30.11.2015 | 
Ուսանողական
ՄՐՑԱՇԱՐԸ ՆՎԻՐՎԱԾ ԷՐ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ
ՄՐՑԱՇԱՐԸ ՆՎԻՐՎԱԾ ԷՐ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ
Նոյեմբերի 27-ին ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի ֆակուլտետային մրցաշար:

Այն կազմակերպել էին Ռուս բանասիրության ֆակուլտետը և ԵՊՀ ռուսական կենտրոնը: Մրցաշարի հիմնական նպատակը ուսանողներին համախմբելն է:

 

Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկանի տեղակալ Դիանա Գազարովայի խոսքով՝ նմանօրինակ մրցույթներ նախաձեռնում են ամեն կիսամյակ, և ուսանողների թիվը տարեցտարի ավելանում է: Այս անգամ մրցում էին տարբեր կուրսերի ուսանողներից կազմված 7 թիմ՝ «Էնդորֆին», «Յունոմի», «Էրոն», «Վագանտներ», «Գրասհոպերս, «Պարադոքս», «Մոյրի»:

 

Նշենք, որ մրցաշարը նվիրված էր Ուսանողության միջազգային օրվան: Խաղի ընթացքում հնչած հարցերը հիմնականում այդ թեմային էին առնչվում: Դրանք սովորաբար կազմում է Հայաստանի գիտակների ասոցիացիայի անդամ Ռոբերտ Սանթրոսյանը, այնուհետև քննարկվում ու մշակվում են մրցաշարի կազմակերպիչների հետ:

 

Ժյուրիի անդամներն էին Եվա Մախմուրյանը, Միքայել Ղազարյանը և Դիանա Գազարովան: Խաղը վարեց Ռոբերտ Սանթրոսյանը: Նախքան սկսելը նա նշեց, որ կարևոր չէ, թե ինչքան հարցի կպատասխանես, այլ խաղալիս ինչպիսի հաճույք կստանաս. «Խաղն իսկապես վարակիչ է, շատ էմոցիաներ է հաղորդում (և որ ամենակարևորն է՝ մեծ մասամբ դրական), և այստեղ չկան պարտվողներ: Յուրաքանչյուրը, ով սկսել է խաղալ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղը, հաղթող է միայն նրա համար, որ մարտահրավեր է նետել առաջին հերթին ինքն իրեն, և ամեն նոր հարցով, ինչպես Տոլստոյն է ասել, նա միայն իր գիտելիքների փոսն է ընդլայնում: Ինչքան շատ է վերցնում, այն այնքան մեծանում է»:

 

Խաղի ընթացքը բավականին հետաքրքիր ու լարված էր: Մասնակիցները ոգևորությամբ պատասխանում էին հարցերին ու մեծ բավականություն ստանում: Այդ ջերմ մթնոլորտում էլ ուսանողուհիներից մեկի կողմից հնչեց երաժշտական կատարում, որին միացավ նաև վարող Ռոբերտ Սանթրոսյանը:  

 

Խաղի ավարտին «Էնդորֆին», «Գրասհոպերս» և «Մոյրի» թիմերը գրանցեցին հավասար արդյունքներ՝ 9-ական միավոր: Նրանց տրվեցին լրացուցիչ հարցեր՝ պարզելու 3-րդ տեղը  գրաված թիմին: Ճիշտ պատասխանեցին «Գրասհոպերս» թիմի անդամները: 2-րդ հորիզոնականում «Յունոմի»-ն էր, իսկ խաղի հաղթող ճանաչվեց միայն տղաներից կազմված «Վագանտներ» թիմը: Մասնակիցները ստացան հավաստագրեր, իսկ հաղթող թիմը՝ գավաթ ու գրքեր:

 

Մասնակիցները տպավորված էին: Հաղթող թիմի անդամ, 4-րդ կուրսի ուսանող Կարպիս Անումյանն արդեն երրորդ անգամ էր մասնակցում խաղին: Նա նշեց, որ այս անգամ ևս կային դժվար հարցեր, բայց ընդհանուր առմամբ դրանք մատչելի էին: Կազմակերպիչները նույնպես գոհ էին խաղից, չնայած նշեցին, որ ուսանողները աճելու տեղ դեռ ունեն, և հավաստիացրին, որ նմանօրինակ միջոցառումները շարունակական բնույթ կկրեն:

Այլ նորություններ
ԱՐՑԱԽԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ. ՊԱՏՄԱԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
ԵՊՀ իրավագիտության և պատմության ֆակուլտետների ուսանողական գիտական ընկերությունների համատեղ նախաձեռնությամբ դեկտեմբերի 4-ին տեղի է ունեցել պանելային քննարկում՝ «Արցախի միջազգային ճանաչումը. պատմաիրավական ակնարկ» խորագրով:
ԵՊՀ ՈՒԳԸ-Ն ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և ՀՀ կառավարության կողմից արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշում կայացնելու առաջին իսկ օրերից ԵՊՀ ՈՒԳԸ-ն շարունակում է իրականացնել իր աշխատանքները: Մեզ հետ զրույցում ՈՒԳԸ նախագահ Մերի Փանոսյանը պատմել է, թե ինչ մեթոդներ և միջոցներ են կիրառել՝ այս ընթացքում արդյունավետ միջոցառումներ կազմակերպելու համար: