14.09.2006 | 
Հասարակություն
ԿԱՐՈ ՀՈՎԱՍԱՓՅԱՆԸ ԿԴԱՍՎԻ ԱՇԽԱՐՀԻ 10 ԼԱՎԱԳՈՒՅՆ ԼԵՌՆԱԳՆԱՑՆԵՐԻ ՇԱՐՔԻՆ
ԿԱՐՈ ՀՈՎԱՍԱՓՅԱՆԸ ԿԴԱՍՎԻ ԱՇԽԱՐՀԻ 10 ԼԱՎԱԳՈՒՅՆ ԼԵՌՆԱԳՆԱՑՆԵՐԻ ՇԱՐՔԻՆ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ սեպտեմբերի 14-ին ամերիկահայ լեռնագնաց Կարո Հովասափյանը հանդիպեց Երեւանի պետական համալսարանի ուսանողների հետ:

Հյուսիսային եւ հարավային բեւեռները հաղթահարած Հովասափյանն իր կատարած բոլոր արշավներից առանձնացնում է մի քանի օր առաջ բիբլիական լեռան գագաթ բարձրանալը: «Սեպտեմբերի 6-ին իրականացավ իմ նվիրական երազանքը. Արարատի կատարին ծածանեցինք մեր եռագույնը»,- ասում է հայազգի լեռնագնացը:

Մասիսի գագաթը հաղթահարած հայն ուսանողներին պատգամեց. «Լինենք միասնական, խաղաղասեր ու հաշտարար»: Ուսանողի այն հարցին` իրականություն է, թե առասպել Նոյյան տապանը, նա պատասխանեց, որ իրենց խմբի ղեկավար Շատաեւը արդեն 7-րդ տարին է, որ պեղումներ է կատարում լեռան գագաթին, սակայն որեւէ փաստացի ապացույց չի հայտնաբերել:

Հովասափյանը տեղեկացրեց, որ վերջին անգամ Հայաստանում եղել է 1988 թ-ի Սպիտակի երկրաշարժի ժամանակ եւ մասնակցել փրկարարական աշխատանքներին:

«2005թ.-ի մայիսի 6-ին ես կանգնեցի երկրագնդի ամենաբարձր գագաթին` Էվերեստին»,- ասում է ամերիկահայ լեռնագնացը, ով նախատեսում է դեկտեմբերին հաղթահարել Անտարկտիդայի ամենաբարձր` Ուինսեթ Մեսսիվ լեռնագագաթը: Դրանից հետո Կարո Հովասափյանը կդասվի աշխարհի 10 լավագույն լեռնագնացների շարքին:

Այլ նորություններ
ԵՐԲ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՃԱՄՓՈՐԴԵԼՆ Է. ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՌԱՋԱՐԿ Է ԱՐԵԼ
Երևանի պետական համալսարանի և «Fly one Armenia» («Ֆլայ ուան Արմենիա») ավիաընկերության միջև հաստատված համագործակցության շրջանակում տեղի ունեցավ հանդիպում երկու կառույցների ներկայացուցիչների, ինչպես նաև ԵՊՀ ուսանողների միջև։
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԲԻՈՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողների համար կազմակերպել էր տեղեկատվական հանդիպում՝ «Բիոտեխ ծրագրային ապահովման ճարտարագիտությունը թվային ճշգրիտ բժշկության մեջ» խորագրով: