28.08.2020 | 
Գիտություն, Հասարակություն
ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ 80 ՏԱՐԵԿԱՆ Է
ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՎԼԱԴԻՄԻՐ  ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ 80 ՏԱՐԵԿԱՆ Է
Այսօր լրանում է նշանավոր հայ ֆիզիկոս, ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր, ՀՀ վաստակավոր գիտնական, ակադեմիկոս Վլադիմիր Միքայելի Հարությունյանի ծննդյան 80-ամյակը:

Նա 1964-ին գերազանցությամբ ավարտել է Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտի ռադիոէլեկտրոնիկայի ֆակուլտետը, 1970 թ. պաշտպանել է թեկնածուական, իսկ 1977-ին՝ դոկտորական ատենախոսությունները: 1990-ին ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, այնուհետև 1996-ին՝  ակադեմիկոս:

 

Վլադիմիր Հարությունյանը ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի, ինչպես նաև միջազգային գիտական բազմաթիվ միությունների անդամ է: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի բյուրոյի ու Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի «Ֆունկցիոնալ նյութեր էլեկտրոնիկայի» գիտական խորհրդի կազմում է:

 

Ակադեմիկոսը 1992 թվականից ՀՀ ԳԱԱ «Известия НАН Армении. Физика» ամսագրի գլխավոր խմբագիրն է, որը Շպրինգեր (Գերմանիա) հրատարակչական կազմակերպության կողմից  «Journal of Contemporary Physics» անվանմամբ հրատարակվում է նաև անգլերեն:

 

Նրա խմբագրությամբ արդեն տասներեք տարի լույս է տեսնում «Armenian Journal of Physics» էլեկտրոնային ամսագիրը: Պարոն Հարությունյանը «Նանոբժշկություն, նանոտեխնոլոգիա և նանոնյութեր» միջազգային ամսագրի խմբագիրներից մեկն է, արտասահմանում հրատարակվող 6 և ՀՀ-ում 2 ամսագրերի խմբագրական խորհուրդների անդամ:

 

1965 թվականից ՀՀ վաստակավոր գիտնականն աշխատել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում: 1977-ի դեկտեմբերից մինչև 2018 թ.  աշխատել է ԵՊՀ-ում ՝ որպես Կիսահաղորդիչների ֆիզիկայի և միկրոէլեկտրոնիկայի ամբիոնի վարիչ:

 

Ներկայումս  այդ ամբիոնի պատվավոր վարիչն է: 1977 թվականից առ այսօր ղեկավարում է ԵՊՀ կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների գիտական կենտրոնը: Վլադիմիր Հարությունյանի և գործընկերների ուշադրության կենտրոնում են կիսահաղորդիչների հետ էլեկտրոլիտների, գազերի և հեղուկ բյուրեղների  բաժանման սահմանում ընթացող տարբեր երևույթները:

Նա իր գործընկերների հետ մեծ ներդրում ունի նաև ենթակարմիր, անդրամանուշակագույն և ԳԲՀ սպեկտրալ տիրույթներում աշխատող ֆոտոընդունիչների ու տարբեր տվիչների ստեղծման ոլորտում:

 

Ակադեմիկոսը մեծ ուշադրություն է դարձնում միջազգային համագործակցությանը: Նա հրատարակել է մոտ 100 հոդված, համագործակցելով օտարերկրյա գիտնականների հետ, ստացել 6 համատեղ արտոնագրեր, ինչպես նաև երկարատև գիտական ուղևորությունների է մեկնել ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Մեծ Բրիտանիա, Չեխիա և Ռումինիա, բազմիցս մասնակցել է գիտաժողովների (ներառյալ հրավիրված զեկուցումներով):

 

 ԵՊՀ պատվավոր վարիչի գլխավորած ամբիոնում և կենտրոնում իրականացվել են գիտական ծրագրեր ավելի քան 20 արտասահմանյան դրամաշնորհների շրջանակում:

 

ԵՊՀ-ում առաջարկվել են նոր սարքեր, տեխնոլոգիաներ և չափման մեթոդներ, որոնցից շատերը պաշտպանված են Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության 54 արտոնագրերով ու հեղինակային իրավունքի վկայագրերով:

 

Մի շարք արդյունքներ ներդրվել են Հայաստանում, Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում: Նշված բոլոր ոլորտներում ակադեմիկոսը հրատարակել է բազմաթիվ մենագրություններ, գրքեր, դասագրքեր, տպագրված է 10 համատեղ մենագրություններում, 30 ակնարկ հոդվածում, գիտական ամսագրերում և գիտաժողովների նյութերում (ավելի քան 550 հոդված և զեկուցում):

 

Նրա բազմաթիվ աշխատություններ բարձր գնահատականի են արժանացել աշխարհի առաջատար գիտնականների, ներառյալ Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Ն. Ն. Սեմենովի և Ժ. Ի. Ալֆերովի կողմից: Միջազգային գիտաչափական կազմակերպությունները հայտնում են նրա կատարած աշխատանքների վրա 3600 հղումների և վերջին 25 տարվա ընթացքում արտերկրում դրանց ընթերցումների 65 հազարի մասին:

 

Արդյունավետ գիտական գործունեության հետ միաժամանակ Վ. Հարությունյանը միշտ ուշադրության կենտրոնում է պահել աշխատակազմի շարունակական վերապատրաստման խնդիրները: ԵՊՀ-ում տարբեր տարիների ընթացքում նա դասախոսություններ է կարդացել կիսահաղորդիչների և կիսահաղորդչային սարքերի ֆիզիկայի, միկրո- և նանոէլեկտրոնիկայի, տվիչների ֆիզիկայի վերաբերյալ:

 

Ակադեմիկոսը գիտությունների 6 դոկտորների գիտական խորհրդատուն է և ավելի քան 30 թեկնածուական թեզերի գիտական ղեկավարը: Միայն Հայաստանում ակադեմիկոս Հարությունյանի նախաձեռնությամբ կազմակերպել են համամիութենական 6 և միջազգային 12 գիտաժողովներ: Նրա ուսանողների և գործընկերների թվում կան ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ և ՀՀ նախագահի մրցանակի 7 դափնեկիր:

 

Գիտության և կադրերի պատրաստման ոլորտում նվաճումների համար ակադեմիկոսին շնորհվել է կառավարության մրցանակ՝ «Ա. Շիրակացի» մեդալ: Պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի, Երևանի պետական և Օդեսայի համալսարանների, Ջրածնային էներգիայի միջազգային ասոցիացիայի ոսկե մեդալներով, ինչպես նաև ՌԴ ԳԱ և Մոսկվայի պետական համալսարանի մեդալներով և այլն:

 

Գիտական դպրոցի և միջազգային հարաբերությունների ձևավորման, ինչպես նաև գիտական բարձր մակարդակի և իրականացվող աշխատանքների արդիականության ապահովման համար մեծ նշանակություն ունեն Հարությունյանի անձնական հատկությունները՝  հարուստ գիտելիքները, խորաթափանցությունը, քրտնաջան աշխատանքը, նվիրվածությունը, անսպառ էներգիան աշխատանքի մեջ, սկզբունքայնությունը, պատասխանատվությունը՝ զուգորդված բարի կամքի հետ:

 

Շնորհավորելով Վլադիմիր Հարությունյանին ծննդյան 80-ամյակի առթիվ ՝ մաղթում ենք նրան քաջառողջություն, երջանկություն, նոր հաջողություններ աշխատանքում՝ ի շահ Հայաստանում գիտության և բարձրագույն կրթության զարգացման:

 

Այլ նորություններ
ՍԼՈՎԱԿԻԱ. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Սլովակիան Կենտրոնական Եվրոպայում գտնվող, լեռներով պատված փոքր երկիր է:
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի հայտարարությունը՝ կապված Հանրային հեռուստաընկերության 2020 թ. սեպտեմբերի 10-ի եթերում հնչած տեղեկատվության հետ: