05.12.2018 | 
Հասարակություն
ՊՐՈՖԵՍՈՐԻ ՆԵՐՇՆՉԱՆՔԻ ԱՂԲՅՈՒՐԸ ՊՐՈՖԵՍՈՐ ԿԻՆՆ Է ԵՂԵԼ
ՊՐՈՖԵՍՈՐԻ ՆԵՐՇՆՉԱՆՔԻ ԱՂԲՅՈՒՐԸ ՊՐՈՖԵՍՈՐ ԿԻՆՆ Է ԵՂԵԼ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայ նորագույն գրականության ամբիոնի պրոֆեսոր Վազգեն Գաբրիելյանի ու Գրականության տեսության և գրաքննադատության ամբիոնի պրոֆեսոր Ժենյա Քալանթարյանի հանդիպման ճակատագրական վայրը եղել է ԵՊՀ-ն: Այդ օրվանից անցել է ուղիղ 58 տարի:
Մեզ հետ զրույցում ամուսնական զույգն անկեղծացավ և պատմեց 58 տարի առաջ սկիզբ առած սիրո պատմության մասին:

 Ճակատագրական  հանդիպման  վայրը  համալսարանն էր

 

«Ժենյան առաջին կուրս էր, երբ մենք՝ բարձր կուրսի տղաներով, գնացել էինք լավ աղջիկ որոնելու»,- անկեղծանում է Վազգեն Գաբրիելյանը:

 

Եվ ահա, երկար հյուսեր ունեցող Ժենյա Քալանթարյանն առաջին հայացքից գրավել է պրոֆեսորին. «Ժենյայի համեստությունը, լրջությունը և ուսման հանդեպ պատասխանատվությունը խորացրին նրա հանդեպ ունեցած հետաքրքրությունս»:

 

Ի հավելումն դրա՝ Ժենյա Քալանթարյանը նկատեց, որ ինքը ոչ միայն  երկար հյուսերով ու համեստությամբ է աչքի ընկել, այլև  աշակերտական համազգեստով. «Հագնում էի աշակերտական համազգեստ, որն առանց գոգնոցի էր»:

 

Վազգեն Գաբրիելյանն օգտվել է սիրո օբյեկտին մոտենալու առաջին իսկ պատեհ առիթից. «Ես այդ ժամանակ ԵՊՀ թերթում էի աշխատում, որն ինձ հնարավորություն տվեց գրելու Հայ բանասիրության ֆակուլտետում սովորող խելացի և բանիմաց ուսանողուհու մասին»:

 

Կշեռքավարը՝ սիրո վկա

Զույգի հանդիպման վայրը միայն համալսարանը չի եղել: Սիրահարված երիտասարդը մշտապես սպասել է տան մոտ՝ աչքը սիրելիի ճանապարհին: «Մենք քայլում էինք  ներկայիս Թումանյան փողոցով, և մեր քայլերին լուռ հետևում էր փողոցի անկյունում կանգնած կշեռքավարը,- հիշում է տիկին Քալանթարյանը,- ժպտում էր, նայում մեզ, կարծես ցանկանում էր խոսել ու կիսվել իր տպավորություններով»:

 

Սերն արտահայտվում էր բանաստեղծությունների միջոցով

 

Պրոֆեսորի ներշնչանքի աղբյուրը Ժենյա Քալանթարյանն էր, որին ձոնել է մի շարք  բանաստեղծություններ. «Երբ կարդաք բանաստեղծություններս, կտեսնեք՝ վերջում գրված է Ժ. Ք-ին»,- պարզաբանում է պրոֆեսորը:

 

Սակայն այդ  բանաստեղծությունները շարունակական չեն եղել. «արգելողը» հենց սիրելին է եղել. «Ես և՛ ներշնչանքի աղբյուրն եմ եղել, և՛ խանգարողը. կարծում եմ՝  առօրեական բանաստեղծություն չպետք է գրել»: 

 

«Նույն մասնագիտություն  ունենալը  որքան դժվար, նույնքան հաճելի է»

 

Նրանք նշեցին, որ մասնագիտական ուսումնասիրությունները, քննարկումները, հարցերը  շարունակվում են նաև տանը: «Դա որքան  դժվար, նույնքան հաճելի գործընթաց է: Մեկս մյուսին լրացնում ենք, հարստացնում»,- ասաց տիկին Քալանթարյանը:

 

 

«Մեկս մյուսին հասկանում ենք, վստահում, օգնում, հոգ տանում. դրանից կարևոր էլ ի՞նչ կա»,- ընդգծում է Վ. Գաբրիելյանը:

 

Իսկ հոգատարությունը, հարգանքն ու սերը ակներև են: Համալսարանականները նրանց մշտապես տեսնում են միասին, ձեռք ձեռքի բռնած, սիրով լի աչքերով:

«Մենք երջանիկ ենք և շնորհակալ ենք ճակատագրին»

 

Նրանք ունեն երկու զավակ, չորս  թոռ և մեկ ծոռ: Զրույցի վերջում 54 տարի շարունակ լսվող սիրո խոստովանություններին ավելացավ ևս մեկը: 


«Ես միշտ զգում եմ քո կարիքը և ուզում եմ՝ միշտ կողքիս լինես»,- ամփոփեց Ժենյա Քալանթարյանը:


Անգին Խաչատրյան

Այլ նորություններ
ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՄԻՆՉԵՎ ՕՐՍ ՉԼՈՒՍԱԲԱՆՎԱԾ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԷՋԵՐԸ
Ֆակուլտետի անցյալի փակ դռները կօգնի բացել ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի հիմնադիր դասախոս Գևորգ Ղուշչյանը:
ԵՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵԼ Է ԲԱՐԵՐԱՐ ՄԿՐՏԻՉ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻ 200-ԱՄՅԱԿԸ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ Մկրտիչ Սանասարյանի ծննդյան 200-ամյակին նվիրված միջոցառում: