26.04.2019 | 
«ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ ՄԹՆՈԼՈՐՏԸ ՊԵՏՔ Է ԱՅՆՊԻՍԻՆ ԼԻՆԻ, ՈՐ ՈՒՍԱՆՈՂԸ ՄՈՌԱՆԱ ԱՇԽԱՐՀՆ ՈՒ ՄՆԱՑՅԱԼԸ ԵՎ ՏՐՎԻ ԳՐՔԵՐԻՆ».ՎԻԿՏՈՐ ՓԱՄԲՈՒԿՉՅԱՆ
«ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ ՄԹՆՈԼՈՐՏԸ ՊԵՏՔ Է ԱՅՆՊԻՍԻՆ ԼԻՆԻ, ՈՐ ՈՒՍԱՆՈՂԸ ՄՈՌԱՆԱ ԱՇԽԱՐՀՆ ՈՒ ՄՆԱՑՅԱԼԸ ԵՎ ՏՐՎԻ ԳՐՔԵՐԻՆ».ՎԻԿՏՈՐ ՓԱՄԲՈՒԿՉՅԱՆ
ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի տնօրեն Եզնիկ Միրզոյանն այսօր շնորհակալագիր հանձնեց Արիզոնայի համալսարանի պրոֆեսոր Վիկտոր Փամբուկչյանին՝ ԵՊՀ-ին պարբերաբար գրքեր նվիրելու համար:

Շնորհակալագրի հանձնմանը ներկա էին նաև ԵՊՀ պրոռեկտորներ Մենուա Սողոմոնյանը և Ռուբեն Մարկոսյանը:

Վիկտոր Փամբուկչյանը ԵՊՀ գրադարանին և հայաստանյան այլ գրադարաններին պարբերաբար նվիրում է մեծաքանակ անգլերեն գրականություն:

Նվիրված գրականությունը ներառում է գիտության բազմաթիվ ուղղություններ, ինչպես նաև գեղարվեստական գրականություն:

2018 թ. սեպտեմբերից Վիկտոր Փամբուկչյանը ԵՊՀ մի քանի ուսանողների համար դասախոսություն է կարդում երկրաչափության հատուկ բաժինների մասին (շաբաթ օրերին), և արդեն երկու ուսանողի հետ պատրաստում են գիտական հոդված՝ գիտական հեղինակավոր ամսագրում տպելու համար:

 

Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Մենուա Սողոմոնյանը նշեց, որ պարոն Փամբուկչյանի նվիրած յուրաքանչյուր գիրք ներդրում է ուսանողների ապագայի մեջ, ուստի նրա կատարած յուրաքանչյուր բարի գործ պետք է լուսաբանվի ու ներկայացվի հանրությանը:

«Պարոն Փամբուկչյանի նման մարդիկ մեր հասարակության մեջ պետք է ճանաչված և հարգված լինեն»,- նշեց Մենուա Սողոմոնյանը,- «այն ուսանողները, որոնք օգտվել են նվիրված գրքերից, պետք է նրան ճանաչեն»:

Մենուա Սողոմոնյանը շնորհակալություն հայտնեց Վիկտոր Փամբուկչյանին նաև նրա համար, որ վերջինս իր մասնագիտական փորձառությունն է հաղորդում ԵՊՀ ուսանողներին, և նրա հետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն հայտնեց:

Այնուհետև կողմերը սկսեցին քննարկել նվիրատվություն ստացած գրքերի հետ կապված խնդիրները, որոնք վերաբերում էին ինչպես հարկային օրենքին առնչվող հարցերին, այնպես էլ ընթերցասրահում գրքերի տեղադրմանը:

Պարոն Փամբուկչյանի խոսքով, շատ կարևոր է, որ գիրքն ուսանողի համար տեսանելի լինի, քանի որ ուսանողը չի ցանկանա ընթերցել մի գիրք, որն ընթերցասրահում չի տեսել:

«Գրադարանում մթնոլորտը պետք է այնպիսին լինի, որ ուսանողը մոռանա աշխարհն ու մնացյալը և տրվի գրքերին: Այդ մթնոլորտը ստեղծելու համար պետք են շատ գրքեր»,- նշեց Վիկտոր Փամբուկչյանը և հավելեց,- «վաղուց ապացուցված է այն փաստը, որ էլեկտրոնային գրքերը չեն կարող իրենց արդյունավետությամբ փոխարինել իրական գրքերին»:

 

Վիկտոր Փամբուկչյանը շեշտեց, որ բանաստեղծական որևէ գիրք կարդալուց առաջ նախ պետք է իմանալ այդ գրքի գոյության մասին:

Ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, պարզաբանելով ընթերցասրահին վերաբերող հարցերը, նշեց, որ ընթերցասրահներում սովորաբար դրվում են ուսումնական ու ավելի հաճախ պատվիրվող գրքերը: Մյուս գրքերի համար ընթերցասրահները, ցավոք սրտի, դեռևս բավականաչափ մեծ չեն:

Այդ գրքերն ընդգրկվում են քարտադարանի մեջ, որի միջոցով էլ ուսանողները կարող են իրենց անհրաժեշտ գրքերը պատվիրել:

Գրադարանում այս պահին կատարվում է նվիրված գրականության համալրում:

Նախկինում նվիրված գրականության մի մասը տեղադրված է ընթերցասրահում, մնացած մասը՝ գրապահոցում:

Անի Պողոսյան