03.12.2008 | 
Հասարակություն
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ` ԸՆԴԴԵՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՎԱՆԴԱԼԻԶՄԻ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ` ԸՆԴԴԵՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՎԱՆԴԱԼԻԶՄԻ
Մոտ 2000 ուսանող երթի էր ելել` դատապարտելու Վրաստանում հայկական եկեղեցիների հանդեպ թույլ տրվող անօրինությունները:

Սույն թվականի նոյեմբերի 16-ին Թբիլիսիի «Սուրբ Նորաշեն» եկեղեցու տարածքում տեղի ունեցավ հերթական միջադեպը, որի կազմակերպիչը Վրաց Ուղղափառ Եկեղեցու հոգեւորական Տարիել Սակինչելաշվիլին էր: Նրա անմիջական ղեկավարությամբ պղծվել են տաճարի տարածքում գտնվող երկու հայերի` Միքայել եւ Լիդիա Թամամշյանների շիրմաքարերը` պատճառ բերելով տարածքի բարեկարգման աշխատանքները: Այս հոգեւորականի կողմից գերեզմանների պղծման դեպքեր մի քանի տարի առաջ եւս եղել են:

ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց հավաքված ուսանողները շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ` միանալով Հայաստանի պետական եւ ոչ պետական մյուս բուհերի ուսանողներին: «Մի´ խաթարեք հայ–վրացական հարաբերությունները», «Ամո´թ վրացական կառավարությանը», «Ո՛չ մշակութային ցեղասպանությանը» և այլ կարգախոսներով «զինված»` երթի մասնակիցները նախ հավաքվեցին ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի առջեւ: Նրանք ընթերցեցին նախապես պատրաստված բաց նամակը:

«Մենք՝ Հայաստանի ուսանողական եւ երիտասարդական կազմակերպություններս, պահանջում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ից վճռական միջոցներ ձեռնարկել` Վրաստանի տարածքում գտնվող հայկական եկեղեցիների նկատմամբ կատարվող ոտնձգությունները կանխելու համար: Պատմամշակութային եւ հատկապես կրոնական նշանակության կառույցների եւ գերեզմանների նկատմամբ 21-րդ դարում կատարվող նմանօրինակ գործունեությունը կարող է տեղավորվել միմիայն «մշակութային ցեղասպանություն» հասկացության շրջանակներում»,- ասված էր նամակում:

Բոլոր բուհերի ուսանողական խորհուրդների նախագահների ստորագրությամբ ամրագրված նամակի մի օրինակ տրվեց ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցչին: Այնուհետեւ երթի ելած ուսանողները շարժվեցին դեպի Վրաստանի դեսպանատուն: Հայաստանում Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռեւազ Գաչեչիլաձեն ընդունեց Երեւանի պետական համալսարանի ՈՒԽ նախագահ Ցոլակ Ակոպյանին, Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի ՈՒԽ նախագահ Նարեկ Մանթաշյանին եւ Հայաստանի ուսանողական ասոցիացիայի նախագահ Էդգար Հովհաննիսյանին: 

Ուսանողական լիդերների հետ զրույցի ընթացքում Վրաստանի դեսպանը նշեց, որ թեեւ Վրաստանի իշխանություններն անմիջական կապ չունեն վրացական կաթոլիկ եկեղեցու հետ, բայց ինքը հայտարարության տեքստը կփոխանցի վրաց իշխանություններին: «Հույս ունեմ` Վրաստանի իշխանությունները կկարողանան հարցին օբյեկտիվ լուծում տալ եւ վերջ դնել մեր երկրում մշակութային կոթողների պղծմանը: Ի դեպ, այսօր երեկոյան այդ հարցը կքննարկվի Վրաստանի կառավարությունում»,- ասաց դեսպան Գաչեչիլաձեն:

Այլ նորություններ
ԵՊՀ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՎԱՐԻՉ, ՊՐՈՖԵՍՈՐ Գ. ՂԱՐԻԲՅԱՆԸ ՆՇՈՒՄ Է ԾՆՆԴՅԱՆ 90-ԱՄՅԱԿԸ
Մայիսի 25-ին լրանում է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի տնտեսագիտության տեսության ամբիոնի պատվավոր վարիչ, պրոֆեսոր Գ. Ղարիբյանի ծննդյան 90-ամյա հոբելյանը:
«ԼՌՈՒԹՅՈՒՆՆ ԻՄԱՍՏՈՒՆ ՄԱՐԴԿԱՆՑ ԲՆՈՐՈՇՈՂ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է». ՎԱԶՐԻԿ ԲԱԶԻԼ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի ուսանողների և PR դպրոցի համար այսօր ‹‹Լռությունը՝ PR գործիք›› խորագրով առցանց դասախոսություն վարեց հաղորդակցության հայտնի մասնագետ, բազմաթիվ գրքերի հեղինակ, հրապարակախոս, PR խորհրդատու և ճառագիր (Speechwriter), գերմանահայ Վազրիկ Բազիլը։