22.09.2017 | 
Ուսանողական
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ ԻՐ ՓՈՐՁԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ ԻՐ ՓՈՐՁԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ
Այսօր ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հանդիպեց «Բանավեճի միջբուհական ակումբային առաջնություն-2017»-ի մասնակիցների հետ:

Հանդիպման կազմակերպիչ, ԵՊՀ բանավեճի ակումբի նախագահ Նվեր Կիրակոսյանը, հակիրճ ներկայացնելով Բանավեճի ակումբի գործունեությունը, նշեց, որ այսօրվա հանդիպման նպատակը բանավեճի ակումբի մասնակիցներին առավել լավ նախապատրաստելն է առաջիկայում կայանալիք բանավեճի առաջնությանը:

 

Ողջունելով ակումբի մասնակիցներին՝ Վազգեն Մանուկյանը նշեց, որ շատ դժվար է ելույթ ունենալ բազմամարդ լսարանի առջև, դրա համար անհրաժեշտ են գիտելիք, հատուկ ընդունակություններ, փորձ. «Ես խորհուրդ կտամ բազմամարդ լսարանի առջև ելույթ ունենալիս ուշադրություն դարձնել հատկապես այն հայացքներին, որոնք ձեր խոսքերին հավանություն են տալիս, քանի որ գոհունակություն նկատելով՝ բանախոսն ավելի է ոգևորվում»:

 

Բանախոսն ընդգծեց, որ ինքն ու ընկերները սկսել են քաղաքականությամբ զբաղվել դեռևս 60-ական թվականներից, այդ ժամանակ էլ իր նախաձեռնությամբ ստեղծվեց Հայ մշակույթի ակումբը, որտեղ կազմակերպում էին ժամանակի համար անընդունելի թեմաներով բանավեճեր, քննարկում համազգային նշանակության տարբեր հարցեր՝ առաջնորդվելով ազգային գաղափարով:

 

Վազգեն Մանուկյանն ապագա քաղաքական գործիչներին խորհուրդ տվեց ազգային գաղափարախոսությամբ առաջնորդվելիս քննարկել այնպիսի ազգային հարց, որը տեղավորվում է համաշխարհային զարգացումների վեկտորի մեջ, օրինակ՝ Արցախյան հիմնախնդիրը, հակառակ պարագայում հարցը լուծում չի ստանա: Դրանից բացի՝ ամեն մի ժամանակաշրջան ինքն է թելադրում՝ որ ազգային հարցն է գերակա:

 

 

Հանրային խորհրդի նախագահն առանձնացրեց մի քանի կարևոր կետեր, որոնք առաջնային են իր ու իր գաղափարակիցների համար. «Առաջինը համաշխարհային հայության համախմբումն է, երկրորդ՝ պետության ներսում կառավարման հոգեբանությունը պետք է փոխվի, երկար չի կարող շարունակվել այն վիճակը, երբ լարվածության մեջ է, պատերազմի է գնում հասարակության մի շերտը, բայց ստացված արդյունքներից օգտվում է նաև մեկ այլ շերտ»:

 

Պատասխանելով ուսանողներին հետաքրքրող հարցերին և ամփոփելով հանդիպումը՝ բանախոսը հավելեց, որ երիտասարդության դերը երկրի զարգացման հարցում միշտ էլ կարևոր է եղել, և այսօր էլ, եթե երիտասարդներն ու ուսանողները համախմբվեն, իրենց առջև ճիշտ նպատակներ դնեն, կարող են նպաստել երկրի զարգացմանն ու հզորացմանը:

 

Վազգեն Մանուկյանը ուսանողներին խորհուրդ տվեց շատ կարդալ, քանի որ նույնիսկ ոչ մասնագիտական գրականություն կարդալն օգնում է երևույթներն ավելի խորը վերլուծել:

 

Նվեր Կիրակոսյանը հանդիպման ավարտին շնորհակալություն հայտնեց Վազգեն Մանուկյանին՝ ցանկություն հայտնելով հետագայում ևս նման հանդիպումներ կազմակերպել ուսանողների հետ՝ քննարկելու հասարակական կարևոր նշանակության հարցեր:

Այլ նորություններ
ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում համալսարանականները հյուրընկալեցին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին:
ԵՐԵՎԱՆԻ ՏՈՆԻՑ «ՄԻ ԿՏՈՐ» ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ պատմության ֆակուլտետում ուսանողները նշում էին Երևանի տոնը: