28.11.2017 | 
Հասարակություն
ՀԵՐՈՍԸ ԿԴԱՌՆԱՐ 50 ՏԱՐԵԿԱՆ
ՀԵՐՈՍԸ ԿԴԱՌՆԱՐ 50 ՏԱՐԵԿԱՆ
Այսօր Եռաբլուր պանթեոն՝ զոհված սփյուռքահայ ուսանող-ազատամարտիկ Մհեր Ջուլհաճյանի շիրիմին էին այցելել ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Այցը կազմակերպվել էր ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի ու Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի կողմից:

 

Հուշ-ցերեկույթին ներկա էին Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը, «Վարդանանք» ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը, դասախոսներ, հերոսի մարտական ընկերներն ու հարազատները:

 

Մհեր Ջուլհաճյանը ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանող-ասպիրանտ էր: Ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը հիշեց հերոսի ուսանողական տարիները և ներկայացրեց Մհեր Ջուլհաճյանի մասին իր տպավորություններն ու հուշերը:

 

«Մհերն այսօր կդառնար 50 տարեկան: Երիտասարդ լինելով հանդերձ՝ բավականին փորձառու էր: Ծնված ու մեծացած լինելով Սփյուռքում՝ եկել էր Հայաստան ու ակտիվորեն մասնակցում էր Արցախյան շարժմանը: Օրերից մի օր եկավ ինձ մոտ ու ասաց, որ Արցախում իրավիճակը լարված է, ու ինքը պետք է այնտեղ լինի: Այն փորձը, որը նա ձեռք էր բերել բեյրության պայքարի ժամանակ հայկական թաղամասերը պաշտպանելիս, օգտագործում էր նաև երիտասարդներին սովորեցնելու և ավելի պատրաստ դարձնելու համար»,- ասաց Մարատ Գրիգորյանը:

 

«Մհերն այն մարդկանցից մեկն է, ով անտրտունջ զոհեց իրեն հանուն հայրենիքի: Նա սովորել էր Լիբանանի ամերիկյան համալսարանում: Նրան մեծ առաջընթաց էր դրսում սպասվում, բայց նա որոշեց լինել հայրենիքում, ծառայել հայրենիքին և իր զոհողությունները մատուցել իր հայրենիքին»,- նշեց հերոսի մարտական ընկեր Իգոր Սարգսյանը:

 

Ներկաները ծաղիկներ դրեցին Մհեր Ջուլհաճյանի շիրիմին, վարդանանքցիներն էլ ասմունքեցին հատվածներ «Մհեր Ջուլհաճյան» գրքից:

 

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵԼ Է ԲԱՐԵՐԱՐ ՄԿՐՏԻՉ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻ 200-ԱՄՅԱԿԸ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ Մկրտիչ Սանասարյանի ծննդյան 200-ամյակին նվիրված միջոցառում:
ԵՊՀ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԿԱՆԱՉ» ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ» ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ-ում այսօր ծավալվեց քննարկում «Ջի Այ Զեթ» ընկերություն կողմից ներկայացված «Հայաստանի «կանաչ» աշխատաշուկայի» հաշվետվության շուրջ։