19.10.2010 | 
Կրթություն
ՕԲՅԵԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ` ՆՈՒՅՆԻՍԿ ՃԳՆԱԺԱՄԱՆԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ
ՕԲՅԵԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ` ՆՈՒՅՆԻՍԿ ՃԳՆԱԺԱՄԱՆԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ «Լրագրությունը ճգնաժամանային իրավիճակներում» խորագրով սեմինար:

Հայաստանյան լրատվամիջոցների համար նախատեսված սեմինարը կազմակերպել էին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը, Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը եւ Բեռլինի «Դոյլչե Վելլե» հեռուստառադիոակադեմիան: Այս սեմինարին նախորդել էր սեպտեմբեր ամսին կազմակերպված նույնաբնույթ թեմայով 10-օրյա սեմինարը Թբիլիսիում, որին մասնակցել են հայ, վրացի եւ ադրբեջանցի լրագրողներ: Հայկական կողմից 4 լրագրողներ են ներկայացված եղել, ովքեր այսօր իրենց տպավորությունները կիսեցին մարզային ու երեւանյան գործընկերների հետ: Ողջունելով հյուրերին` ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանն ընդգծեց այն հանգամանքը, որ սեմինարին մասնակցում են նաեւ մարզերի լրատվամիջոցների ներկայացուցիչներ: «Մեր համագործակցությունը «Դոյլչե Վելլե» ակադեմիայի հետ մոտ մեկ տարվա պատմություն ունի: Եվ ես համոզված եմ, որ առաջիկայում մեզ կհաջողվի ֆակուլտետում ստեղծել հայ-գերմանական բարեկամության կենտրոն»,- նշեց պարոն Մարտիրոսյանը:

 

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը 4 անգամ եղել է Գերմանիայում եւ քաջ ծանոթ է գերմանական լրատվամիջոցների աշխատանքին. «Մենք շատ բան ունենք սովորելու նրանցից օրենսդրության, էթիկայի եւ մի շարք այլ ոլորտներում»: Աստղիկ Գեւորգյանն առանձնացրեց հատկապես Գերմանիայի մամուլի դատարանը, որը լրատվամիջոցների ինքնակարգավորման մարմիններին հսկող յուրահատուկ մի կառույց է: Հայաստանի ժուռնալիստների միության նախագահը նաեւ առաջարկեց Հայաստանում Գերմանիայի դեսպանատանը նոր սեմինարի ծրագիր կազմել Հայաստանի մարզերում գործող թերթերի 24 խմբագիրների համար: «Եթե հակամարտությունների թեմաներ լուսաբանող լրագրողներն իրենց նպատակը համարեն նաեւ այդ հակամարտությունների կարգավորումը, այդ դեպքում մենք մեր խնդիրը լուծված կհամարենք»,- դիմելով սեմինարի մասնակիցներին` ասաց Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Քրիստոֆ Բրոյնիգը:

 

«Մեր սեմինարը նվիրված է ոչ թե քարոզչությանը, այլ դրա բացառմանը ճգնաժամային լրագրության պայմաններում, որպեսզի լրատվությունը ներկայացվի օբյեկտիվ, այլ ոչ հակառակը»,- իր հերթին ընդգծեց «Դոյլչե Վելլե» ակադեմիայի ներկայացուցիչ, ծրագրի ղեկավար Էրբերհարդ Սուկերը: Պարոն Սուկերը հույս հայտնեց, որ ծրագրի շրջանակում հաջորդ հանդիպումը տեղի կունենա ոչ թե չեզոք երկրում, ինչպիսին Վրաստանն է, այլեւ հակամարտող երկրներից մեկում` Հայաստանում կամ Ադրբեջանում: Ի դեպ, նախորդ սեմինարի հայ մասնակիցներից մեկը` Գյումրիի «Գալա» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը, պատրաստել էր 9 րոպեանոց մի տեսաֆիլմ թբիլիսյան սեմինարի մասին, որն էլ ներկայացրեց մասնակիցների ուշադրությանը: «Ֆիլմում կենտրոնացել եմ զգացմունքային կողմի եւ փոխհարաբերությունների վրա: Փորձել եմ լսելի դարձնել բոլոր մասնակիցների կարծիքները, բայց, ցավոք, ադրբեջանցիները հրաժարվեցին հարցազրույց տալ մեզ»,- նշեց Դերենիկ Մալխասյանը: Միջոցառմանը մասնակցում էին հիմնականում մարզերում հրապարակվող թերթերի խմբագիրներ, լրագրողներ: Մասնավորապես ներկա էին «Արարատ», «Տուֆաշխարհի առօրյա», «Լուսարձակ», «Սեւան» թերթերի խմբագիրները, ինպես նաեւ երեւանյան ԶԼՄ-ների մի քանի ներկայացուցիչներ:

Այլ նորություններ
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԴԻՄՈՐԴՆԵՐԸ. ԵՊՀ-ՈՒՄ ԱՎԱՐՏՎԵԼ Է ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ 2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐԻ ԱՌՑԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ
ԵՊՀ-ում հունիսի 15-ին ավարտվել է 2020-2021 ուսումնական տարվա դիմորդների դիմում-հայտերի առցանց ընդունման առաջին փուլը, որին հայտագրվել է 4060 դիմորդ:
ԵՊՀ-ՈՒՄ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ԱՌՑԱՆՑ
ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ մագիստրատուրայի ընդունելության հայտերն անհրաժեշտ է լրացնել առցանց: