11.05.2015 | 
Ուսանողական
ԵՐԲ ՊԱՐՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ
ԵՐԲ ՊԱՐՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ «Պարող համալսարանական-2015» մրցույթի եզրափակիչ փուլը:

ԵՊՀ ուսանողական խորհրդի մշակույթի հանձնաժողովի նախաձեռնությամբ իրականացվող «Պարող համալսարանական» մրցույթն անցկացվում է առաջին անգամ: Նպատակն է բացահայտել շնորհալի այն ուսանողներին, ովքեր իրենց տաղանդը դրսևորում են պարի ասպարեզում:

 

Միջոցառումն ազդարարվեց Ֆրիդրիխ Նիցշեի խոսքերով. «Նրանք, ովքեր պարում էին, խելագար էին թվում նրանց աչքերում, ովքեր չէին լսում երաժշտությունը»: Ուրախ տրամադրությունն առկա էր, մնում էր միայն գնահատել մասնակիցների պատրաստվածությունն ու աջակցել նրանց՝ լավագույնս հանդես գալու համար: Պարող համալսարանականներին այդ հարցում կարող էր օգնել հենց հանդիսատեսը: Թերևս այդպես էլ եղավ, քանի որ դահլիճի ակտիվությունը պարզապես եռում էր:

 

Մշակութային այս նախաձեռնությանը որպես ժյուրիի անդամներ միացել էին Պարարվեստի համաշխարհային խորհրդի անդամ, «UNO danse» պարային խորհրդի ղեկավար, պրոֆեսիոնալ պարող, պարուսույց Հարութ Ցոլակյանը, «Պարահանդես» և «Պարի՛ր, թե կարող ես» նախագծերի մասնակից, պրոֆեսիոնալ պարող, պարուսույց Մագդա Արսենյանն ու ԵՊՀ ՈՒԽ նախագահ Ռաֆֆի Քարամյանը: Ժյուրիի անդամները մասնակիցներին գնահատեցին 10 բալանոց համակարգով: Հանդիսատեսը նույնպես հնարավորություն ստացավ քվեարկելու մասնակիցների օգտին. նրանք համապատասխան թղթերի վրա գրեցին իրենց նախընտրած մասնակիցների անունները: Այդ թղթերը օգնելու են պարզել «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողին:

 

Մայր բուհի հազարավոր ուսանողներից ընդամենը 20-ն էին ցանկություն հայտնել մասնակցելու մրցույթին, սակայն նրանցից միայն 5-ն էր հնարավորություն ստացել մրցելու երկրորդ փուլում: Նրանց համարձակությունը դրսևորվեց նաև պարահարթակում: Մասնակիցները հանդես եկան 2-ական պարերով. մեկը պարեցին իրենց նախընտրած երաժշտության ներքո, մյուսը` ստիպված եղան ընտրելու թուղթն ու գրված երգի ներքո պարել: Շատերը հաղթահարեցին դժվարությունը, իսկ մյուսներին էլ օգնեց իմպրովիզը:

 

Ժյուրիի անդամներն էլ հասցրին նկատել մասնակիցների ժպիտը, պարային շարժումների թափթփվածությունն ու մի պահ բողոքեցին նաև զգեստի ընտրությունից ու բեմադրության պակասից: Անկախ առկա թերություններից՝ ժյուրիի անդամները հորդորեցին սիրով պարել, քանի որ պարը կյանք է ու ադրենալին ստանալու հիանալի միջոց:

 

Պարուսույց Մագդա Արսենյանը նկատում է, որ ուսանողներն ապրում են ակտիվ մշակութային կյանքով, ինչը ոչ միայն ողջունելի է, այլև կարևոր. «Թեև պարահարթակում մասնակիցների բացթողումները շատ էին, այդուհանդերձ գնահատում եմ նրանց մասնակցելու ցանկությունը: Մի քանի պարերի դեպքում նկատեցի՝ կար երաժշտության սխալ ընտրություն, որի պատճառով պարը կոպիտ էր ստացվում: Չեմ ժխտի՝ լավ մտահղացումներ նույնպես կային: Խնդիրն էր, որ դրանք ուղեկցվում էին շարժումների ոչ ճիշտ հաջորդականությամբ»:

 

Տեղեկացնենք, որ հաղթողների անունները պարզ կդառնան մայիսի 18-ին կայանալիք «Ուսանող-2015» մրցույթի ժամանակ:

Այլ նորություններ
ԵՊՀ. ԳՈՀԱՐԻ ԿԱՄՈՒՐՋԸ ԴԵՊԻ «ԷՐԱԶՄՈՒՍ»
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի մագիստրանտ Գոհար Առաքելյանն այժմ սովորում է Ռումինիայի Բրաշով քաղաքի Տրանսիլվանիայի համալսարանում: Նրա կարծիքով, սննդի անվտանգությունը Հայաստանի բնակչության անվտանգության ապահովման գերխնդիրներից է։
«ԵՊՀ-ՈՒՄ Է ԳՈՐԾՈՒՄ ԻՐԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴՊՐՈՑՆԵՐԻՑ ՄԵԿԸ». ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՇՈՒՇԱՆ ԱԶԱՏՅԱՆ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության բաժնի շրջանավարտ Շուշան Ազատյանը վերջերս ավարտել է Թեհրանի Շահիդ Բեհեշթի համալսարանի ասպիրանտուրան (PhD)՝ ստանալով լեզվաբանության դոկտորի աստիճան: Նա վստահեցնում է, որ իրանագիտության լավագույն դպրոցներից մեկը գործում է ԵՊՀ-ում, և հենց ԵՊՀ-ն է նպաստել իր կրթության շարունակականությանը: Մայր բուհի շրջանավարտի հետ զրուցել ենք Թեհրանում ունեցած իր փորձառության և հետագա անելիքների մասին: