25.01.2019 | 
«ԼԱՎ ԼՐԱԳՐՈՂ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԻԱՅՆ ՄԵԿ ՃԱՆԱՊԱՐՀ ԿԱ՝ ՍՏԱՆԱԼ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ». ՆԱՂԱՇ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«ԼԱՎ ԼՐԱԳՐՈՂ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԻԱՅՆ ՄԵԿ ՃԱՆԱՊԱՐՀ ԿԱ՝ ՍՏԱՆԱԼ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ». ՆԱՂԱՇ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը և մինչհամալսարանական կրթության վարչությունը դիմորդների համար այսօր կազմակերպել էին անվճար դասընթաց «Բանավոր հաղորդակցման մշակույթ» առարկայից:

Արդեն ավանդույթ դարձած հանդիպումների հիմնական նպատակն է ապագա ուսանողներին ներկայացնել  Ժուռնալիստիկայի ֆակուլտետի «Բանավոր հաղորդակցման մշակույթ» քննության ընթացակարգը:

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը հանդիպման սկզբում շնորհակալություն հայտնեց ներկաներին ֆակուլտետի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար, այնուհետև ապագա դիմորդներին ներկայացրեց ֆակուլտետի պատմության կարևոր դրվագները:

 

«Վարդգես Պետրոսյանը, Մարգո Մխիթարյանը, հրապարակախոս Արտաշես Քալանթարյանը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի առաջին շրջանավարտներն են եղել: Այս  մարդիկ կարողացել են իրենց ժամանակի ձայնը դառնալ և ունենալ իրենց կայուն տեղը թե՛ մարդկանց հիշողության, թե՛ ֆակուլտետի պատմության մեջ»,- ասաց Նաղաշ Մարտիրոսյանը:

 

Հանդիպման ընթացքում  պարոն Մարտիրոսյանը մանրամասն ներկայացրեց  այն կարևոր տարեթվերը, պատմական  իրադարձություններն ու մարդկանց, որոնց իմացությունը քննական  գործընթացն առավել հեշտ ու սահուն կդարձնի:

«Ես կուզենայի առանձնահատուկ նշել ,որ լավ լրագրող դառնալու համար միայն մեկ ճանապարհ կա ՝ստանալ մասնագիտական կրթություն: Իսկ մասնագիտական կրթություն ստանալու  այդ ճանապարհն  անցնում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետով»,- նշեց Նաղաշ Մարտիրոսյանը:

Ժուռնալիստիկայի ֆակուլտետի նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի վարիչ Դավիթ Պետրոսյանը ներկայացրեց, թե որն է «Բանավոր հաղորդակցման մշակույթ» դասընթացի ուսումնասիրման առարկան:

Ելույթում պարոն Պետրոսյանն անդրադարձավ  Հայաստանի գործող օրաթերթերին, առցանց մամուլին, լրատվական գործակալություններին, հանրային և մասնավոր հեռուստաընկերություններին, լրատվադաշտը ձևավորող հաղորդումներին՝ նշելով, որ վերջիններիս գործունեությանը ծանոթ լինելը կարևոր պայման է՝ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ապագա ուսանող դառնալու համար:

 

«Մեր ապագա ուսանողները պետք է իմանան, որ ունենալու են կարծիք արտահայտելու անսահմանափակ ազատություն: Մեր ֆակուլտետի ոչ մի դասախոս երբեք ուսանողի  արտահայտած միտքը սխալ չի համարելու: Դասախոսի խնդիրն է Ձեզ համոզել, որ այլ մոտեցում նույնպես գոյություն ունի»,- ասաց Դավիթ Պետրոսյանը:

Վերջում ուսանողները  հնարավորություն ունեցան ստանալու  իրենց հուզող հարցերի պատասխանները:

Անի Պողոսյան