Այցը կազմակերպվել էր Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ: Կենտրոնի աշխատակցուհի Սեդա Գաբրիելյանը նշեց, որ այսօրինակ հանդիպումներն իրենց կողմից պարբերաբար են կազմակերպվում. «Սա այս ուստարվա ընթացքում մեր 2-րդ այցն է: Ընկերությունում լինում են թափուր աշխատատեղեր, և դրանց առկայության դեպքում մեր շրջանավարտները աշխատանքի անցնելու հնարավորություն են ունենում»:
«Կոկա-Կոլա» ընկերության հայաստանյան մասնաճյուղի շրջայցերի և հաղորդակցության մասնագետ Ազատուհի Խաչատրյանը ուսանողներին ներկայացրեց ընկերության ստեղծման պատմությունը, զարգացման փուլերը, ինչպես նաև խոսեց ներկայիս աշխատանքային ռազմավարություն մասին:
Ազատուհի Խաչատրյանի խոսքով՝ իրենք շեշտը դնում են էկոլոգիապես մաքուր արտադրության վրա և իրականացնում են բնապահպանական ծրագրեր՝ ուղղված համայնքների զարգացմանը. «Բացի նշվածից՝ կազմակերպվող մյուս ծրագրերն էլ նպատակ ունեն օգնել երիտասարդներին զարգանալ և ձևավորել առաջնորդական հմտություններ»:
Ուսանողները շրջայց կատարեցին ընկերության գործարանում, ծանոթացան բուն արտադրական գործընթացին և ուղղեցին իրենց հետաքրքող հարցերը մասնագետներին: Ցանկացողները ընկերությունում թողեցին իրենց ռեզյումեները:
«Շատ ճանաչողական հանդիպում էր: Հետաքրքիր էր բացահայտել քեզ հայտնի ընկերության անծանոթ կողմերը, ծանոթանալ կառույցի աշխատանքային քաղաքականությանը»,- ասաց ԵՊՀ ժուռանալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Անի Առաքելյանը:
Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի աշխատակցուհի Սեդա Գաբրիելյանը նշեց, որ իրենց հաջորդ այցն ընկերություն նախատեսում են դեկտեմբերին: