և այլն»։



Նա նշեց, որ ուսումնասիրություններն անցկացվել են Վանաձորում և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում, և շատ հետաքրքիր արդյունքներ են ստացվել։ Կարևորվել են սովորողի ինքնուրույնությունը, ինչպես նաև մասնագիտական ինքնորոշման հոգեբանական առանձնահատկությունները։

«Մենք հնարավորություն ունենք տարբեր մեթոդներով և թրեյնինգների միջոցով կողմնորոշել մարդկանց գտնել իրենց տեղն ընտրած մասնագիտության մեջ»,- պարզաբանեց Վարդուհի Պապոյանը։

Կարևոր է նշել, որ ուսումնասիրման ոլորտից դուրս չեն մնացել նաև սահմանափակ կարողություններ ունեցող երեխաները, և հաջողություններ կան նրանց կողմնորոշման հարցում օգնելու գործում։

«Ես-կոնցեպցիայի հիման վրա փորձում ենք հասկանալ, թե որքանով է անձը համապատասխան իր մասնագիտությանը։ Ի վերջո, մենք կունենանք այնպիսի մոդել, որի միջոցով անձն ինքն իրեն կճանաչի, կպատկերացնի լավ մասնագետի դերում»,- հավելեց նա։

Խոսելով աշխատության կիրառական նշանակության մասին՝ Վարդուհի Պապոյանը հայտնեց, որ վերապատրաստման միջոցով դպրոցի հոգեբանները, սոցաշխատողներն ու մանկավարժները հնարավորություն կունենան օգնել և ուղղորդել երեխաներին։


Մարի Ռաֆյան

Այլ նորություններ
ԻՐԱՆԱԿԱՆ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅԱՆ 8-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
«Իրանական լեզվաբանության 8-րդ միջազգային գիտաժողով»-ը անց է կացվում հոկտեմբերի 11-13-ը Երևանի պետական համալսարանում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉՂՋԻԿՆԵՐԸ՝ ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԳԻՏԱՐՇԱՎԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱ
Կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի աշխատակիցները սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 4-ը Հայաստանի հարավային հատվածում մասնակցել են հայ-գերմանական համատեղ գիտարշավին: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Կենդանաբանության ամբիոնի ավագ լաբորանտ Աստղիկ Ղազարյանը: