Նոյեմբերի 24-ին Իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում հյուրընկալվել էին Երևանի համար 94 ավագ դպրոցի աշակերտները:
Բաց դասը վարում էր Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի դասախոս, իրավ. գիտ. թեկնածու Քնարիկ Վարդանյանը, ով նաև ԵՊՀ իրավաբանական կլինիկայի տնօրենն է:
Նա աշակերտներին ծանոթացրեց կլինիկայի գործունեությանը և նշեց, որ այդտեղ ուսանողները կարողանում են իրենց տեսական գիտելիքները կիրառել գործնականում, ինչը նպաստում է մասնագիտական հմտությունների ամրապնդմանը:
Համար 94 ավագ դպրոցի աշակերտները ցանկություն էին հայտնել դասախոսություն լսել «Միջազգային իրավունք. փախստականների իրավունք» թեմայով:
Քնարիկ Վարդանյանը աշակերտներին ներկայացրեց փախստականների և տեղահանված անձանց միջազգային իրավական և ներպետական պաշտպանության ոլորտի հիմնախնդիրները, պատմությունը:
Հանդիպումն անցավ ինտերակտիվ ձևաչափով. աշակերներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղում էին բանախոսին: Նրանցից մեկը ցանկանում էր իմանալ ապաստանի և ապաստարանի տարբերությունը: Համար 94 դպրոցի սաները հնարավորություն ունեցան հայտնելու իրենց կարծիքները այդ հարցի վերաբերյալ:
«Երբևէ պետք չէ շփոթել կամ նույնացնել այդ երկու հասկացությունները: Ապաստարանը տարածք է, որտեղ թաքնվում ենք, օրինակ՝ անձրևից, իսկ ապաստանը պաշտպանություն է, որը տրվում է անձին տվյալ երկրի կողմից պաշտպանություն չունենալու համար»,- ասաց Քնարիկ Վարդանյանը:
Աշակերտները դիտեցին նաև վավերագրական ֆիլմ փախստականների գծով առաջին գերագույն հանձնակատար Ֆրիտյոֆ Նանսենի վերաբերյալ:
Նոյեմբերի 24-ին Երևանի համար 103 ավագ դպրոց էր այցելել ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դասախոս Կարեն Սահակյանը: Նա այնտեղ հանդես է եկել «Հատույթների կառուցում» թեմայով ակնարկային դասախոսությամբ:
Նոյեմբերի 30-ին էլ մասնագիտական կողմնորոշման նպատակով Երևանի համար 142 ավագ դպրոցի 10-11-րդ դասարանների շուրջ 30 աշակերտներին հյուրընկալել էր ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետը:
Ֆակուլտետի դեկան Խաչատուր Ներկարարյանը ողջունեց աշակերտներին, ծանոթացրեց Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի գործունեությունը և ներկայացրեց այն ոլորտները, որոնք առնչվում են ռադիոֆիզիկային:
Աշակերտները նաև շրջեցին ֆակուլտետի լաբորատորիաներով և կատարեցին որոշ փորձեր, որոնք նախատեսված էին ուսումնական ծրագրով: