30.01.2008 | 
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ-ՀԱՅԱՍՏԱՆ. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ-ՀԱՅԱՍՏԱՆ. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
Եվրոպական իրավունքի եւ ինտեգրման կենտրոնը նոր ռազմավարություն է մշակել Եվրոպական Միության /ԵՄ/ վերաբերյալ իրազեկման աստիճանը բարձրացնելու համար:
Հունվարի 30-ին ԵՊՀ Եվրոպական իրավունքի եւ ինտեգրման կենտրոնը կլոր սեղան էր հրավիրել` քննարկելու «Տեղեկատվության տարածման ռազմավարությունը Եվրոպական Միության վերաբերյալ հանրային իրազեկման բարելավման համար» նոր ռազմավարությունը: Կենտրոնի փորձագետներն այն մշակել են` հիմնվելով Եվրոպային ոչ անմիջական հարեւան, սակայն համագործակցության ամուր կապեր ունեցող երկրների փորձի վրա: «Ներկայումս խիստ անհրաժեշտություն կա մեր հասարակության մեջ Եվրոպական միության վերաբերյալ իրազեկման մակարդակը բարձրացնել, եւ ընդհանրապես, ստույգ եւ լիարժեք տեղեկատվություն տարածել Եվրոպայի մասին: Դա է մեր կենտրոնի հիմնական նպատակը, եւ այս ռազմավարությունը խնդրի լուծմանն ուղղված մեր առաջին քայլն է: Մենք ամեն հնարավոր միջոցներով փոխելու ենք եվրոպական արժեքների վերաբերյալ բոլոր սխալ պատկերացումները, որպեսզի վերացնենք մեր հասարակության մեջ արդեն իսկ ձեւավորված բացասական կարծիքները ԵՄ մասին»,- ասում է ԵՊՀ Եվրոպական իրավունքի եւ ինտեգրման կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը: Տեղեկատվության տարածման ռազմավարության նպատակն է ապահովվել Հայաստանի քաղաքացիների համար համապարփակ եւ խորը գիտելիքներ Եվրամիության, ինչպես նաեւ ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ: Նպատակի ճիշտ իրականացման համար, ըստ ռազմավարական նոր ծրագրի, ընտրված է չորս թիրախային խումբ` հանրային ոլորտի ներկայացուցիչներ, գործարարություն եւ հասարակական կազմակերպություններ, գիտություն եւ երիտասարդություն, խոցելի բնակչություն եւ այլն: Խմբերից յուրաքանչյուրի համար կենտրոնը յուրովի մոտեցում է նախատեսում: Ռազմավարական ծրագրի մանրամասների ներկայացումից հետո բավականին բուռն քննարկում ծավալվեց մասնակիցների միջեւ, որոնք կարծիքներ փոխանակեցին ԵՄ-Հայաստան հարաբերությունների, Եվրոպային ինտեգրվելու եւ, առհասարակ, Եվրոպայի մասին տեղեկատվության տրամադրման մակարդակի ներկա վիճակի, առկա հիմնախնդիրների եւ այլ հարցերի շուրջ: Միջոցառմանը մասնակցում էին լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հրավիրվածների ցանկում ընդգրկված էին նաեւ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների ներկայացուցիչներ, որոնցից ոչ մեկը, սակայն, ներկա չէր քննարկմանը: