27.10.2017 | 
Հասարակություն
ՀՀ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՌԵՅՏԻՆԳԱՎՈՐՈՒՄԸ՝ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
ՀՀ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՌԵՅՏԻՆԳԱՎՈՐՈՒՄԸ՝ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողների կողմից աշխարհի համեմատական բիզնես իրավունքի շրջանակներում կատարվել է ՀՀ իրավական համակարգի ռեյտինգավորումը՝ մի շարք հարցերի ուղղություններով:

2013 թ.-ից բրիտանական իրավաբանական խոշորագույն կազմակերպության՝ «Allen and Overy»-ի կողմից նախաձեռնվել է «Աշխարհի համալսարանների համեմատական իրավունք» (World Universities Comparative Law Project) ծրագիրը: Ծրագրի նպատակը տարբեր երկրներում ամենաբարձր վարկանիշ ունեցող բուհի բարձր կուրսի ուսանողների կողմից կոնկրետ երկրի իրավական համակարգի ռեյտինգավորումն է:

 

Ծրագրին մասնակցել են աշխարհի տարբեր երկրների՝ Օքսֆորդի, Ստոկհոլմի, Հելսինկիի, Փարիզի, Կոպենհագենի, Տոկիոյի, Եգիպտոսի, Չինաստանի, Պորտուգալիայի, Վենեսուելլայի, Թուրքիայի, Աֆրիկական պետությունների և մի շարք այլ համալսարաններ:

 

Դեռևս 2016 թ.-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոսների կողմից նախաձեռնվել է «World Universities Comparative Law Project» ծրագիրը՝ նպատակ ունենալով ֆակուլտետի ուսանողների ներգրավմամբ կազմել անգլալեզու զեկույց՝ ֆինանսական, կորպորատիվ, սնանկության, գործարար և հողային իրավունքի, շրջակա միջավայրի պաշտպանության և  մի շարք այլ հարցերի կարգավորումների վերաբերյալ:

 

Իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողներ Լուիզա Մելիքսեթյանի, Տիգրան Դադունցի, Արփինե Առաքելյանի, բակալավրի ուսանողներ Ռուզաննա Խուդավերդյանի, Հարություն Հովհաննիսյանի և ասպիրանտ Լիլիթ Պետրոսյանի կողմից աշխարհի համեմատական բիզնես իրավունքի շրջանակներում կատարվել է ՀՀ իրավական համակարգի ռեյտինգավորում՝ վերոնշյալ հարցերի ուղղությամբ: Ուսանողները, ՀՀ իրավական համակարգի վերաբերյալ հարցերին ի պատասխան, կազմել են զեկույց՝ հստակ ներկայացնելով կոնկրետ ոլորտներում օրենսդրական կարգավորումները և դատական պրակտիկան:

 

Ծրագրի շրջանակներում ՀՀ-ում ֆինանսական, կորպորատիվ, սնանկության, գործարար և հողային իրավունքի, շրջակա միջավայրի պաշտպանության և  մի շարք այլ հարցերով գործող կարգավորումների և դատական պրակտիկայի վերաբերյալ կազմվել է անգլալեզու և հանրամատչելի զեկույց: Ծրագիրը նախաձեռնել, կազմակերպել և ուսանողների հետազոտական աշխատանքին աջակցել են Քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավ. գիտ. դոցենտ, պրոֆեսոր Վահրամ Ավետիսյանը, իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ Դավիթ Սերոբյանը, իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ Գրիգոր Բեքմեզյանը և իրավ. գիտ. թեկնածու, ասիստենտ Լիպարիտ Դրմեյանը:

 

ԵՊՀ-ն ծրագրի միջոցով համագործակցության հետագա կապեր կարող է հաստատել տարբեր համալսարանների հետ (Օքսֆորդի, Ստոկհոլմի, Տոկիոյի, Հելսինկիի, Պեկինի և այլն):

 

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ զեկույցը 2017 թվականին հրատարակվել է «Allen and Overy» բրիտանական ընկերության կողմից: Ծրագրին մասնակցած ուսանողներին ուղարկվել են հավաստագրեր:

Այլ նորություններ
ԲԱՔՎԻՑ՝ ԱՄՆ. ՄԻ ԿՅԱՆՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Այսօր ԵՊՀ-ում համալսարանականները հանդիպեցին ամերիկահայ գրող, դասախոս, իրավ. գիտ. թեկնածու, հասարակական գործիչ Աննա Աստվածատուրյան Թերքոթի հետ:
ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍԸ
Համալսարանականների հյուրն էր Մոսկվայում Իսպանիայի Թագավորության գլխավոր հյուպատոս Իստիար Տաբոադան: