15.11.2019 | 
Մշակույթ
ԱՄՓՈՓՎԵՑ «ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՆԴԻ ՁԱՅՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԸ
ԱՄՓՈՓՎԵՑ «ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՆԴԻ ՁԱՅՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին նվիրված «Անկախության սերնդի ձայնը» խորագրով մրցույթ-փառատոնի մրցանակաբաշխությունը:

 

Հիշեցնենք, որ 2019 թվականի հունիսի 10-ից 14-ը ԵՊՀ մշակույթի կենտրոնում անցկացվող «Անկախության սերնդի ձայնը» խորագրով մրցույթ-փառատոնին մասնակցել է ՀՀ 13  բուհի 150 մասնակից:

 Մասնակիցներն իրենց ստեղծագործությունները ներկայացրել են երկու ուղղություններով՝ ստեղծագործական, որը ներառել է կոմպոզիտորական, գրական, կերպարվեստի, լուսանկարչության և կիրառական արվեստի մրցույթներ, և կատարողական, որն էլ ներառել  է երգի, ասմունքի, թատերական, պարային և գործիքային մրցույթներ:

Մասնակիցներից 75-ը հավաստագրեր են ստացել մրցույթ-փառատոնի տարբեր անվանակարգերում, 27 հաղթողները ստացել են մրցանակներ՝ առաջին, երկրորդ, երրորդ տեղերը զբաղեցնելու համար, 7 մասնակիցներ ստացել են խրախուսական մրցանակներ, իսկ 3-ը՝ հատուկ մրցանակ:

Բացման հանդիսավոր արարողությունը մեկնարկեց ԵՊՀ հիմներգով, իսկ գեղարվեստական մասն ապահովեց ԵՊՀ մշակույթի կենտրոնի նվագախումբը:

 

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը, ՀՀ վաստակավոր նկարիչ Աննա Հարությունյանը, մշակութային գործիչներ, երաժիշտներ և արվեստասերներ:

Ներկաներին ողջունեց և մրցույթ-փառատոնի կարևորության մասին խոսեց ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը. «Այս մրցույթ-փառատոնը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի և Արցախի բուհերը հանդես են գալիս միասնական ու համախմբված մեկ նպատակի շուրջ. այն է՝ խորացնել ու զարգացնել մշակութային համագործակցությունը»:



Վերջինս մրցանակաբաշխության ընթացքում առաջին հորիզոնականը զբաղեցրած ուսանողներին պարգևատրեց ԵՊՀ հիմնադրման 100-ամյակի առթիվ թողարկված արծաթե հուշադրամներով:

Մրցանակաբաշխության ընթացքում հաղթող ճանաչված և հավաստագրերի արժանացած մասնակիցները հանդես եկան մշակութային կատարումներով:



Մեզ հետ զրույցում ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը նշեց, որ նախատեսվում է «Անկախության սերնդի ձայնը» երիտասարդ ստեղծագործողների մրցույթ-փառատոնն ավելի ընդգրկուն դարձնել:



«Մեր նպատակն է ընդլայնել այս միջոցառման ձևաչափը՝ ընդգրկելով նաև օտարերկրյա  ուսանողներին»,- նշեց Կ. Դավթյանը:

 

 

 

 

Այլ նորություններ
ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՎՏԱՆԳՆ ԱՐՑԱԽՈՒՄ․ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ԿՈՉՈՎ
2022 թ․ հուլիսի 15-19-ը ԵՊՀ-ում և Հայ Առաքելական եկեղեցու Վայոց ձորի թեմում տեղի է ունեցել «Արցախի մշակութային ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողով, որի ընթացքում ավելի քան երեսուն օտարերկրյա և հայ գիտնականներ ու փորձագետներ քննարկել են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում մշակութային արժեքների ստեղծման, պատմական զարգացման և ներկայիս վտանգվածության խնդիրները։
«ԻՆՁ ՀԱՄԱՐ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է, ՈՐ «YSU ԲԵՆԴ»-Ը ՕՐԻՆԱԿ ԼԻՆԻ ՄՅՈՒՍ ԲՈՒՀԵՐԻ ՀԱՄԱՐ». ՍԱՐԳԻՍ ԲԱԺԲԵՈՒԿ-ՄԵԼԻՔՅԱՆ
Աշխարհահռչակ օպերային երգիչ Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում գործող «YSU band»-ի գեղարվեստական ղեկավարն է: Սարգիսի հետ զրուցել ենք «YSU band»-ի ձևավորման, առաջիկա պլանների և այլ հարցերի շուրջ: